Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Aysor.am-ի զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը:

– Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետագա ճակատագիրը: Պատրա՞ստ եք իշխանության հետ խորքային քննարկումներ ծավալելու և համապատասխան առաջարկներ հնչեցնելու՝ առարկայի դասավանդման ծրագրային ձևաչափն անփոփոխ թողնելու համար:

– Ուրախ եմ և շնորհակալ, որ մեծազնիվ տիկին Լիլիթ Մակունցն ընդառաջ իմ անձնական դիմումին՝ հաճեցավ հանդիպել և զրուցել բոլորիս հուզած խնդրի առանչությամբ: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը: Վստահաբար, Սբ Եկեղեցին ի սկզբանե պատրաստ էր և քննարկելու, առաջարկներ բերելու, ի հարկին բանավիճելու, և հանգելու միասնական եզրակացության: Այլ կերպ հնարավոր չէ. պետք է միմյանց լսել և հիմնվելով բացառապես ազգային շահերի վրա՝ կայացնել ազգակերտ ու հայրենաշեն որոշում:

Շատ շուտով Հայոց Եկեղեցու իրավասու հանձնախումբն իր հիմնավոր կարծիքն ու առաջարկությունները կներկայացնի նախարարությանը՝ միակողմանի կազմված հանրակրթության պետական չափորոշիչի վերաբերյալ:

– Արդյոք կիսում եք վերջին շրջանում հնչող այն տեսակետը, որ ի դեմս դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի կրճատման և մի շարք այլ գործողությունների՝ իշխանությունը Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ է նախաձեռնել:

– Պետությունը չի՛ կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ. այո՛, օտար, վարձկան իշխանությունները կարող են, շատ են օրինակները պատմական անցյալում: Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներ են: Լիահույս եմ, որ նրանք հավատարիմ են ազգային ուխտին և երբեք չեն գործի ընդդեմ մեր ազգի սուրբ ժառանգության և աժեքների:

Կսիրեմ հուսալ, որ ստեղծված կացությունը սոսկ թյուրիմացություն է, որոշ անպատասխանատու պաշտոնյաների թերացման հետևանք: Եվ այստեղ չկա քաղաքական դիրքորոշում: Այնուամենայնիվ, եթե առկա է նման ծածուկ կողմնորոշում, շատ-շատ ցավալի կլինի: Բայց և պետք է հիշեն դրա հեղինակները, որ անցյալում նման տեսակետ ու վերաբերմունք ունեցած բոլոր իշխանությունները, անխտիր, ինքնախորտակվել են, քանի որ փորձել են ձախողեցնել մի խորհուրդ, մի գործ, որ Աստծուց է:

Իսկ այս դեպքում՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան իր բովանդակությամբ և ներգործությամբ՝ Ամենազոր Աստծո շոշափելի և տեսանելի ներկայությունն է Հայ դպրոցում: Բնավ պետք չէ լինել աստվածամարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում