Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն

Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը ներկայացվել է Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» վիպակի հայերեն թարգմանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունից։

Վիրտուալ այս շնորհանդեսում տեղ են գտել թե՛ թարգմանությունների այս ծրագրի, թե՛ Կորտասարի սույն ստեղծագործության մասին մտորումներ ու մեկնաբանություններ, որը ներկայացնում է Հնդկաստանում գտնվող Ջանտար-Մանտար աստղադիտարանի մասին պատմող լուսանկարչական էսսե:

Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը նեշել է, որ «Programa Sur» ծրագիրը մեկնարկել է Արգենտինայի կառավարության կողմից արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության խթանման համար, նրանց օտար լեզուներով հրատարակելու և արտերկրում մեր պատկերացումները, գաղափարներն ու արժեքները տարածելու նպատակով»՝ հավելելով, որ այս ծրագիրը դարձել է ամերիկյան մայրցամաքի թարգմանչական դրամաշնորհային ամենածավալուն ծրագիրը` ներառելով տարեկան միջինը 135 գիրք:

Չիլինգիրեանը շնորհակալություն է հայտնել գրքի հայերեն թարգմանությունն իրականություն դարձնողներին՝ հատկապես գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանին ու «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթևոսյանին:

Գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանն էլ իր հերթին նշել է. «Վիպակն անդրադառնում է օձաձկներին, աստղերին, սուլթան Ջայ Սինգհին, բայց այն իհարկե մտածող մարդու մասին է։ Այն մարդու, որն ուսումնասիրելով օձաձկների կյանքի ցիկլը, մտորելով աստղագիտության ու փիլիսոփայության հարցերի շուրջ՝ երբեմն մոռանում է այդ ամենը միավորողի՝ ընդհանուր պատկերի մասին»:

Մինչ օրս Programa Sur-ը տրամադրել է 1472 դրամաշնորհ 46 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնց հրատարակումը ներառում է հինգ մայրցամաքների 51 երկիր և որի համար հատկացվել է ավելի քան 4.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ավելի քան 420 արգենտինացի հեղինակների ստեղծագործությունների թարգմանության համար:
2010 թվականից ի վեր Հայաստանում թարգմանվել է 14 ստեղծագործություն, որոնց շարքում են այնպիսի հայտնի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Անա Մարիա Շուան, Ռոբերտո Արլտը, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Խուլիո Կորտասարը և այլոք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում