Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող

Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն, հղում անելով իր գործընկերներին և Թուրքիայի կառավարությունում ունեցած աղբյուրներին, թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի:

«Թուրք լրագրողները կառավարությունում առկա վստահելի աղբյուրներին հղումով վստահեցնում են, որ վարչական դատարանը միաձայն որոշել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի` չեղարկելով երկրի կառավարության 1934 թվականի որոշումը»,-գրել է Սոյլուն:

Սպասվում է, որ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 10-ին: Լրագրողը հստակեցրել է, որ երկրի ընդդիմությունը չի պատրաստվում դեմ արտահայտվել այդ քայլին:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում