«Փրկությունն սկսվում է հնազանդությունից»

«Փրկությունն սկսվում է հնազանդությունից»

Արդյո՞ք մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարող է հասնել լիարժեք ազատության: Ըստ հայրաբանության՝ լիարժեք ազատության հնարավոր է հասնել Երկնային Արքայությունում: Ազատությունը մարդուն տրվում է այն չափով, որքանով նա մերձ է Աստծուն: Երկրի վրա մարդն ազատություն է ձեռք բերում՝ կատարելության ձգտելով: Ազատության ձեռքբերման ճանապարհին կարևոր նշանակություն ունի հնազանդության առաքինությունը: Հնազանդությունն ամեն մի խոսքի անառարկելի կատարումը չէ: Հնազանդությունը նախ և առաջ ուշադրությամբ լսելու կարողություն է: Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հաճախ հնազանդությունը նույնացնում է սեփական ազատության ճնշման հետ՝ սխալմամբ ենթադրելով, որ նա, ով հնազանդվում է, անկախ չէ, իսկ նա, ով չի հնազանդվում, տիրում է, այնինչ իրականում այլ է պատկերը: Հնազանդությունը սիրո և ազատության փոխներթափանցված ուսուցում է, քանի որ հենց ազատության և սիրո մեջ է հնազանդությունը կատարելագործվում: «Որպեսզի չընդդիմանաս և չհոգնես հնազանդությունից ու զգաս այդ առաքինության ահրաժեշտությունը, պետք է հասկանաս այդ առաքինության իմաստը և միայն այդ դեպքում հնազանդությունը քեզ կազատագրի, քանի որ հնազանդությունը ստրկություն չէ, այլ՝ ազատություն»,- ասել է Պաիսիոս Աթոսացին:

Բոլորն էլ ձգտում են հանգստության և ուրախության, բայց քչերը գիտեն, թե ինչպես դրանց հասնել: Հնազանդ անձը գիտի, որ Աստված է ղեկավարում երկինքն ու երկիրը, իր կյանքը, այդ պատճառով միշտ հանգիստ է ու խաղաղ: Հնազանդ անձն Աստծո կամքին է հանձնվում, ինչը նրան շնորհում է ազատություն և խաղաղություն Աստծով, իսկ հպարտ անձն իրեն թույլ չի տալիս աստվածային օրհնությամբ ապրել, քանի որ անհնազանդ հոգի ունի: Երբ հիվանդը բժշկի է գնում, բժիշկն ուշադիր զննում է նրան և ապա բուժում նշանակում: Հիվանդն այս դեպքում հնազանդվում է բժշկին՝ նրա նշանակած բուժումը կատարելով: Նույն է պարագան, երբ մարդը գնում է եկեղեցի՝ խոստովանության, հոգևորականը, ուշադիր լսելով նրան, որոշում է հոգևոր խնդիրները և առաջարկում հոգևոր դեղատոմսեր՝ խրատներ: Այս պարագայում խոստովանողը, իր խնդիրները հաղթահարելու համար, հնազանդություն է ցուցաբերում, բայց ոչ պարտադրաբար, այլ իր ազատ որոշմամբ: Տերն ասում է՝ ով լսելու ականջ ունի, թող լսի (Մատթ. 11:15): Մարդը, հոգևորականին դիմելով, Աստծո խոսքն է լսում, որի նպատակը մարդկության փրկությունն է: Եկեղեցու հայրերից մեկն ասել է, որ նա, ով ջանում է Աստծո կամքով ապրել, Տերը լուսավորում է նրան և Իր կամքը հայտնում:

Ինչո՞ւ էին եկեղեցու հայրերը հնազանդությունն առավել համարում, քան պահքն ու աղոթքը. քանի որ առանց հնազանդությաн արված բարի գործերը փառասիրություն են ծնում, իսկ հնազանդն ամեն ինչ անում է՝ ասվածի համաձայն և հպարտանալու որևէ առիթ չունի: Եթե անկյալ հրեշտակները հնազանդ գտնվեին, ապա երկնքում կմնային և Աստծո փառքը կերգեին: Եթե Ադամը հնազանդ լիներ Աստծուն, ապա նա և իր սերունդը դրախտում կապրեին: Արարիչն Աստված Իր արարածներին տվել է ապաշխարությամբ և հնազանդությամբ դրախտին արժանանալու հնարավորությունը: Մարդն իր անկեղծ սերն է արտահայտում Աստծո հանդեպ, երբ ինքնակամ հնազանդվում է աստվածային պատվիրաններին: Աստծո խոսքին հանազանդվելը կյանք է պարգևում, իսկ անհնազանդությունը՝ մահ: Մի օր երանելի Հովհաննեսը եկավ իր ուսուցչի մոտ, որը, նրան տեսնելով, մի չոր ճյուղ վերցրեց, տնկեց հողի մեջ և ասաց՝ ահա քեզ հնազանդություն, ամեն օր ջրիր այս ճյուղը, այնքան ժամանակ, մինչև որ այն պտուղ տա: Հովհաննեսը կատարեց իր ուսուցչի կամքը և երկու տարի ջրեց չոր ճյուղը: Երրորդ տարվա մեջ այն կենդանացավ և պտուղ տվեց: Եվ հայրը քաղեց պտուղը, եկեղեցի բերեց և ասաց՝ եկեք և կերեք հնազանդության պտուղը: Հնազանդության առաքինությունն ունենալու համար հարկավոր է ջանք թափել և այն ձեռք բերողն սկսում է աստվածահաճո կյանքով ապրել, քանի որ ընդօրինակում է Քրիստոսին, Ով մարդկության համար հանդիսացավ հնազանդության կերպար: Հնազանդությունը նախ և առաջ ներքին հոգևոր աշխատանք է՝ հոգևոր աշխատանք՝ աղոթքի մեջ հարատևելու և ներքին խոնարհություն ձեռք բերելու: Զուր չէ, որ եկեղեցու հայրերն ասում են, որ փրկությունն սկսվում է հնազանդությունից, ինչը մարդու համար պետք է լինի առաջին ձեռքբերումը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում