Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր

Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Առարկան առանձին դասավանդելու, այլ առարկայի մեջ ներառելու կամ «տարրալուծելու» կողմնակիցներն իրենց դիրքորոշումն արդարացնելու համար առաջադրում են հազար ու մի «փաստարկներ»: Այդ «փաստարկներից» մեկը, որը, ի դեպ, պատկան մարմինները բարձրաձայնում են ամենաբարձր մակարդակով, այն է` իբրև թե դասագրքերում Եկեղեցու պատմությունը ներկայացված չէ անաչառորեն. նրանք մեղադրում են Եկեղեցուն իր պատմության «մութ» կամ «ծածուկ» էջերը չհանրայնացնելու մեջ:

Այս տեսակետի կողմնակիցները մոռանում են մի կարևոր հանգամանք, որ խոսքը հանրակրթական դպրոցի մասին է, որտեղ ուսուցումն ունի որոշակի տևողություն, յուրաքանչյուր առարկա` որոշակի ժամաքանակ: Ուստի, անհնար է որևէ առարկայի շրջանակում ներառել տվյալ բնագավառն ամբողջությամբ և համապարփակ կերպով` իր բոլոր մանրամասնություններով հանդերձ: Թերևս նշենք նաև, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդվում է ընդամենը շաբաթական մեկ դասաժամով, ուստի հանրակրթական նպատակահարմարությունից ելնելով` դասագրքերում ներառվել են աշակերտների հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության կերտման, բարոյական արժեհամակարգի ընկալման, հայրենասիրության սերմանման, ազգային մշակութային արժեքների ուսումնասիրման ու դրանց պահպանման համար անհրաժեշտ և առանցքային թեմաները, որի արդյունքում. «պիտի ունենանք ոչ միայն մեր պատմությանը քաջածանոթ գիտակ նոր հայորդյաց սերունդ, այլև պիտի ունենանք հայրենասեր, նվիրյալ, բարի քրիստոնյաներ, ազնիվ քաղաքացիներ մեր երկրի, որոնց հայացքի առջև ավելի հստակությամբ պիտի գծվի մեր ժողովրդի վաղվա օրը, նրա առաքելությունը դեպի նոր դարեր, նոր հազարամյակներ» (Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց. տե՛ս ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵՎ, «Էջմիածին», 2002, Ը, էջ 37)):

Հիշեցնենք պատկան մարմինների ներկայացուցիչներին և տվյալ հարցում նրանց խորհրդականներին, որ Հայաստանում «Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է» (ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, Գլուխ 1, հոդված 4, կետ 2): Վստահաբար կարող ենք ասել, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լիովին համապատասխանում է հանրակրթական նշյալ պահանջներին և մշտապես ապահովել է սպասված արդյունք: Եթե այստեղ առարկայի արդյունավետության գնահատման չափանիշ է ընդունվում դասագրքերում ենթադրյալ թերությունների առկայությունը, ապա նման կերպ կարելի է դատողություններ անել բոլոր այն առարկայի համար, որոնց դասագրքերում նշմարվում են թերություններ:

Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու «ծածուկ» և «մութ» էջերին, նշենք հետևյալը: Բացահայտում արած չենք լինի, եթե փաստենք, որ միջնադարյան հայ ողջ մատենագրությունը, հատկապես` պատմագրությունը, շարադրել են հիմնականում եկեղեցականները (բացառությամբ մի քանի դեպքի): Այս երևույթը, միջնադարում հատուկ է եղել նաև քրիստոնյա այլ ժողովուրդների: Սակայն նշյալ հանգամանքը չի խանգարել, որ եկեղեցական մատենագիրներն ամենայն անաչառությամբ ներկայացնեն Եկեղեցուն վերաբերող դրվագները:

Մեզ հետ չհամաձայնողներին կարող ենք հորդորել կարդալ իրենց վարքագծում թերացող որոշ հոգևորականների մասին տեղեկությունները հայ եկեղեցական մատենագիրների աշխատություններում՝ Փավստոս Բուզանդի` Հովհան եպիսկոպոսին բնութագրող հատվածը, Ղազար Փարպեցու «Թուղթ»-ը, Մովսես Խորենացու «Ողբ»-ը, Ստեփանոս Օրբելյանի` Վահան Ա Սյունեցի և Կոստանդին Գ Կեսարացի կաթողիկոսներին վերաբերող, Թովմա Մեծոփեցու՝ Կիրակոս Ա Վիրապեցուն գահընկեց անելու հատվածները, Առաքել Դավրիժեցու` Դավիթ Դ Վաղարշապատեցի կաթողիկոսին և Մելքիսեդեկ Ա Գառնեցի աթոռակից կաթողիկոսին վերաբերող դրվագները և, առհասարակ, «Կանոնագիրք Հայոց»-ում բարձրաստիճան եկեղեցականների համար խստագույն պատիժներ սահմանող կանոնները և նմանատիպ այլ պատմություններ ու դրվագներ:

Կարող ենք ասել, որ նույն կերպ հայ եկեղեցական պատմագիտությունը, որը ևս հիմնականում եկեղեցական հեղինակների ուսումնասիրության արդյունք է, երբևէ չի խուսափել անաչառ գնահատական տալ Հայ Եկեղեցու ներեկեղեցական խնդիրներին (վառ օրինակը՝ «Դավիթ-դանիելյան» վեճերը և այլն): Ավելին` նման աշխատություններ 19-20-րդ դարերում հեղինակում էին հենց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության վաստակաշատ գիտնական-եկեղեցականները, որին ի հաստատումն՝ կարող ենք վկայակոչել Ս. Էջմիածնում և Հայոց Եկեղեցու նվիրապետական աթոռներում տպագրված բազմաթիվ ուսումնասիրությունները (հատկապես` Մաղաքիա արք. Օրմանյանի եռահատոր «Ազգապատում»-ը) և պաշտոնական պարբերական հրատարակությունները («Արարատ» ամսագիր և «Էջմիածին» ամսաթերթ):

Այս մոտեցումը խորթ չէ նաև մեր օրերում: Այսօր ևս Մայր Աթոռի պաշտոնական պարբերականներում («Էջմիածին» ամսագիր և «Քրիստոնյա Հայաստան» թերթ) ու հրատարակություններում գիտական քննության են ենթարկվում և անաչառ գնահատականների արժանանում անցյալի եկեղեցական շատ դեպքեր և իրադարձություններ, ինչպես նաև՝ բազմաթիվ եկեղեցականների գործունեության թե՛ ազգանվեր ու եկեղեցանվեր, թե՛ քննադատելի կողմերը:

Այսու, անհիմն ու սին ենք համարում բոլոր այն պնդումները, թե Եկեղեցու պատմությունը ամբողջապես չի ներկայացվում հանրությանը: Հայ եկեղեցին այն բացառիկ համազգային կառույցն է, որի դավանաբանական, ծիսական, կանոնական, տոնական, ներեկեղեցական, արտաքին հարաբերությունների ամբողջական պատմությունը վաղուց հանրայնացվել ու հանրայնացվում է, ուսումնասիրվել և ուսումնասիրվում է՝ հատկապես եկեղեցականների կողմից: Բացարձակ այլ խնդիր է, որ կեղծ մեղադրանքներ ներկայացնողները ծանոթ չեն այդ արժեքավոր ուսումնասիրություններին և աշխատություններին կամ «նրբանկատ» դիտավորությամբ ժխտում են դրանց առկայությունը:

Հ.Գ.1
Ի խորոց սրտի ցավում ենք, որ 1980-90-ական թվականներին հայաստանյան դպրոցների աշակերտությունը հնարավորություն չի ունեցել աստվածաշնչագիտություն և Հայ Եկեղեցու պատմություն ուսումնասիրել, այլապես կրթության ոլորտի որոշ պատասխանատուներ լավ սերտած և իրենց կյանքում գործնականի վերածած կլինեին Տասնաբանյայի պատվիրանները (Ելք. Ի 2-17), հատկապես՝ «Մի´ ստիր»-ը, և ոչ թե իրենց աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի շյուղը կտեսնեին: Հարկ է, որ նման մարդիկ առաջին հերթին իրենց աչքի գերանը հանեն (հմմտ. Մատթ. Է 1-5):

Հ.Գ.2
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ վերջին մեկ տարվա թոհուբոհից ակնհայտ է, որ ԿԳՄՍ նախարարության միանձյա և միահեծան որոշմամբ այն, որպես առանձին առարկա, չի դասավանդվելու: Բոլոր այն պնդումները, թե առարկան ներառվելու է «Հայոց պատմություն» առարկայի մեջ՝ համապատասխան ժամաքանակով, մեզ ստիպում է եզրակացնել, որ այս ամենն արվում է մի նպատակի համար՝ արգելելու Հայ եկեղեցու և եկեղեցականի մուտքը հայ դպրոց: Առանց Մայր Աթոռի ներգրավվածության անիմաստ է դառնում պահպանել առարկայի դասաժամերը, բարելավել թեմաները և կազմակերպել ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:

Հ.Գ.3
Առ այսօր այդպես էլ հանրայնացված չէ, թե նոր չափորոշչի նախագծով որքան դասաժամ է հատկացված «Հայոց պատմություն» առարկային, և թե դրանից որքանն է հատկացվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային: Այստեղ տեղին չէ խոսել, թե ովքեր կամ ինչ մասնագետներ են գրելու Եկեղեցու պատմությունը, ինչ սկզբունքով և ինչ թեմաներ են կարևորվելու և ներառվելու Հայոց պատմության դասընթացում: Այս ամենն առ այսօր «հույժ գաղտնի» կերպով թաքցված է հանրությունից: Բայց ինչպես ասում են՝ ստի վերջը 40 օր է…, «որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և՝ գաղտնի բան, որ չիմացվի» (Մատթ. Ժ 26):

Արարատ քահանա Պողոսյան

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում