ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մի քանի նամակ են ուղարկել Անկարա՝ կոչ անելով չփոխել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը։ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցը խնդրում է քրիստոնեական մշակույթի հնագույն հուշարձանը չվերածել մզկիթի։ Այս մասին գրում է news.ru կայքը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ տաճարը, որպես «Ստամբուլի պատմական շրջանի» մաս, ընգրկված է համաշխարհային ժառանգության ցանկում որպես թանգարան։ Այս փաստը հանգեցնում է մի շարք իրավական պարտավորությունների: Պետությունը, որի տարածքում գտնվում է տաճարը, պետք է ապահովի օբյեկտի բացառիկ համընդհանուր արժեքի անփոփոխությունը:

Կազմակերպության անդամները Թուրքիային են դիմել մի շարք նամակներով, որոնցով մտահոգություն են հայտնում տաճարի կարգավիճակի հնարավոր փոփոխության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Անկարային այդ թեմայով երկխոսել:

Կազմակերպությունը նշում է, որ այդպիսի օբյեկտներում ցանկացած փոփոխություն կատարելու համար պետությունը նախ պետք է ծանուցում ուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին և, անհրաժեշտության դեպքում, Համաշխարհային ժառանգության կոմիտեից պահանջի անցկացնել ստուգում։

Հիշեցնենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի։

Սակայն ներկայիս Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի պարբերաբար օրակարգ են բերում տաճարը կրկին մզկիթի վերածելու հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում