Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն»

Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն»

Aravot.am-ը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խնդրեց մեկնաբանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի որոշ դրույթներ:

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ի սկզբանե որոշված է եղել, որ ԿԳՄՍ նախարարության եւ եկեղեցու քննարկումները պետք է լինեն նախարարության առաջարկած օրակարգով, քանի որ հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իշխանությունն ու լիազոր մարմինն ունեն որոշակի պատկերացում Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված, եւ եկեղեցին հրավիրվել է քննարկման, նախարարի ձեւակերպմամբ՝ հենց այդ կոնցեպտի շրջանակում:

Շիրակի թեմի առաջնորդը, որ նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ ՀՀ հարաբերություններին առնչվող աշխատանքային խմբի կրթական հարցերով ենթախմբի համակարգողն է, պատասխանեց. «Այնքան ենք խոսել այդ մասին, որ արդեն լեզուներիս մազ է բուսել: Ինչքա՞ն կարող ենք ասել, որ ոչ թե իր ասած ԿՈՆՑԵՊՏԻ շրջանակներում պետք է քննարկումները կատարվեին, այլ մինչ այդ կոնցեպտը պետք է սկսեին քննարկումները, այլապես դա դառնում է մոնոլոգ:

Ի՞նչ է նշանակում, մենք այս կոնցեպտը վերցրել ենք, դուք էլ բարի եղեք քննարկեք: Անցյալ տարվա հունվար ամսին եղել է որոշում, որպեսզի ձեւավորվեն աշխատանքային խմբեր եւ քննարկեն, եւ դրա քննարկումից հետո պետք է ծնվեր իր ասած կոնցեպտը, ոչ թե պարտադրվեր, որովհետեւ մենք աշխարհիկ պետություն ենք՝ ասելով: Էդ ո՞վ չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, մենք երբեւիցե դրա դեմ արտահայտվե՞լ ենք: Կամ երբ 1991թ. Անկախությամբ որոշվեց աշխարհիկ պետություն ստեղծել, մենք դրան ընդդիմացե՞լ ենք, չէ՛, որովհետեւ աշխարհն այդ ուղղությամբ է գնում, թող գնա…

Իհարկե, լավագույն լուծումը չէ աշխարհիկ պետությունը, այնպես չի, որ գագաթն է ժողովրդավարության, բերկրություն եւ խայտանք է… Բայց այդպես է որոշված: Մենք դրա դեմ չենք խոսում… Մենք ասել եք՝ պատրաստ ենք քննարկելու հարցը, հետո մեզ ասել են՝ այս կոնցեպտի շրջանակում պետք է քննարկումը լինի: Մոնոլո՞գ է, ինչ է, էդ մոնոլոգը երբվանի՞ց է համարվում քննարկում»:

Նախարարը հարցազրույցում պատճառաբանել էր, թե ինչու է բացակայում Հանրակրթության չափորոշչից բարոյականություն բառը եւ նշել. «Եթե գրում ենք բարոյականություն բառը եւ միաժամանակ, օրինակ, նույն այդ եկեղեցու շրջանակներում կան մարդիկ, որոնք ունեն մեծ սեփականություն, որոնք «Բենթլիներով» են շրջում, որոնք լինելով կուսակրոն, կուսակրոն չեն, այսինքն լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ոչ…Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներին ու պարտականությունները, գիտի օրենք, համակեցության կանոնները եւ այս ամեն ինչը նկարագրված է Հանրակրթության պետական չափորոշչում որպես վերջնարդյունք; Եթե մեզ հաջողվում է այս վերջնարդյունքներին հասնել, ապա մենք ավելորդ ենք համարում այստեղ խոսել ոչ բարոյական հասարակության մասին…»:

Միքայել սրբազանից հետաքրքրվեցինք՝ տեղի՞ն էր այս հիմնավորումը, արդյոք մանիպուլյատիվ ոչինչ չկար այս մեկնաբանության մեջ: «Մենք խոսում ենք բարոյականության մասին, ինքը խոսում է մեր բարոյական կերպարի մասին, ոմանց բարոյական կերպարի մասին…Մենք էլ խոսենք ուսուցիչների՞ բարոյական կերպարի մասին, բոլոր ուսուցիչների ու տնօրենների բարոյական կերպարը լավագո՞ւյն է, բոլոր նախարարների բարոյական կերպարը հիասքա՞նչ է…

Դա ի՞նչ խոսակցության թեմա է: Մենք հարցադրում չենք արել, թե բարոյական հասարակություն չունենք, մենք ասել ենք՝ չափորոշչում այդ բառը չկա, դու այդ մասին խոսիր…Ի՞նչ կապ ունի մեր բարոյական կերպարը, գուցե, մենք ամենավերջին անբարոյականն ե՞նք, դրա համար էլ հասկանում ենք բարոյականության նշանակությունը, դրա համար էլ ասում ենք՝ բարոյականություն բառը չկա… Հո մենք չե՞նք ասում նախարարների մեջ անբարոյականները մեծ տոկոս են կազմում, ո՞վ է բարոյականություն սովորեցում: Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ամբողջ կյանքներս ենք կուսակրոն մնում, հիմա դուք եկել եք կուսակրոնությո՞ւն եք բացատրում…Սա քննարկում չէ»,-ասաց Միքայել սրբազանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի այն արտահայտությանը, որ հատկապես «Մի՛ ստիր» պատվիրանը լավ կսովորեցնեն Հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության միասնական առարկայի շրջանակներում՝ Միքայել սրբազանը տարակուսանք հայտնեց. «Էդ ի՞նչ ենք ստել…Մեր հանձնաժողովը հինգ հոգուց է կազմված, որից երեքս հոգեւորական ենք, որոնց անուններն ասպարեզում են եւ երկու աշխարհական, ուրեմն հինգս կոլեկտիվ ստի ու կեղծիքի մե՞ջ ենք»:

Մեր հարցին, որ նախարարն ասում է՝ պետք է լիազոր մարմնի հետ հաշվի նստել, եւ եթե եկեղեցին դեռ ցանկություն ունի քննարկելու իրենց «կանոններով», կարող է իրենց հետ քննարկել հարցը, ի վերջո ո՞րն է հանգուցալուծումը այս փակուղային իրավիճակի, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Եթե այդ ձեւով են խոսում՝ որոշել ենք եւ վերջ, լավ եք արել, որոշել եք, ուրեմն գնացեք, իրականացրեք: Քսան, երեսուն, հիսուն տարի հետո կգա մի ուրիշ իշխանություն, որը կասի այսինչ սխալ բան են արել, եւ ձեզ անարգանքի սյունին կգամի… Մենք խնդիր չունենք, ոչ վախեցած ենք, ոչ սարսափած, հանում եք՝ հանեք առարկան, բայց ուզում եք այնպես ներկայացնել, որ մեզ հետ քննարկելով եք հանում…Ոչ մեզ հետ չեք քննարկում, մեզ հետ չեք զրուցում, «մենք պատրաստ ենք քննարկման» ասելով չի, մեզ հետ հանդիպման չեք գալիս, ուրեմն ինչպե՞ս եք պատրաստ քննարկման:

Մենք մինչեւ փոխնախարարի հետ հանդիպում ենք կազմակերպել, հազար անգամ զանգել ենք, մինչեւ որ ժամադրություն ենք վերցրել, մինչեւ հիմա էլ հանձնախումբը ձեւավորված չէ, կամ ասում են՝ ձեւավորված է, անհայտ է, մեզ հայտնի չէ, թե ովքեր են այդ հանձնախմբի անդամները, որոնց հետ պետք է խոսենք: Ի՞նչ է նշանակում՝ քննարկման պատրաստ եք, ուրեմն՝ զանգեք, հրավիրեք, մեր հեռախոսահամարները չգիտե՞ք, ամբողջ մամուլը հեռախոսներս գիտի, դուք չգիտեք: Զանգեք, ասեք՝ սրբազան, խնդրեմ համեցեք այսինչ օրը, այսինչ ժամին: Եղել է նման բան, մենք ասել ենք զբաղվա՞ծ ենք: Իրենք են գերզբաղված, մենք «պարապ-սարապ մարդիկ ենք, ողջ օրը թափառում ենք՝ ոչինչ չանելով», երբ ասում են՝ գնում ենք»:

Aravot.am-ը խնդրեց պարզաբանել՝ իսկապե՞ս իրենց ուղարկվել է փաստաթղթի՝ խմբագրման ենթակա տարբերակը, սակայն եկեղեցին որեւէ առաջարկություն չի ներկայացրել, ինչպես հարցազրույցներում պնդում են ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարը: «Հունիսի 17-ին ուղարկել են, Արշակ Սրբազանն իր հարցազրույցում ճշգրիտ թվերով ասաց, հունիսի 23-ին հրապարակել են, ընդ որում ՝ 23-ին հրապարակված տեքստը եւ ուղարկված տեքստը տարընթերցումներ ունեն:

Ինչ է, ենթադրում էին, որ հունիսի 17-23-ը պիտի անդրադարձ ունենայի՞նք: Հո կատակ չէ, վերջիվերջո փաստաթուղթը պետք է ընթերցել, վերլուծել, հավաքվել, ուսումնասիրել, քննարկել, որոշում կայացնել: Եվ իրենց մոտ ժամկետ է դրված մինչեւ հուլիսի 10-ը: Այսօր եկեղեցին իր կարծիքը կասի՝ ժամկետի մեջ: Ինչի՞ց ենթադրեցին, որ չենք ասում: Մի տարի է չեն կարողանում հանձնախումբ ձեւավորել, բայց ուզում են, որ երկու օրում պատասխա՞ն տանք իրենց պարտադրած փաստաթղթին…

Կամ ինչ է նշանակում փաստաթուղթը փոստով ուղարկելը, կարծես մենք օտարերկրյա դեսպանություն ենք, մեզ հետ նամակով են հաղորդակցվում, հրավիրում են իրենց մոտ կոնցեպտը ներկայացնելու…Հայտնի նախարարն ասում է, որ հայտնի եպիսկոպոսներից մեկը (էդ հայտնին էլ ես եմ) հանդիպել է փոխնախարարի հետ՝ իր ցանկությամբ, այսինքն, ես իմ ցանկությամբ հանդիպել եմ, դա նշանակում է, որ դուք համագործակցել ե՞ք: Իմ ցանկությամբ հանդիպումը դուք ներկայացնում եք որպես ձեր համագործակցությո՞ւն…»,-ասաց սրբազանը:

Քանի որ նախարարն ասել էր, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվելու է միասնական առարկայի շրջանակում, և, ըստ էության, առարկան տարրալուծվելու է, հարցրինք՝ հնարավո՞ր է առարկայի ողջ ծավալը ներկայացնել միասնական առարկայի շրջանակում: «Այդ հայ ժողովրդի պատմությունն է տարրալուծված Հայ եկեղեցու պատմության մեջ վերջին 1700 տարում: Վերջին 1700 տարում, երբ ասում են հայ ժողովրդի պատմություն, դա հենց Հայ եկեղեցու պատմությունն է: Հո ասելով չէ, ո՞ր առարկայով պիտի մատուցես ամբողջը, միստիկա է, մենք պիտի ենթադրենք, գնանք աստղաբանների մոտ, գուշակե՞ն: Եթե հստակ է, կանչեք մեզ ասեք, որ օրինակ այս ծեսը ներկայացվելու է այսինչ առարկայի շրջանակում՝ այսքան դասաժամով, տոները ներկայացվելու են այս առարկայի մեջ՝ այսքան դասաժամով, քրիստոնեական բարոյագիտությունն այսքան դասաժամով եւ այլն… Քրիստոնեություն բառն իսկ չկա չափորոշչում, էս մարդիկ վախ ունե՞ն այդ բառի հանդեպ»,-նշեց Շիրակի թեմի առաջնորդը:

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում ֆեյսբուքում սկսել են Պապ թագավորի նկարները շրջանառվել եւ գրառումներ արվել՝ եկեղեցու դիրքորոշման դեմ նրա նկարով, Միքայել սրբազանը պատասխանեց. «Ամեն ոք կարող է որեւէ թագավորի իր կուռքը դարձնել, ոմանք Պապ թագավորին են դարձնում, Աստված իրենց հետ: Իմ կարծիքով էլ՝ Պապ թագավորը բնավ ընդօրինակման արժանի մեկը չէ: Եթե իրենք ուզում են ընդօրինակել Պապ թագավորին, թող ընդօրինակեն, դա մեր խնդիրը չէ, բայց մեր պատմագրության փոխանցված ճշմարտությամբ ես գիտեմ, որ Պապ թագավորը այն իդեալը չէ, ում կարելի է նմանվել:

Բոլոր արքաներն են ունեցել եւ դրական, եւ բացասական կողմեր, բայց իր պարագայում բացասականը գերակշռում է: Եթե իրենք բացասականը համարում են դրական, դա իրենց ընտրությունն է, բայց դա չեն կարող մեզ պարտադրել, որ գիտեք, մի հատ Պապ թագավոր պիտի լինի, որ եկեղեցին ռեաբիլիտացիայի ենթարկվի…Պապ թագավորին պատմիչները, պատմաբաններն իրենց գնահատականը վաղուց տվել են…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում