Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաշխառուների մասին

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաշխառուների մասին

Երեկ, տասնչորսերորդ Սաղմոսի մասին մինչև ուշ ժամը խոսելով, ուժասպառ եղանք, սակայն այժմ ձեզնից, որ բարեմտության պարտապաններն եք, պետք է պահանջեմ ձեր պարտքը, այն է՝ կիսատ թողնվածի լրացումը: Դուք պետք է միայն շարունակեք մի փոքր էլ ինձ լսել, որպեսզի եթե ձեզնից շատերը մոռացած էլ լինեն իմ նախկին խոսքերը, այժմ ինձ լսելու շնորհիվ չլինի այնպես, որ Սաղմոսից որևէ խոսք առանց ուսուցանվելու թողնվի:

Այս փոքր խոսքը մեծ զորություն ունի կյանքի համար, ուստի անհրաժեշտ է զանց չառնել այն քննության ենթարկելը: Մարգարեն, խոսելով առաքինության գործերի շնորհիվ հավիտենական կյանքին արժանանալու մասին, առաքինություններ ունենալու քաջագործություն է համարում մանավանդ նաև սեփական արծաթը վաշխով չտալը (հմմտ. Սղմ. ԺԴ 5):

Սուրբ Գրքի շատ տեղերում է պախարակվում այս մեղքը: Եզեկիել մարգարեն մեծամեծ չարիք է համարում տոկոսով տալն ու ավելիով վերցնելը (հմմտ. Եզկ. ԻԲ 12): Նաև Օրենքն է հայտնապես հրաժարեցնում այդ ախտից՝ պատվիրելով. «Քո եղբորը վաշխով արծաթ չտաս» (հմմտ. Բ Օրն. ԻԳ 19): Դարձյալ Երեմիան էլ ասում է՝ «չեն դադարել կուտակելուց նենգություն՝ նենգության, վաշխ՝ վաշխի վրա» (հմմտ. Երմ. Թ 6): Իսկ ի՞նչ է ասում Սաղմոսը չարիքի բազմությունից հղփացած քաղաքի մասին. «Վաշխառությունն ու նենգությունը չվերացան նրա հրապարակներից» (Սղմ. ԾԴ 12):

Եվ այժմ էլ ինքը՝ նույն մարգարեն, մարդկային առաքինությունները թվարկելիս նաև այս է շեշտում՝ ասելով, որ առաքինի մարդը «սեփական արծաթը տոկոսով չի տա» (հմմտ. Սղմ. ԺԴ 5), քանի որ, արդարև, անմարդկային երևույթ է, երբ մեկը իրեն անհրաժեշտ մի բանի կարիք ունենալով՝ ժամանակավորապես իրեն որևէ բան փոխ տալ է խնդրում իր կյանքը բարելավելու համար, սակայն մյուսը, առանց մտածելու՝ իմանալով հանդերձ իրեն դիմող աղքատի թշվառության աստիճանի մասին, կամենում է իր շահը ավելացնել դիմացինի «միջոցով»:

Արդ, Ինքը՝ Տերը, մեզ հայտնապես պատվիրեց՝ ասելով. «ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մտթ. Ե 42): Բայց ահա արծաթասերը, տեսնելով կարիքի մեջ կռացած մեկին իր մոտ գալիս, մեղավորաբար հրաժարվում է ողորմել նրան: Սակայն ինչպե՞ս կարելի է մերժել քեզ ծնկաչոք աղաչողին, ինչպե՞ս կարելի է նրան «նվաստացած» թողնել, ինչպե՞ս կարելի է չխոսել նրա հետ, չողորմել ու չմտածել նրա՝ քո իսկ բնությունն ունենալու՝ քեզ պես մարդ լինելու մասին, ինչպե՞ս կարելի է արհամարհել նրան, ականջ չխոնարհել նրա խնդրանքի առաջ ու չօգնել նրան:

Այդպիսին ո՛չ դիմացինի պաղատանքներից է «խղճահարվում», ո՛չ արտասուքներից՝ «ազդվում», այլ երդումներով ու ինքն իրեն նզովելով՝ այնպես է ուրանում, որ ինքն ինչ-որ բան ունի, որ քիչ է մնում ես ևս տարակուսեմ այդ հարցում: Սակայն երբ գտնում է մեկին, ով կամենում է փոխ առնել իրենից, իր սուտ երդումներով համոզում է նրան այդ հարցում՝ հետագայում աղքատից անմարդկայնորեն ավելին պահանջելով, քան իր տվածն էր։

Եվ այդպիսով, երբ իրենից փոխառությամբ ինչ-որ բան խնդրողին վերջինիս ցանկացածը վաշխով տալու հնարավորություն է տեսնում, ամբողջովին կերպարանափոխվում է, դեպքին ժպիտ է «նկարում» և չգիտես որտեղից իր մարդկային բնությանը բնորոշ մի սիրալիրություն է դրսևորում ու իրեն դիմողին հանկարծ այնպիսի «ընդունելության» է արժանացնում, որ ասես, ինչպես հենց ինքն է ասում, բարեկամին տեսած լինի, ու այդժամ միայն սկսում է խոսել իր՝ ինչ-որ տեղ պահած արծաթի մասին:

Ու այնուհետև էլ սկսում է խոսել դիմացինին ավանդ տալու միջոցով «օգնելու» իր պատրաստակամության մասին՝ ասելով. «Ուրիշները սաստիկ մեծ վաշխով են փոխ տալիս, սակայն քանի որ դու իմ սիրելին ես, բացառված է, որ քեզ մեծ վաշխով փոխ տամ, այլ հնարավորինս ավելի «հարմար» պայմաններով քեզ կօգնեմ»: Այսպես ձևացնելով՝ իր նմանատիպ խոսքերով խաբում է թշվառականին՝ գրով նրա համաձայնությունն ստանալով առ այն, որ թեպետ ինքը վտանգավոր աղքատության շեմին է՝ պայմանավորվածությունը խախտելու դեպքում սեփական ազատությամբ է պարտավորվում «վճարել»:

Այս հարկադրանքով է միայն, որ անհուսալի վիճակում գտնվող աղքատը վերցնում է իրեն փոխ տրված գումարը և հեռանում, սակայն նա, ով նրան տոկոսի տակ է դնում, այդպիսով պարտական է դարձնում ու «կապում» իրեն, ու եթե հանկարծ էլ ի վիճակի չի լինում հետ վճարելու փոխ տրված գումարը՝ տոկոսներով հանդերձ, ստիպված է լինում «վճարել»՝ իր ողջ կյանքը իբրև ծառայություն մատուցելով:

Սակայն, ասա՛ ինձ, օգուտ ես ուզում ստանալ աղքատ կարիքավորի՞ց: Բայց չէ՞ որ եթե նա քեզնից ավելի հարստություն ունենար, չէր դիմի քո դուռը, այնպես չէ՞: Ու փաստորեն, այնպես է ստացվում, որ այդ աղքատն իր աղքատության դեմ մարտնչելու համար ընկեր փնտրելով՝ մեկ այլ պատերազմի մեջ է ներքաշվում, և ապաքինող դեղ փնտրելով՝ մահացու թո՛ւյն է գտնում:

Մինչդեռ հարկավոր էր մխիթարել աղքատության մեջ գտնվող մարդուն, դու դեռ մի բան էլ բազմապատկում ես նրա կարիքները՝ ասես պտուղ փնտրելով անապատում: Դա նույնն է, թե բժիշկը, հիվանդի մոտ մտնելով, նրա առողջության մասին հոգ տանելու ու նրան կազդուրվելու միջոց տալու փոխարեն՝ մի դեղ է տալիս, որն առավել վատթարացնում է այդ թշվառ ու խեղճ հիվանդի վիճակը:

Եվ այնպես, ինչպես որ հողագործները անձրևի են փափագում, որպեսզի իրենց ցանած սերմերը բարեհաջող պտուղ տան, նույնպես և դու աղքատություն ու կարիքավորություն ես ցանկանում ուրիշներին, որպեսզի այդ ամենի հետևանքով քո հարստությունը շատանա: Մի՞թե չես գիտակցում, սակայն, որ մթերքների առատության հետ նաև առատ մեղք ես ամբարում, երբ քո հարստությունն ավելացնում ես ստացածդ տոկոսների հաշվին:

Նաև չէ՞ որ չպետք է մոռացության մատնել այն հանգամանքը, որ անելանելիության մեջ գտնվող կարիքավորը՝ հայացք գցելով ներկա պահին աղքատության մեջ եղող իր վիճակին, առանց «տեսնելու» ստացածը հետ վճարելու անհրաժեշտությունը, վերահասու վտանգի պայմաններում համարձակորեն դիմում է տոկոսով փոխառության միջոցին: Ու երբ իրադարձությունների բերումով պարտքի բեռի տակ է մնում, դու առանց խղճի խայթ զգալու՝ «գրոհում» ես այդ թշվառի վրա՝ նրա ստորագրած պարտավորագիրն ու երաշխավորությունը ձեռքումդ ամուր սեղմած:

Իսկ ահա կարիքավորը, վերցնելով իրեն փոխ տրվածը, ուրախանում, զվարճանում է, ինչպես մեկը, ով հրճվում է օտար ծաղկով: Նա փոխում է իր կենցաղը, քանի որ նրա սեղանը «հղփանում» է կերակուրներով, նա իրեն բազմապատիկ պատմուճաններ է կարել տալիս, ծառաներ է վարձում, որո՛նք անգամ զվարթ կենցաղով են ապրում: Ու այդպիսով նախկին «կարիքավորը» փոխ առած գումարը շռայլելով՝ փաղաքշանքների է մատնում սեփական անձը՝ դեռ մի բան էլ իր զվարճանքներին մասնակից դարձնելով ուրիշներին, որոնք բյուրավոր իշամեղուների նման լցվում են նրա տուն:

Սակայն երբ նրա «ունեցվածքը» սպառվում է ու վրա է հասնում վաշխը հետ վերադարձնելու ժամանակը, էլ ո՛չ գիշերն է նրան հանգիստ բերում, ո՛չ ցերեկը՝ զվարճություն: Մինչև անգամ արեգակը նրան այլևս վայելուչ չի թվում, առավել դժվարանում է նրա կյանքը, նա սկսում է ատել օրերը, որոնք անցնելով՝ նրան մոտեցնում են գումարը հետ վերադարձնելու պահին, ու սկսում է վախենալ ամիսներից, որոնք ավելացնում են վճարելիք տոկոսները:

Ու թեպետ քնած էլ է լինում՝ երազում տեսնում է իր փոխատուին ու չար անուրջները չեն հեռանում նրա գլխից: Եվ թեպետ արթուն էլ է լինում, նրա միակ մտածումն ու հոգսը վաշխն է: «Վաշխ տվողն ու փոխապարտը,- ասում է Սուրբ Գիրքը,- հասնելու են նույն տեղը, և երկուսին էլ առերեսելու է Տերը» (հմմտ. Առակ. ԻԹ 13), քանի որ մեկը ինչպես շուն՝ ընթանում է որսի հետևից, իսկ մյուսն էլ, իբրև պատրաստի որս, խուսափում է հանդիպումից, որովհետև աղքատությունը նրանից խլած է լինում ամեն համարձակություն:

Նրանք երկուսն էլ «հաշվարկի» մեջ են. մեկը խնդությամբ իր տոկոսներն է հաշվում, մյուսը՝ հառաչանքով «չափում» է իր ավելացող թշվառության մեծությունը: «Քո ջուրը խմի՛ր քո ամանից» (Առակ. Ե 15). ա՛յս է քեզ ժառանգված պատվիրանը: Շո՛ւրջդ նայիր ու զգո՛ւյշ եղիր, որ օտար աղբյուրների հետևից չգնաս, այլ քո սեփական «բերքի՛ց» քո կյանքի համար ապրուստ քաղիր: Պղինձ, հանդերձներ, լծկան կենդանիներ, տարատեսակ անոթներ ունե՞ս, դրանցի՛ց հրաժարվիր, սակայն ո՛չ ազատությունիցդ: Ասում ես, թե վախենում ես ամենքի աչքին տեսանելի քո այդ «անպատվաբեր» վաճառքի՞ց: Սակայն մի՞թե մի փոքր հետո ավելի վատ չի լինի, երբ պարտատերդ ի լուր ամենքի կհայտարարի, որ դու պարտք ես իրեն, սակայն վճարելու՝ անկարող, մինչդեռ կարող էիր քո ունեցվածքը վաճառելով՝ այնուհետ կրկին հետ գնել այն փոխատուից:

Ուրիշի դռները մի՛ ընկիր, քանի որ, արդարև, «օտար բանը նեղ ջրհոր է» (Առակ. ԻԳ 27): Ավելի լավ է քո քիչ ունեցածով կարիքներդ բավարարես, քան միանգամից «տիրանաս» ուրիշի տվածին ու այնուհետ էլ միանգամից ամբողջովին զրկվես քո ողջ ունեցվածքից: Քանի որ եթե կարծում ես, թե երբ ժամանակը գա, կկարողանաս հատուցել քո պարտքը, ապա ուրեմն ինչո՞ւ քո այդ միջոցներով ինքդ քեզ քո մոտալուտ սնանկությունից չես ապահովագրում։ Իսկ եթե տարակուսում էլ ես այն հարցում, որ կարող ես վերադարձնել քեզ փոխ տրվածը, ուրեմն քո այդ քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ չարը չարով «դարմանելու» փորձ։

Մի՛ արա այնպես, որ փոխատուն «շրջափակի» քեզ, այնպես մի՛ արա, որ հետո ստիպված լինես հանդուրժել, որ նա անընդհատ պահանջատեր լինի քեզնից ու զննի քո ամեն քայլը։ Վաշխառությունը կեղծիքի սկիզբն է, շնորհազրկության, ըմբոստության, սուտ երդման պատճառը։ Այլ բան է վաշխով փոխ վերցնելը, և մեկ ուրիշ բան՝ այն հետ վերադարձնելը։ Այն, ինչ նախկինում երբեք քեզ հետ չէր պատահել, գուցե սկսի պատահել՝ գումարը հետ վճարելու վտանգի տակ լինելուդ պատճառով։ Սակայն չէ՞ որ դու քո կամքով ես գնացել այդ քայլին, բայց նաև ի՞նչ պետք է անես, եթե հանկարծ քեզ ասվի, որ քո տված ոսկին պղնձախառն էր, իսկ դահեկանն էլ՝ կտրված։

Արդ, եթե քեզ սիրելի մեկն է քո փոխատուն, որևէ բան փոխ մի վերցրու նրանից ա՛յն բանի համար, որ չտուժի ձեր մտերմությունը, իսկ եթե քեզ թշնամի մեկն է, ապա այդ քայլին մի՛ գնա, որպեսզի ինքդ քեզ քո թշնամու ձեռքը չգցես։ Տե՛ս, որ օտարի տվածով փոքր-ինչ պաճուճվելուց հետո սեփական ունեցածիցդ էլ չզրկվես։ Ասա՛ ինքդ քեզ. «Այժմ ես աղքատ եմ, բայց նաև՝ ազատ»։ Փոխ առնելով՝ չես հարստանալու, և դեռ ազատությունիցդ էլ զրկվելու ես։ Վաշխով գումար վերցնողը իր փոխատուի ծառան է, իսկ վարձաբեր ծառան, որ պարտավոր է իր պարտքը փոխհատուցել, հավիտյան կապված է մնում փոխատուին։

Շները՝ կերակուր ստանալով, ընտելանում են, մինչդեռ վաշխառուն՝ իր վաշխն առնելով, առավել է զայրանում, քանի որ չի բավականանում իր ստացածով, այլ միշտ ավելին է ուզում։ Եթե երդվես էլ, որ գումար չունես, որպեսզի տաս իրեն, նա չի հավատա, այլ դեռ ի՛նքը երդվելով՝ շարունակ կպահանջի, կխառնվի քո առ ու ծախին, կքննի քո ելն ու մուտը։ Հենց տանից դուրս ելնես, դռանդ մոտից քեզ իր կողմը կքաշի ու հաշիվ կպահանջի։ Եթե տանդ ներսում թաքնվես, նա կսպասի քո տան շեմին, տանդ դուռը բախելով՝ թշնամաբար կխոսի կնոջդ հետ, ամոթահար կանի քեզ սիրելիներիդ մոտ, հրապարակներում կբռնի քո օձիքից ու մի օր էլ, որևէ մի տոնակատարության ժամանակ, չար պատահականությամբ քեզ հանդիպելով՝ կյանքիցդ էլ կզրկի քեզ։

«Մեծ կարիքի մեջ եմ,- կասես,- և որևէ միջոց էլ չունեմ կարիքներս բավարարելու համար»։ Սակայն ի՞նչ օգուտ քեզ ժամանակավոր «առատությունից», երբ դարձյալ քեզ վրա պիտի հասնի աղքատությունը՝ արագընթաց սուրհանդակի նման (հմմտ. Առակ. ԻԴ 34), ու քո նույն կարիքները՝ և դեռ ավելիով, քո առաջ պիտի հայտնվեն։ Քանի որ փոխ տրվածը վճարելն ամենևին դյուրին չէ, իսկ հապաղումն էլ զանազան տարակուսանքներ է առաջացնում։

Ուստի լավ է այսօր չարչարվել աղքատության դժվարությունների տակ ու չմտածել վաղվա օրվա համար կուտակելու մասին, քանի որ փոխ չվերցնելով, միևնույն է, և՛ այսօր, և՛ առաջիկայում աղքատ պիտի լինես, մինչդեռ փոխ առնելով՝ առավել դժնդակ վիճակում կհայտնվես վճարելիք վաշխի պատճառով՝ առավել երկարացնելով աղքատությունդ։ Եվ այժմ էլ ոչ ոք չի բամբասի քո աղքատանալու մասին, քանի որ քո կամքից անկախ է այդ չար բանը քեզ պատահել, բայց եթե տոկոսներ վճարելուն պարտական դարձնես ինքդ քեզ, ոչ ոք չի լինի, որ չի բամբասի քո անխոհեմության մասին։

Ուրեմն, ակամա վրա հասնող չարիքին մենք մեր անմտությամբ ինքնահորդոր կերպով այլ չարիք չավելացնե՛նք։ Մանկամտություն է սեփական ունեցածով բավարարվելու փոխարեն դեպի հայտնի վնասներն անհայտ հույսով ընթանալը ու հանդգնելը՝ անելու անբացատրելին։ Կրկի՛ն խորհիր. որտեղի՞ց ես այժմ հայթայթում քո ունեցվածքը։ Եվ եթե այժմվա ունեցածդ բավական չէ պետքերդ ու կարիքներդ ապահովելու համար, իսկ երբ դեռ վաշխն էլ կուտակես քեզ վրա, որտեղի՞ց պիտի այդքան բազմապատկես ունեցվածքդ, որ այն և՛ քո ու մտերիմներիդ կարիքները բավարարի, և՛ դեռ մի բան էլ տոկոսները վճարելուդ բավականացնի։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի փոխհատուցես վերցրածդ։

Ինչի՞ վրա ենք դնում մեր հույսը, երբ այդ քայլին ենք գնում։ Արդյոք ձկների նման, որ կերակրից հետո կարթն են կլանում, մենք ևս նույնը չե՞նք անում՝ ունեցվածքի հետ նաև տոկոսները «կուլ տալով»։ Մի՞թե ամոթ է երբևէ աղքատանալը։ Ապա ինչո՞ւ ենք մեր աղքատության վրա նաև թշնամանք ավելացնում։ Ոչ ոք չի կարող վերքը վերքով դարմանել և ոչ էլ՝ չարը չարով բժշկել, ու այդկերպ էլ նաև՝ աղքատությունը հնարավոր չէ վաշխ վերցնելով՝ վերացնել։

Հարո՞ւստ ես, վաշխով գումար փոխ մի՛ տուր, աղքա՞տ ես, փոխ մի՛ վերցրու, քանի որ եթե ունևոր ես, փոխ տալու պետք չունես, իսկ եթե աղքատ ես ու ոչինչ չունես, փոխ վերցրածդ չես կարող հետ վճարել։ Քո կյանքը մի՛ մատնիր անխոհեմությանը, որպեսզի չլինի թե հետո զղջաս ու երանի տաս նախքան կուտակված տոկոսներ ունեցածդ օրերին։ Միայն նրանով են աղքատները զանազանվում հարուստներից, որ անհոգս են ու կենսախինդ, քանի որ թե՛ քնած ժամանակ, թե՛ արթուն պահին նրանց հոգիները խաղաղ են ու աներկյուղ։ Իսկ այն աղքատը, որն իրեն պարտքերի ենթակա է դարձնում, և՛ շարունակում է աղքատ մնալ, և՛ դառնում է բազմահոգ. անքուն՝ թե՛ գիշերն ու թե՛ ցերեկը, մտախոհ՝ իր ողջ կյանքի ընթացքում։ Այդպիսին մե՛կ իր գույքն է վաճառել կամենում, մե՛կ խորհում է բազում տների, հարուստների անդաստանների, նրանց հանդերձանքների ու տան կահ-կարասիների մասին՝ ասելով, որ «եթե այդ ամենն իմը լիներ, այսքանով կվաճառեի, այսքան գումար կունենայի ու կվճարեի կուտակված վաշխերս»։

Նմանատիպ մտքերն են, որ և՛ գիշերն են նրա սրտում հանգրվանում, և՛ ցերեկը՝ նրա միտքը տանջում։ Եվ եթե հանկարծ մեկն էլ դուռը թակում է, պարտապանը վախից վայր է ընկնում իր մահճից։ Երբ մեկն արագընթաց ներս է մտնում, նրա սիրտը ճաքում է։ Երբ անգամ շունն է հաչում, վախից քրտինքը հոսում է այդպիսի մարդու վրայից և երկյուղն է պատում նրան ու փնտրում է, թե ու՛ր փախչի։ Իսկ երբ մոտենում է պարտքը վճարելու ժամանակը, նա տառապում է՝ մտածելով, թե ինչ պատճառաբանություն պիտի բերի՝ վերցրածը փոխհատուցելու նպատակով վաշխառուից ևս որոշ ժամանակ խնդրելու համար։

Մտքումդ միայն վերցնելդ մի՛ ունեցիր, այլև մտաբերի՛ր քեզնից պահանջվելը։ Ինչո՞ւ ես ինքդ քեզ բազմաբեղուն գազանի լծի տակ դնում։ Նապաստակներին է բնորոշ կարճ ժամանակամիջոցում և՛ ծնվելը, և՛ մեծանալը, և՛ հղանալը. այսկերպ է նաև վաշխակերների ունեցվածքը, որը ծնվում ու շուտով աճում է։ Եվ հազիվ նոր փոխ առած գումարդ ձեռքդ վերցրած՝ վրա է հասնում մոտակա ամիսը և այն վերադարձնելու ժամանակը։ Եվ այդժամ վաշխառուն դարձյալ չար կերակրով է կերակրում քեզ՝ ամսեամիս ավելացնելով վաշխը և այդպիսով քեզ անբավ տոկոսների մեջ գցելով։ Ուստի և ագահության այս տեսակն այս անվանն է արժանացել, քանի որ, որքան գիտեմ, չարի բազմածնությունն է տոկոս անվանվում։ Արդարև, ի՞նչ է այդ, եթե ոչ՝ տրտմության ու նզովքի երկունք՝ պարտապանների համար։ Քանի որ, իսկապես, ինչպիսին ծնողի համար երկունքն է, նույնպիսին նաև պարտապանի համար վաշխառուի հետ հանդիպումն է։

Եվ այդկերպ վաշխին վաշխ է ավելանում, ինչպես որ չար մարդուց՝ չար սերունդ է ծնվում։ Նաև՝ տոկոսների «ծնունդը» քարբ օձի ծնունդին է նման, քանի որ քարբը, ասում են, իր մոր որովայնն ուտելով է ծնվում։ Այսկերպ նաև՝ վաշխը պարտապանի տունը «ուտելով» է ծնվում։ Սերմերի աճելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, պետք է ժամանակ անցնի նաև, որպեսզի կենդանիները հասունանան, մինչդեռ տոկոսները, այսօր ծնվելով, այս նույն օրն իսկ աճել են սկսում։ Կենդանիները, եթե ժամանակից շուտ են ծնվում, սատկում են վաղ ծնվելու պատճառով, մինչդեռ կարիքավորի փոխ առած ունեցվածքի հավելավճարները, սկզբում թեպետ չնչին ու «մեռած» են թվում, սակայն այնուհետ մեծ արագությամբ սկսում են աճել։

Յուրաքանչյուր մեկի աճը կանգ է առնում, երբ նա հասնում է իր չափահասությանը, մինչդեռ ագահների արծաթը անդադար աճում է։ Կենդանիները, իրենց սերունդը թողնելով, դադարում են հղանալուց, մինչդեռ վաշխառուների արծաթը անդադար «ծնում է», անգամ երբ արդեն «ծեր» է լինում։ Ուստի և զգո՛ւյշ եղիր, որ դու էլ հանկարծ այդ անընտել գազանի ճանկը չընկնես։

Ազատորեն տեսնում ես արեգակը. էլ ինչո՞ւ ես, ուրեմն, չարանում քո ապրած կյանքի վրա՝ վաշխով փոխ առնելու անմտությանը դիմելով։ Որևէ բռնցքամարտիկ իր հետ մարտնչողի հարվածներից այնպես խույս չի տալիս, ինչպես որ պարտապանն է խուսափում իր վաշխառուի հետ հանդիպումից՝ սյուների ու պատերի հետևում թաքնվելով։

Կասես՝ «իսկ ինչպե՞ս կերակուր հայթայթեմ»։ Ձեռքեր ունես, որևէ արհեստի էլ տիրապետում ես։ Եթե ոչ՝ գնա՛ ու վարձով սպասավո՛ր եղիր. կենցաղային սպասավորության բազում ու զանազան տեսակներ կան, զբաղվի՛ր որևէ մեկով։ Իսկ եթե այդ էլ չես կարող, քանի որ այս կամ այն տկարությունն ունես, մուրա՛ հարուստներից։ Բայց եթե կարծում ես, որ ամոթ է մուրալը, ուրեմն իմացի՛ր, որ մուրալուց առավել վատթարագույն է փոխ առնելն ու այնուհետ՝ ամեն ինչից զրկվելը։

Այս ամենը բնավ հրամայելով չեմ ասում, այլ միայն ցանկանում եմ քեզ ցույց տալ, թե որքան անտանելի է վաշխով գումար վերցնելը։ Եթե մրջյունը կարողանում է ո՛չ մուրալով և ո՛չ էլ «վարձով» ուտելիք առնելով՝ կերակրվել, իսկ մեղուներն էլ իրենց աշխատասիրության պտուղները մինչև իսկ թագավորների համար կերակուր են դարձնում՝ այն դեպքում, որ ո՛չ մրջյուններին ու ո՛չ մեղուներին բնությունը ձեռքեր ու հմտություններ չի շնորհել, ուրեմն դու, որ դյուրահնար կենդանի էակ՝ մարդ ես, մի՞թե բազմահնար միջոցներից որևէ մեկը չես կարողանում գտնել՝ քո օրվա սնունդը վաստակելու համար։

Եվ, սակայն, տեսնում ենք նաև, որ մարդիկ անհրաժեշտ կարիքից դրդված չէ, որ գնում են՝ փոխ առնելու (ինչը պարզ երևում է նրանց տեսքից), այլ փոխ են առնում իրենց փափկասիրությունը բավարարելու, կամ էլ, մանավանդ նրանք, որ իրենց կանանց ցանկությունների ծառան են այդ բազմապիսի անպտղաբեր ցանկություններն իրականացնելու համար։ «Ինձ,- ասում է,- պետք են տարատեսակ պատմուճաններ ու ոսկեղեն, մանուկներիս զգեստները զարդարելու համար՝ թանկարժեք զարդեր, նաև՝ ծաղկանկար ու զանազան այլ տեսակի հագուստներ՝ ծառաներիս համար, սեղանի լիություն» և այլն։ Նա, ով իր կնոջ գործակցությամբ այս ամենին է հետամուտ, երբ գնում է մեծահարուստի մոտ՝ նրանից վաշխով գումար վերցնելու, նախ նրան այնպես է ներկայանում, ասես իր նոր տերը լինի, սակայն այնուհետ էլ ամեն չարառիթ, պատահական հանդիպումից փախչում է՝ իր «տիրոջից» հանդիմանության արժանանալու մտահոգության պատճառով։

Եվ ինչպես որ, օրինակ, ջրգողությամբ տառապողները մարմնով գեր են երևում, սույնպես նաև նման պարտապանն է «ճոխության» մեջ ապրող երևում՝ իրականում, սակայն, մեկից նենգությամբ փոխ վերցնելով՝ մյուսից վերցրածը հետ վճարելու համար, և այս երկրորդին էլ հավատարմության երդում տալով ու այդպիսով՝ իրեն ամբողջովին չարի գերին դարձնելով։ Եվ ինչպես մեկը, որը մաղձախառն կերակուրը՝ փսխում, ու դեռ իր փսխածը չմաքրած՝ նորից ուտել է սկսում և նորից հետ է տալիս կերածը, նույնպես և այս պարտապանները, տոկոսի վրա տոկոսներ ավելացնելով, մեկից դեռ չմաքրված՝ երկրորդ անգամ են փոխ վերցնում։ Եվ այդկերպ, մի փոքր ժամանակ միայն ուրիշի «տվածով» բարեկեցիկ ապրելով, այնուհետ ողջ ընտանիքով ողբալի կացության մեջ են ընկնում։

Քանի՜-քանիսին կորստյան մատնեց այս օտարոտի «բարիքը», հարստանալու մասին քանի՜-քանի՜ երազանքներ ջուրն ընկան, իսկ երազողներն էլ՝ միայն տույժի արժանացան։ «Շատերը, սակայն,- ասում է նա,- փոխ վերցնելով՝ այնուհետ հարստացան»։ Իսկ ես կարծում եմ, որ շատերն էլ խեղդվեցին իրենց վերցրած պարտքերի մեջ։ Դու, սակայն, հարստացածներին տեսնում ես, իսկ «խեղդվածներին» չե՞ս տեսնում, նրա՛նց, ովքեր իրենց գլխին կուտակված պարտքերի պատճառով նախընտրեցին մինչև իսկ մեռնել, քան թե իրենց կյանքն անանց թշնամանքով լցնել։ Ես անգամ մի խղճալի տեսարանի եմ ականատես եղել, երբ ազատ մանուկն իր ծնողների պարտքերի պատճառով ստրկության է վաճառվել։ Ոչինչ չունե՞ս՝ զավակներիդ թողնելու. գոնե նրանց ազատությո՛ւնը մի խլիր նրանցից։

Վաշխով գումար մի՛ վերցրու և այդկերպ պահպանած կլինես զավակներիդ՝ «ազատություն» կոչվող ունեցվածքը, ու այդ կլինի այն ավանդը, որը նրանք կստանան իրենց ծնողներից։ Ոչ ոք երբևէ իր հոր աղքատությունից չի բամբասի, այն դեպքում, երբ հորից «ժառանգած» պարտքերը որդուն մինչև իսկ բանտ կարող են նետել։ Ուստի զգուշացի՛ր, որ զավակներիդ ու թոռներիդ, իբրև ժառանգություն, պարտամուրհակ չկտակես։

Լսե՛ք, հարուստնե՛ր, թե որն է ձեզ ուղղված պատգամը աղքատների հանդեպ ձեր անմարդկային վերաբերմունքը փոխելու համար։ Ժուժկա՛լ եղեք, մանավանդ նրանց նկատմամբ, ովքեր ձեզնից վաշխով գումար վերցնելով՝ թշվառության մեջ են ընկել։ Արդ, եթե ընդունում եք Տիրոջը, ապա իմ այս խոսքերի կարիքը չկա էլ։ Իսկ ո՞րն է Տիրոջ պատգամը ձեզ. «Փոխ տվեք նրանց, որոնցից հետ առնելու հույս չունեք» (հմմտ. Ղուկ. Զ 34-35)։ Ի՞նչ ասել է՝ «նրանց, ում փոխ տալուն լծակցված չէ տրվածը հետ վերադարձնելու հույսը»։ Ճանաչի՛ր այս խոսքի զորությունը և հիացի՛ր Օրենսդրի մարդասիրությամբ։ Երբ աղքատին ինչ-որ բան ենք տալիս Տիրոջ անունով, այդ նույնն է թե Իրեն՝ Տիրոջն ենք ընծա տալիս, և այդ տվածը հետ վերցնելու հույս էլ չպիտի ունենանք, քանի որ Ինքը՝ Տերն է փոխհատուցելու մեզ մեր կողմից աղքատին տրված պարգևների փոխարեն, և եթե մենք քիչն ենք տալիս աղքատին, Աստված մեզ շատով է փոխհատուցելու, քանի որ ով ողորմում է աղքատին, փոխ է տալիս Աստծուն (հմմտ. Առակ. ԺԹ 17)։

Չե՞ս կամենում ամենքի Տիրոջը քեզ «պարտական» դարձնել։ Եվ եթե քաղաքում հարուստներից մեկն իր ընկերոջ համար երաշխավոր կանգնի քո առաջ, չե՞ս ընդունի արդյոք նրա երաշխավորությունը։ Իսկ եթե այդ ընդունում ես, ապա աղքատների համար Աստծու երաշխավորությունը ինչպե՞ս չես ընդունում։ Տու՛ր կարիքավորին մի կողմ գցած արծաթդ և մի՛ պահանջիր այն ավելիով, ու այդպես երկուսիդ համար էլ բարի կլինի։ Քեզ համար, քանի որ քո արած բարության շնորհիվ կարող ես վստահ լինել աղքատի վրա, որ նա զգուշությամբ կտնօրինի ու ապահովաբար կվերադարձնի քեզնից փոխ առածը, իսկ աղքատի համար, քանի որ նա իրեն անվաշխ փոխ տրվածով կբավարարի իր կարիքները։ Իսկ ահա ավելիով վերադարձը Տիրոջից է, որ պիտի ստանաս։ Նա՛ է, որ ավելին վերադարձնելու է քեզ աղքատի փոխարեն։ Ուստի դու ճշմարիտ Մարդասերի սիրույն համբերատա՛ր եղիր քո մարդասիրությամբ։

Եթե աղքատին փոխ տվածդ ավելիով պահանջես նրանից, այդպիսով մարդասիրություն արած չես լինի, այլ դեռ մի բան էլ թշնամություն սերմանած կլինես։ Արծաթդ հետ ժողովելով՝ միայն արտասուք կշահես, խեղդամահ արած կլինես մերկին ու քարկոծած՝ քաղցածին։ Իսկ եթե այդպես պիտի անես, ապա իմացի՛ր, որ քո այդ արածի մեջ ողորմածության, մերձավորի նկատմաբ խնամակալության նշույլ անգամ բնավ չկա։ Եվ այս ամենից հետո դեռ աղքատին փոխ տալդ մարդասիրությո՞ւն ես համարում։ Վա՜յ նրան, ով դառը քացր կհամարի (հմմտ. Ես. Ե 20) և մարդատյացությունը՝ մարդասիրություն կկոչի։ Չէ՞ որ այսպիսին էր նաև Սամսոնի հանելուկը, որը նա լուծել առաջարկեց գինարբուքի մասնակիցներին. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից՝ քաղցրություն» (հմմտ. Դատ. ԺԴ 14), իսկ մարդատյացից ինչպե՞ս կարող է մարդասիրություն բխել։ Փշերից խաղող չեն քաղի, ոչ էլ տատասկից՝ թուզ (հմմտ. Մտթ. է 16), և ոչ վաշխից՝ մարդասիրություն, քանի որ ամեն չար ծառ չար պտուղ է տալիս (հմմտ. Մտթ. է 17)։

Սարսափելի է և՛ տվածի հարյուրերոդ, և՛ տասներորդ մասը պահանջելը, քանի որ նրանց, որոնցից ամեն ամիս պահանջվում է վճարել կուտակված վաշխը, դևերը մինչև իսկ խելագարության աստիճանի են հասցնում, և երբ լուսինը լրվում է ու ամիսը՝ լրանում, այդ մասին լսելիս միայն այդ խեղճ աղքատները ցնորվում են։ Ե՛վ վաշխ տվողը, և՛ վերցնողը տուրքի են ենթակա դառնում։ Մեկը ունեցվածքով վճարելու տուգանքին է ենթակա դառնում, մյուսն իր հոգին է տուգանքի ենթարկում։ Հողագործը, հասկը քաղելով, սերմն իր արմատով թողնում է հողի մեջ, իսկ դու, արդեն իսկ պտուղ ունենալով, նաև սերմերի՛ն ես փափագում։ Ցանկանում ես առանց հողի՝ տնկել, և առանց սերմանելու՝ հնձել։ Եվ անհայտ է, թե ում համար ես այդքան ժողովում։

Այն, որ վաշխառուները արտասվեն իրենց վաշխերի պատճառով, այդ հայտնի է, մինչդեռ իրենց ստացած վաշխերը վայելելը երկբայելի է, քանի որ եթե դու քո ունեցվածքից ուրիշներին առանց վաշխի բաժին չհատկացնես, չարը ի՛նքն է քեզնից գանձելու քո ունեցվածքը։ Ուրեմն, երես մի՛ թեքիր նրանցից, ովքեր կցանկանան քեզնից որևէ բան փոխ առնել (հմմտ. Մտթ. Ե 42), քո արծաթը վաշխով մի՛ տուր, որպեսզի թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններից ամենաօգտակարը ուսանած լինելով՝ բարի հույսով դեպի Տերը ընթանաս՝ այնտեղ քո բարի գործերի «վաշխը» դնելով Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ առաջ, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում