Աստվածածնի օգնության մասին

Աստվածածնի օգնության մասին

– Հա՛յր, անվանակոչությանս տոնին «քաղցրավենիք» չստացա, իսկ քույրերը «հյուրասիրության» էին սպասում (1):

– Այո, ճիշտ ես, ես քեզ «քաղցրավենիք» չուղարկեցի և քույրերին հյուրասիրելու ոչինչ չունեիր, սակայն մեկ այլ նվեր եմ պատրաստել քեզ համար: Մի քանի օրից մենք ևս կնշենք մեր Մոր տոնը (2), և ես կրկին կխնդրեմ նրան, որպեսզի իր քաղցրանուշ սիրով սնի քեզ ու բազում սրբազան շնորհներ պարգևի:

– Հա՛յր, երբ ժամանակ առ ժամանակ անկում եմ ունենում, թախիծը պատում է ինձ:

– Աստվածածնին նվիրված շարականներից երգիր («Մայր և կույս», «Խնկի ծառին նման ես»…- թրգմ.): Թող դա որպես կանոն լինի քեզ համար, և Աստվածամայրը քեզ կօգնի: Աստվածածինը մեզ երբեք չի լքում, այլ իր ուսերին դրած տանում է, և կարևորն այն է, որ ինքներս դա ուզենք ու անկարգ երեխաների պես ոտքներս չթափահարենք:

– Հա՛յր, կուզեի, որ Աստվածածինն ինձ էլ գրկեր, ինչպես Քրիստոսին է գրկում:

– Մի՞թե նա քեզ երբեք իր գիրկը չի առել: Երբևէ քեզ նորածին չե՞ս զգացել նրա գրկում: Ես նրան զգում եմ կողքիս և ինձ էլ մանուկ եմ զգում: Նա իմ Մայրն է: Հաճախ մոտենում եմ նրա սրբապատկերին ու ասում. «Աստվածածի՛ն, հիմա շնորհի կաթն եմ խմելու»: Նրա մեծ սերն ու անպատմելի քնքշությունը զգալով՝ ինձ մոր գրկում անհոգ պառկած կրծքի մանուկ եմ զգում և այդկերպ շնորհով սնվում:

– Հա՛յր, Աստվածածինն ինչո՞ւ է խնդրածս երբեմն միանգամից տալիս, իսկ երբեմն ոչ:

– Երբ կարիքի մեջ ենք, Աստվածածինը միանգամից պատասխանում է մեր աղոթքին, իսկ երբ ոչ՝ թողնում է, որ կամաց-կամաց քաջություն ու տոկունություն ձեռք բերենք: Երբ ես Ֆիլոթեու մենաստանում էի ապրում (3), մի անգամ Աստվածամոր տոնի գիշերային հսկումից անմիջապես հետո ավագ վանականներից մեկն ինձ ուղարկեց Իվերոն՝ նամակ հանձնելու: Հետո պետք է մենաստանի նավամատույց գնայի՝ մի ծերի դիմավորելու և մենաստան ուղեկցելու, որը մեկուկես ժամվա ոտքի ճանապարհ էր: Այն ժամանակ Ննջման տոնի պահքը երկու մասի էի բաժանում. Պայծառակերպությունից առաջ ոչինչ չէի ուտում, Պայծառակերպությանն ուտում էի, իսկ հետո մինչ Ննջումը կրկին ոչինչ չէի ուտում: Մենաստանից դուրս եկա հսկումից անմիջապես հետո և նույնիսկ մի քանի չորահաց չվերցրի հետս: Հասա Իվերոն, նամակը տվեցի ու նավամատույց գնացի՝ նավին սպասելու: Կեսօրից հետո ժամը չորսի կողմերը պիտի ժամաներ, սակայն ուշանում էր: Հանկարձ ինձ վատ զգացի: Մի կողմում դարսված հեռագրասյուների պես սյուներ կային և դրանց նայելով՝ մտածեցի. «Գնամ այնտեղ նստեմ, որպեսզի ոչ մեկն ինձ չտեսնի ու չհարցնի, թե ինչ է ինձ հետ կատարվում»: Երբ նստեցի մտքովս անցավ Աստվածածնին աղոթել, որպեսզի նա ինչ-որ կերպ հոգ տանի իմ մասին: Բայց նույն պահին էլ մտածեցի. «Դժբախտի մեկը, և նման չնչին բաներով պիտի անհանգստացնե՞ս Աստվածածնին»: Եվ հանկարծ դիմացս կանգնած մի վանականի տեսա: Նրա ձեռքում մի կլոր հաց կար, երկու թուզ ու խաղողի մի մեծ ողկույզ: «Վերցրո՛ւ ի փառս Աստվածածնի»,- ասաց նա ու անհետացավ: Հուզմունքից այլևս չկարողացա արցունքներս զսպել՝ ուտելու մասին իսպառ մոռանալով… Այո, այո: Ահա թե ինչպիսի Մայր է: Նույնիսկ մանրուքների մասին է հոգ տանում: Հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում:

– Աստվածամոր օգնության ու պաշտպանության մասին մի քանի խոսք ասացեք մեզ, հա՛յր:

– Մի դեպք պատմեմ ձեզ, որ Ռուսաստանում է տեղի ունեցել: Ռուսաստանի մարզերից մեկում հարևանությամբ գտնվող երկու մենաստան կար, որոնք միմյանցից բաժանվում էին երկաթգծով: Տոներից մեկի ժամանակ մի մենաստանի վանականները մյուս մենաստան են գնում ու այնտեղ հարբում: Երբ հարբած վերադառնում են, պառկում են հենց ռելսերի վրա ու քնում: Այնժամ Աստվածածինը հայտնվում է կայարանի պետին ու ասում. «Գնացքը խոճկորներիս կմորթի»: «Ի՞նչ խոճկոր, ի՞նչ անհեթեթություն է»,- ասում է պետը: Աստվածածինը երկրորդ անգամ է հայտնվում նրան ու կրկնում. «Խոճկորներս գնացքի տակ կմնան»: «Ախր ի՞նչ խոճկոր»,- զարմանում է կայարանապետը: Գնում է ստուգելու և տեսնում քնած վանականներին. հասցնում է արթնացնել: Այլապես անցնող գնացքը ճզմելու էր նրանց: Տեսնո՞ւմ եք, թե Աստվածածինը՝ որպես բարի Մայր, ինչպես է հոգ տանում նույնիսկ իր անհնազանդ զավակներին:

Հնարավորինս ամո՛ւր կառչեք մեր մեծ Տիրուհու զգեստներից, որպեսզի նա օգնի ձեզ: Թող որ Աստվածածինը՝ համայն աշխարհի այդ քնքուշ ու հոգատար Մայրը, պահպանի ձեզ ու ողջ աշխարհը. ամեն:

1. Նկատի ունի շնորհավորանքներով նամակը, որը, սովորաբար, նաև հոգևոր խրատներ էր պարունակում:

2. Ծերը նկատի ունի, որ Աթոսում Աստվածածնի Ննջման տոնը հին տոմարով են նշելու:

3. 1955-1958 թթ.:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում