USD
EUR
RUB

Պարույր Սևակ. Լինել, թե չլինել

 

Հեռու ժխորից քաղաքի, ծխից հեղձուցիչ,
Հեռու շչակի խելագար բառաչից, կառքերի վազքից անկամ
Այս հեռավոր լեռներում, ուր ամպերն են արճիճ
Եվ հարափոփոխ երկինքը՝ սենտիմենտալ ու լալկան,-
Ես - հոգուս մրրկածուփ հորձանքի հանդեպ խլականջ,
Ես - շնչահեղձ, որպես հորձանքով ափ նետած ծովաձուկ,
Ես - անհունների մեջ նետած միտքս, որպես սովածին գայլականջ՝
Սպասելով անհունների արձագանքին՝ կարոտով անձուկ.
Ես - սրտիս մեջ Դարի Տառապանքը և հանճարի շունչը դարերի.
Ես - տրտմաթախիծ, ինչպես օրը արևից առաջ և խնդությամբ ցամաք,
Այս խավար գիշերին երկունքի նստած՝ հայացքս դեռ անհայտ արևին,
Երկունքից առաջ, բարեկամ, չափավորում եմ խռովքն իմ հոգու և հանգավորում որպես քեզ նամակ:
Արդ տրտում է անձն իմ գերազոր և բեկված է կամքն իմ անկոտրում
Եվ թաց են աչքերն իմ անարտոսր.
Սրտիս մեջ խռովք կա անեզր, հոգուս մեջ՝ տրտունջ, թևերիս՝ փետրում,
Հայացքիս դեմ՝ արյան փոսեր:
…Եվ կանգնած է իմ առաջ մարդկությունը՝ վիզը ծուռ և մերկանդամ,
Ամոթը թուխս դրած աչքերում,
Ձեռքերին կապանքի հետքեր, կապույտ վերքեր այնքա՜ն,
Սիրողի հույսով, կորցրածի դառնությամբ, վեհությամբ աստծո և հեզությամբ գերու…
Ե՛վ բզկտված է նա, բրածեծ և խղճուկ է նրա տեսքը,
Ինչպես ծաղիկ մի ջրում՝ ջրալիքով տարուբեր,
Ե՛վ անալիք է նա՝ մեղապարտ կատաղության փրփուրը սառած շրթներին,
Ե՛վ ծանր է նրա վիշտը, որպես դաժան տիրոջ մշակի բեռ,
Ե՛վ հոգնած, ինչպես մկանը վաստակած կռների…
Ի՞նչ է նա վերջապես, այդ խղճալին, որպես խըխունջ՝ անգետ, որպես խլուրդ՝ կույր -
Դարավոր մի խեղկատակ տիեզերական բեմերի,
Ուր հուշարար է Ժամանակը, Տարածությունը՝ վարագույր,
Բնությունը՝ կենդանի դեկոր և բազմերանգ ճառագայթները՝ գրիմ…
…Եվ ահա կանգնած է նա իմ առաջ՝ անօգնական ու թշվառ
Եվ վերքերից իր, որպես ավերված աչքերից, հանդա՜րտ
Ծորում է արյունը դեռ տաք, որպես ահեղ բողոք, որպես ծանր գանգատ…
Իսկ իմ մեջ խռովքն է փայլատակում,
Եվ վրեժը կարկառում է թաթերն իր դեպի հոգուս երկինքները յոթերորդ,
Իսկ իմ մեջ, որպես Աստծո մեջ, ծագում են երկու հակում -
Ինձ դեպի հակառակ բևեռներ մղելով:
-Արդյոք չըթքե՞լ այս թշվառ Մարդկության վերքերի վրա, որպես թույն մահացու
Եվ անհնարին ուժով չապտակե՞լ…
Նրան, որ դարերով իր բյուր որդիների
Ժանիքներն է իրար ակռայել,
Բայց ոչ երբեք նրանց բազուկները հուժկու…
Եվ ինչպե՞ս կարող էր նա այդ կռահել,
Նա, որ միայն ծեծվել է, բզկտվել, գերվել
Որպես Հիսուս մի բազմաչարչար,
Որ սիրտն իր, ուղեղն իր տերերին է տվել,
Նրանց, որոնք որպես վայրի արջառ
Փորփրել են հողը եղջյուրներով,
Սմբակներով ցրել երկինքն ի վեր
Եվ հետքերով իրենց գոռ ընթացման
Առատ շաղ են տվել դիե՜ր, դիե՜ր, դիե՜ր…
Երկրի երեսն ի վեր հորդեցրել
Վերջալույսի գույնի, կակաչների գույնի կարմիր ջրե՜ր, ջրե՜ր…

…Եվ չթողնե՞լ արդյոք անմխիթար
Նրան այնպես մենակ ու կարեվեր
Ես սիրտս առած որպես հավերժորեն գտած
Մի անկորուստ բաշխիչ, մի արևե,
Մի լուսավոր ցնորք, հավետ օտար
Հերյուրանքին…
Թռչել բա՜րձր, հեռո՜ւ…
- Որպես անմիտ կատակ
Էլ չըհիշել բախտը այս աշխարհի,
Էլ չըհիշել կանաչ, ճանաչ կանանց
Թովչությունները սին, երբ որ պիտի
Այդ ամենը արյան ումպով կուլ տալ,
Ոնց դառնահամ դեղը ջրով և կամ թեյով,
Երբ նախճիրով պիտի, մահով, պատերազմով, զենքերով հոխորտալ
Եվ գրկել կնոջը կտրված մի թևով,
Այն էլ եթե, եթե, բախտը եթե ժպտա…
Օ՜ ծանր է, անթափանց մղձավանջը այս սև
Ինչպես կուպր, ինչպես ծանրասև վարագույր…
Եվ ի՞նչ, և ի՞նչ, և ի՞նչ, ի՞նչ խոսքերով ասել
Նրա մասին, որ, արդ, իր կրակում
Հրկիզում է բոլո՜ր, բոլո՜ր նրանց,
Որ ապրում են այս խեղճ հողագնդի վրա…

Լավ չէ՞ արդյոք լռե՛լ, լռե՛լ հավետ
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Ինչպես ծաղիկ մի վառ ու հոտավետ՝
Քթին դեռ երազուն մի աղջկա,-
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Այս աշխարհի բախտին, այս մարդկության
Բյուր ցավերին անբուժ, գալիքին դառնապերճ
Այդպես ահա ըսկիզբն ունենալ վերջ,
Լռե՛լ, լռե՛լ անճար… անհուսության ցավի,
Անհայտության զազիր, սուր ճիրանների մեջ…

Բայց ի՞նչ… Լինել որդի՞ դըրժյալ և դավաճան
Ե՛վ անարժան որդի, և՛ անառակ,
Լինե՞լ աստծո դեմ ըմբոստացյալ տաճար,
Բուն խոսքի դեմ ցըցված անմիտ առած.
Անցած ուղիներին դավաճանող…
Համաձայնվե՞լ կամա, որ ի վերուստ
Տրված շնորհն այս, գուցե վիթխարի
Այս կրակը ներքին՝ ինձ տապակող -
Դարձնելով ինձ մոխիր, անդարձ մարի՞…
Եվ այդ ամենն այնպե՜ս… մի կատակո՞վ…
Բայց չէ՞ որ ես անբախտ նույն մարդկության,
Նույն կարեվեր սրտի այսքա՜ն ահեղ
Ծնունդն եմ ի վերջո և գուցե թանկ,
Ինչպես նույն մարդկության վաղընջական դարի
Իմ պապերի համար - մի նետ-աղեղ…

Եվ այսօր դառնաղի այս օրերում,
Այս օրերում անլույս և խիստ մըթար
Թռչե՞լ դեպի եթեր, թռչե՞լ հեռու,
Թողնե՞լ նրան այսպես անմըխիթար…
Չըփայփայե՞լ նրան հույսերով պերճ,
Վերքերը չամոքե՞լ վառ երգերով,
Դեռ ըսկիզբ չունեցած ունենալ վե՞րջ…
Եվ այդ այն ժամ, երբ որ բյուր վերքերով
Աշխարհն է կուչ եկել որպես ոզնի
Եվ հարկավոր է տալ նրան թևեր…
Երբ պարտեզն աշխարհի չոր է, ավեր
Եվ պետք է նրա մեջ առուն խոսի՝
Բողբոջները նրա որ չըգոսնեն
Եվ կանաչի ծառը հեգ մարդկության…
Իսկ դաշտերում անհերկ, մերկ ու ավեր
Դեռ որպես ժանգապատ, հուժկու գութան
Հերկե՜լ պիտի հողեր և ժանգը տալ
Հողի գոց արգանդին անվերադա՜րձ, հավե՜տ
Եվ մարդկության կրկին ծննդի հետ
Ահեղորեն կանգնել՝ մտքով հասուն,
Խորհով խրթին, լեզվով արևաներկ,
Շիտակիրան, որպես սեգ վերստասյուն…

…Օ՜, չեմ կարող երբեք, իմ բարեկամ,
Հեռու մնալ ցավից իմ այս դարի,
Մարդկության սին բախտից, եթե անգամ
Իմ լույսն իր խավարում անդարձ մարի…
Թեկուզ մնան հավե՜տ, հավե՜տ օտար
Իմ թափառող հոգուն և իմ սրտին,
Իմ թռիչքին մոլի, հրակատար
Իմ իղձերին, խոհին՝ խոր ու խրթին…
Եթե անգամ մարդկանց ժպիտը - թույն,
Քմծիծաղը՝ աղբյուր անհուն ցավի,
Արհամարհանքը սին և մշտարթուն
Առօրեկան, ճղճիմ, սրտացավի
Տեղիք տվող հազար արարքները նրանց,
Ջանքերը՝ կտրելու թևերս արծվի,
Հերյուրանքը ստոր, եթե հոգուս վրա,
Որպես մահվան ստվեր մեղմորե՜ն տարածվի,-
Նորից ես չեմ կարող լինել դաժան,
Լինել դրժյալ որդի և հեռանալ
Դեպի կապույտ հեռուն, որտեղ հազար
Հորիզոններ գուցե իմ դեմ բանան…

* * *

Ռուբիկոնը անցած ոչ շատ թեթև
«Լինել չըլինելու» խնդիրն ահա
Այսպես լուծած և լուռ թողած հետև
Անկումներն իմ, որպես կանգուն պահակ
Իմ փոթորկոտ կյանքի անցյալ օրվա,
Այսօր ահա, որպես վաղվա
Գալիք փորձանքների անմահ գուշակ
Ես նետվում եմ առաջ որպես բուժակ
Տիեզերքի անհուն, խոր վերքերի…

10.VIII.1942թ. Չանախչի-Նավչալու

Լրահոս
Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
website by Sargssyan