«Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29)

«Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29)

Մատթեոսի Ավետարանում հետևյալն է պատմվում երկու կույրերի բժշկման մասին․«Եվ մինչ Հիսուս անցնում էր այն տեղով, երկու կույրեր գնացին նրա հետևից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»: Երբ նա տուն եկավ, կույրերը մոտեցան նրան: Հիսուս նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ ես այս բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տե՛ր: Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»: Եվ բացվեցին նրանց աչքերը: Եվ Հիսուս նրանց խստիվ պատվիրեց և ասաց. «Զգու՛յշ կացեք, ոչ ոք չիմանա»: Իսկ նրանք ելան և նրա համբավը տարածեցին ամբողջ այդ երկրում» (Մատթ․ 9։27-31):

Այս պատմության խորհուրդը, սակայն, Քրիստոսի սխրանքը ևս մեկ անգամ մատնանշելը չէ․ դրանց մասին ավետարանական զանազան դրվագներից արդեն իսկ հայտնի է յուրաքանչյուր քրիստոնյայի։ Այս հատվածը ընդգծում է Նրա հանդեպ մեր վստահության կարևորությունը։ Այո՛, Քրիստոսին հավատում ենք, սակայն մեր հավատը պիտի արտահայտվի ոչ միայն խոսքերով, թե «այո՛, հավատում եմ», այլ նաև գործերով և Աստծո հանդեպ մեր վստահությամբ։ Ահա, վստահության կարևորությունն է պատճառը, որ Քրիստոս երկու կույրերին ասում է՝ «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։

Ի՞նչ կլիներ, եթե չհավատային։ Պարզ է, որ նրանց աչքերը չէին բացվի և կույր կմնային։ Այսօր մեր՝ հավատացյալներիս կյանքն էլ նման է այս երկու կույրերի պատմությանը։ Մինչև չենք հավատում Քրիստոսին և չենք վստահում, չեն բացվում մեր հոգու աչքերը, և անհաղորդ ենք մնում աստվածային լույսին։

Ի պատասխան մեզ լուսավորելու՝ ի տարբերություն շատ երկրային թագավորների, Երկնային Թագավորը մեզ բժշկելուց հետո խստիվ պատվիրում է՝ «զգույշ կացեք, ոչ ոք չիմանա»։ Այս ամենը ցանկանում է ոչ թե իրեն տրված շնորհը այլոց հետ չկիսելու, այլ իր համբավը չտարածելու նպատակից, խոնարհությունից ելնելով։ Սակայն մենք էլ մեզ պիտի պահենք երկու կույրերի նման, ովքեր սկսեցին տեսնել՝ շարունակ փառաբանենք Նրան, աղոթենք և վստահենք։

Այժմ մի պահ մտածե՛նք՝ ե՞րբ և որքանո՞վ ենք վստահում Քրիստոսին։ Արդյո՞ք միշտ և ամբողջովին, թե՞ երբեմն և մասամբ։ Եվ որքանո՞վ է լիարժեք դառնում մեր հավատը մասամբ վստահություն ցուցաբերելու դեպքում։ Արդյո՞ք մեզ էլ, ինչպես երկու կույրերին, չի տրվում՝ ըստ մեր հավատի։

Ամո՛ւր մնանք մեր հավատի մեջ, ամբողջապես հավատանք և վստահենք Տիրոջը և հավատացած լինենք՝ կտրվի մեր հավատի չափով։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում