«Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան

«Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Aravot.am: Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հորդորեց Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել հստակ եւ քննադատական գնահատական էրդողանական՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հերթական ավանտյուրայի կապակցությամբ. «Թուրքիայի նախագահ Էրդողանը մի նոր ավանտյուրա է ձեռնարկել, ըստ որի՝ սուրբ Սոֆիայի տաճարը, որը Ստամբուլի ճարտարապետական գոհարներից է համարվում ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է, տաճար, որ երկար տարիներ եղել է ամենախոշոր քրիստոնեական կառույցը, 20-րդ դարի սկզբին այն վերածվեց թուրքական աշխարհիկ իշխանությունների կողմից թանգարանի, Էրդողանը հիմա ուզում է բացել այնտեղ մզկիթ: Սուրբ Սոֆիայի տաճարը համամարդկային քրիստոնեական արժեքների գոհարներից մեկն է, այն պահպանելու հարցում քրիստոնեական առաջին պետությունը՝ ի դեմս Հայաստանի, որը կարեւորություն է տալիս մշակութային երկխոսությանը, ժառանգության պահպանությանը, պարզապես պարտավոր է արձագանքել: Ես ակնկալում եմ արտգործնախարարությունից հստակ տեսակետ այս հարցի կապակցությամբ»:

Աշոտանն ասաց, որ Սուրբ Սոֆիայի տաճարն ունի նաեւ հայկական մշակութային հետք, 10-րդ դարի վերջում կործանարար երկրաշարժից հետո տաճարի գմբեթը փլվել է: Այդ ժամանակ բուզանդական կայսրերը հրավիրել են հայ անվանի ճարտարապետ Տրդատին, որը նաեւ Անիի մայր տաճարի ճարտարապետն է եղել, որ վերականգնի գմբեթը: Գմբեթը, որն այսօր հասել է մեզ, Տրդատի ջանքերով է եղել: Հայի ձեռքն այդ հոյակերտ տաճարում կա: Այսինքն՝ սա նաեւ հայկական մշակութային հետք ունի:

Ըստ Աշոտյանի, հայ ժողովուրդը չի կարող լռել՝ տեսնելով, թե ինչ է պատրաստվում անել Էրդողանը քրիստոնեական եւ մուսուլմանական կրոնների երկխոսության, համերաշխության սիմվոլ դարձած սուրբ Սոֆիայի տաճարի հետ: Թուրքական այս զավթողական պրովոկացիոն քաղաքականությանը մենք ծանոթ ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում