Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ

Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ

Երբեմն սխալմամբ կարծում ենք, թե որևէ մեկին քննադատելով կհասնենք մեր ցանկալի դրական արդյունքին։ Այդ կարծիքին ենք, քանի որ շատ հաճախ հենց այդպես է ստացվում է․ երբ որևէ մեկին կատարած վատ, մեր կարծիքով սխալ գործի համար դատում ենք, նա շտկում է սխալները, և գործը դրանից դառնում է ավելի լավը։

Սակայն մի պահ մտածենք, թե ինչ է կատարվում դրանից հետո։ Նախ փնովելով մենք խարխլում ենք մարդու ներաշխարհը․ գիտենք՝ գոյություն ունի քննադատություն, որ տանում է առաջխաղացման, և գոյություն ունի փնովանք, որը մարդուն գլորում է դեպի անդունդը։ Մարդուն, եթե անգամ նա սխալվել է, պետք չէ զրկել սխալը շտկելու հնարավորությունից։ Մինչդեռ փնովելով մենք կարճամտություն ենք ցուցաբերում՝ այդ պահին թեև լավ արդյունքի հասնելով, սակայն մարդու մեջ վախեր արթնացնելով և զրկելով նրան գործելուց։

Ինքներս՝ լինելով անկատար, ինչ պաշտոնի, դիրքի, կարգավիճակի էլ որ լինենք, չպետք է հատենք այդ սահմանը և հուսահատության տանենք այլոց՝ լինեն նրանք մեր երեխաները, մեր ենթակաները, թե մեզ անծանոթներ։ Եթե դեռ կասկածներ են մնում, մեր աչքի առաջ է Տիրոջ օրինակը, ով երբեմն նաև պատժում է մեզ ծնողի պես, սակայն Նրա բոլոր քայլերը մեզ բարձրացնելու, ճիշտ ճանապարհը մատնանշելու համար են, այլ ոչ երբեք մեզ անդունդը գլորելու։

Մարդկային հարաբերություններում որպես գերագույն նպատակը սահմանենք մեր մերձավորին կարևորելը, նրա արարքները գնահատելը, իսկ սխալները մատնանշենք՝ օգնելու և շտկելու պատրաստակամությամբ։ Մարդկանց դրական արարքները նկատելն ու գովեստի խոսքեր ասելը շատ հաճախ շարժիչ ուժ են դառնում նրանց համար կրկին դրականն ու բարին գործելու։ Ինչո՞ւ անդունդը գլորողի փոխարեն չլինենք ոգևորող։ Վերջինս այս համեմատության մեջ բարդ ուղին է, սակայն խիզախենք և ընտրենք հենց այս մեկը, քանի որ Քրիստոսի, ինչպես նաև մեր՝ Նրա հետևորդ քրիստոնյաներիս ճանապարհը միշտ էլ դժվարին է եղել։ Սակայն Քրիստոսի օրինակին նայելով՝ տեսնում ենք, որ նրա նպատակները որքան էլ որ անցել են դժվար ճանապարհներով, մշտապես եղել են բարի։ Ուստի՝ չտրվենք հեշտությանը և չփնովենք այլոց, քանի որ չգիտենք դրանց հետևանքները մարդկանց ներաշխարհում, այլ օգնենք նրանց շտկել սխալները և բարձրանալ։ Գործե՛նք բարին։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում