USD
EUR
RUB

Աղավնի Գրիգորյան. Ճամփորդը

 

արկերակ չկա, - արձանագրեց բժիշկը, շրջվեց բուժքրոջ կողմը.
- Ազգականներ ունի՞, տեղեկացրե´ք:
Այսօր երեկ էր, և միակ ազգականս՝ Նազիկը, արդեն տասնhինգ անգամ բարձրաձայն «փոշմանեց», որ ինձ առհասարակ ճանաչում է.
- Դե իհարկե, Նազիկի ճակատին գրված է՝ տա-ռա-պել:
Կանգնեց գլխիս վերևը: Արցունքներն իսկական էին… զարմանալիորեն (գուցե ես եմ ցինիկ դարձել այս վիճակից):
Անցավ խոհանոց, զանգեց հեռախոսով: Շշուկով էր խոսում, վիզս ձգեցի: Առաջին անգամ հանգիստ անշարժությունս անհարմար թվաց, մի նախադասությունը որսացի, այդուհանդերձ.
- Չէ´, մի արի, էս փորձանքը քիչ էր անաստվածը գլխիս բերեց, հիմա էլ ասեն` Նազիկի սիրածն եկավ:
Հետո խեղդված լացի միջից ասաց՝ «լավ» ու հեռախոսը դրեց:
Հիմա, երբ անվերջ ժամանակ ունեմ ու ոչ մի տեղ էլ չեմ շտապում (շտապելուս արդյունքը տեսանք), մտքերս միակ ընդհատողը կողքի շքամուտքի Մայրանուշն է, որ բոլոր ինձ պես ճամփորդներին միևնույն հարցն է ուղղում հենց դռների մեջ՝ «Էս ի՞նչ արիր, այ բալա»: Արդարության համար պիտի խոստովանեմ, որ դռնից չանցած, երկրորդ՝ «ո՞ւր ես էս արև օրով ճամփա ընկել, վռազդ ինչ էր, տնաշե՜ն…» ի վրա փռթկոցս մի կերպ զսպեցի: Իրոք, վռազս ի՞նչ էր: Ես չէի վռազ տիկին Մայրանուշ ջան, լուսաֆորի եռագույնն ու իմ մետր-ութսունը բանի տեղ չդնող վարորդին հարցրու, նրան էլ երևի կինն էր սուրճը դառը հրամցրել առավոտյան՝ գիշերվա կեսին ամուսնու հեռախոսին անհայտ Դինուլ-դոնդողաշուրթից սրտիկային սմս-շարանի ակամա ընթերցողը դառնալու արդյունքում: Շղթան կգնա կհասնի մինչև ամենավերև, ուր էլ ճիշտ կլինի ուղղել հարցդ:
Առաստաղից մի ճանճ բզզաց և ուղղություն վերցրեց դեպի քիթս, ես ո՜նց պատուհաններին ցանց չքաշեցի, մեղավոր եմ (էլի շատ բաների համար): Ա´յ, հիմա լավ էլ կանի, թե հախիցս գա:
Նազիկը դարակները քաշքշեց, հետո թղթի, ավելի շուտ՝ հաշշվող թղթադրամի խշխշոց լսեցի: Վա՜յ, Նազի´կ, ես ինչ կույր ու անշնորհակալ եմ եղել: Սիրտս լցվեց. թե կանգնած չլիներ երեկվանից, հիմա տեղից դուրս էր թռչել: Ճանճին անգամ մոռացա:
Նազիկը նորից կանգնեց գլխիս վերևը.
- Ձերոնք կհասնեն առավոտը, ճիշտ են էլի ասում՝ տիրովին տերնա տարել, անտերին՝ գելը… Ասա, գյուղդ թողած ուր եկար էս անտեր քաղաքը: Լուսահոգի քեռուդ էլ էնտեղ դիվադադար արիր, չնայած հիմա գոնե մոտը կլինես, - հայացքը գցեց պահարանի գլխի նկարին, հետո նորից ինձ,- ջղայնանում ա՝ ջղայնանա: Թող ու վեր կենա՝ գա, ոնց ինձ թողեց ու քեզ տարավ, հմի էլ թող գա իմ հետևից: Բայց դու չմտածես, Նազիկը կարգին - շնորհքին քեզ կճամփի (նորից աչքերից չռռաց աղը):
Մեկ օրվա մեջ աչքերի տակի պարկերն ուռել են, մգացել: Հիշեցի ամեն առավոտ տնից դուրս գալս ու դուռն անփույթ շրխկացնելուն զուգահեռ՝ Նազիկի կիսաքուն՝ «Անաստված, էդ դուռն ինչ ա քեզ արել արել, որ կոտրում ես…»
Հիմա ես ու իմ Աստված իրար դեմուդեմ, խաղաքարտերը փռել ենք, ոչ թաքցնելու, ոչ կոծկելու հնար կա, ոչ էլ ցանկություն անկեղծ ասած:
Ամեն ինչի կատարյալ պարզության վրա հիմա է, որ ապշում եմ, ո՜նց եմ քսան ու մեկ տարի մշուշը սիրել, երևի դրանից էլ գլխապտույտ ունեի պարբերաբար: Ափսո՜ս, հիմիկվա տեսածս ոչ մեկին պատմել չեմ կարողանա:
Չգիտեմ, թե ով ինչ տեսիլներ է ունենում երկրային վերջին գիշերը. մտաբերեցի օր առաջ փաբերից մեկում հանդիպածս կարմրահեր սրտակերուհուն՝քամահրանքով շրջվեց ու անհետացավ: Փոխարենը (չգիտեմ որտեղից) աչքիս մեր կուրսի Գոհարիկի մոր պատրաստած չրերը եկան: Գոհարիկը բռով լցնում էր գրպաններս, ու դասերից հետո մինչ տուն հասնելը ծամում էի: Գոհարիկն ուղիղ աչքերիս էր նայում, ես նրա անունն եմ հիշում միայն, էն էլ չրերի խաթր:
Գյուղից առանձնապես հիշելու բան չունեմ, բացի հորեղբորս՝ Գրիշի տան միջանցքի մի անկյունը, ուր թախտս էր ու իմ շորերի փոքրիկ գզրոցը: Հորեղբորս ընտանիքում ( այդպես եմ անվանում, թեև արյունակցական կապ չկա իմ ու նրանց միջև) անհրավեր հայտնվելուս փաստը Գրիշի կինը՝ Մելանը, «արագիլի կամեցողություն» թեզով վաղուց ապացուցել ու հաստատել էր, ես էլ գյուղի բարդիներին օրական բարեողջույն էի տալիս, դե գուցե դրանցից մեկին բույն դրած արագիլն էր ինձ բերել ու թողել «հորեղբորս» դռանը: Դպրոցն ավարտելուս օրը պարզվեց քեռի ունեմ, ոչ ավել ոչ պակաս՝ մայրաքաղաքում: Համբարձում քեռիս մարդ ուղարկեց՝ նամակով. «թե քաղաք կուզես սովորել, տանս հասցեն էս-էսա, Նազիկս էլ հալալ երեխու պես քեզ տիրություն կանի»:
Նամակն ուշ բերին կամ ես ուշ կարդացի, համենայն դեպս մինչև իրերս կապեցի ու եկա, քեռիս «էն աշխարհ» տոմսն առել էր անհերթ: Մնացինք ես ու Նազիկ քեռակինս: Մելանն ուրախացավ իմ տեղափոխությունից ու թախտին նոր ծածկող փռեց, ես դժգոհ չէի, Նազիկն էլ պահարանի գլխից նայող քեռու լուսանկարի ահից (կամ հիշատակի համար) ինձ երբեք սոված ու անշոր չթողեց:
Աշունից գարուն սովորում էի պոլիտեխնիկում, դասամիջոցներին կուրսի աղջիներին հերթով սիրահետում (աղջիկները սիրում էին ինձ՝ մեկ կամ երկու օր, ավելին՝ դեռ չէի «ձգում»): Ամռանը գնում էի մի քանի օրով գյուղ, պտտվում տնետուն, երեկոները թիկն տալիս բարդու շվաքին:
Հորս կամ մորս մասին էդպես էլ չիմացա որևէ հստակ բան. գյուղացիք չգիտեին կամ չասացին, Նազիկը քեռուց մի երկու կցկտուր բառ էր լսել ընդամենը, որ էական փոփոխություն չմտցրեց իմ գենետիկ կոդի բացահայտման մեջ: Արագիլների բարեողջույնն անփոփոխ մնաց:
*
Դռան զանգը տվեցին, Նազիկը դուռը բացեց. սե՜ր եմ ասել. մարդը վեր է կացել եկել էս գիշերվա կեսին:
Ես իմ նորահանգուցյալ տեղից ենթադրեցի, որ պիտի Գուգո լիներ անունը: Վազգենն էր:
- Ափսո՜ս, - առաջին բառն ասաց Վազգենն ու նստեց կողքիս դրված աթոռին, Նազիկը՝ կողքին:
- Գիտես ի՜նչ տղա էր, խելացի, ձգտումով:
Կասկածեցի, թե Նազիկն ինձ նկատի ունի: Քանի որ ուրիշ հանգուցյալ չկա, ուրեմն իմ մասին էր, աչքերս փակ շարունակեցի լսել գովքն իմաց.
- Դե հա´, մի քիչ գիժ էր, բայց հիմա ո՞վ գիժ չի որ: Երեխուս տեղն էր, Համոն գտավ ու չհասցրեց տեսնել անգամ:
Ուզում էի, որ շարունակեր պատմությունը: Գուցե հասնի ծնողներիս, գոնե այսօր՝ գնալուցս առաջ:
Նազիկը դարձավ Վազգենին.
- Համոյին կհանդիպի՞ տեսնես:
- Խելքդ գցեցի՞ր, - Վազգենը տեղում վեր ցատկեց, դղրդաց, հետո զգաց, որ Նազիկը դողում է ամբողջ մարմնով, մեղմեց ձայնը, Նազիկի ափերն առավ իր ձեռքերի մեջ, - հա´, կհանդիպի, Համոդ էլ տիրություն կանի, վե՞րջ, դե´, թեյ դիր խմենք, էս երեխու գլխին հերիք խոսենք, թողնենք հանգիստանա՝ եկար ճամփա ունի անցնելու:
Էս խոսքերի վրա Նազիկը ձայնով լացը նոր ալիքով վերսկսվեց:
Վազգենն ու Նազիկը խոհանոց գնացին թե չէ Նազիկի կատուն մի ցատկով հայտնվեց կողքիս ու նախազգուշական ֆշշացրեց: Կատի´ սիրուն անունն ունի (Նազիկը Կատյուշա է ասում, երբ տրամադրությունը տեղն է, բարկացած ժամանակ՝ Կետ, ու Կետը մխվում մնում է մի կետում մի քանի րոպե՝ Նազիկի «կարմիր բանտիկավոր» օրերին, հետո կեղծավոր քսմսվում է Նազիկին այնքան, մինչև վերջինս շոյի գլուխն ու նորից Կատյուշա անվանի): Կատի´ն պոչը բարձրացրեց , հետո փորձեց ձգվել ու հասնել դեմքիս: Իջավ ետևի ոտքերին, ճմրթված մռռաց. չհասկացա ափսոսանքից թե խղճահարությունից:
Ձեռք-ոտքս թմրել է երկար պառկելուց, մտքերս ընդահակառակը՝ ավելի են աշխուժացել, կյանքս են վերլուծում առանց ինձ. տոկոսները խառնել հանում-գումարում են ու համոզում են, որ էսպես թե էնպես կյանքիս քսանվեց տարին քնած պիտի անցկացնեի, առնվազն երեքն ուտելու վրա էի ծախսելու. տասը՝ աշխատավայրում մսխեի ու դեռ դրանից հետո էլ մի ամիս տրանսպորտի սպասեի՝տուն հասնելու համար: Գուցե հենց այդպես էլ լիներ. վերջնահաշվարկը մի քառասուն տարուց սիրուն փաթեթավորմամբ աչքս կմտցնեին, եթե ճակատագիրս ՝ չորս ակնանի սևազգեստ հրեշի կերպարանքով, էս գրաֆիկը գծող-կազմող ամերիկացիներին գրողի ծոցը չուղարկեր մի քանի վայրկյանում: Վերոհիշյալ ամբողջ ցուցակից՝ սեքսին ու համբույրներին վերաբերող կետը միակն էր, որ երեկվա տվյալներով անգամ՝ ֆուլ էլ, ասել է թե`հասցրել էի: Վերջին քսանչորս ժամվա ընթացքում միակ հուսադրող բացահայտումս, թերևս:
Ոտքերս մի քիչ երկարեցի՝թմբիրը մեղմելու համար, Կատի´ն ֆշշացրեց ու պոչով ոտքերիս տակ դրված մեծ մոմը շուռ տվեց գետնին: Հաջորդ վայրկյանին Նազիկը սարսափած հայտնվեց կողքիս: Վազգենը հանգստացրեց նրան, համոզեց, որ ուշ է ժամը ու համոզեց, որ գնա քնի՝ վաղը ծանր օր է: Ինքը օղին բերեց:
- Էհ, չհասցրինք ծանոթանալ՝ իրար հետ կխմեինք կյանքի համար, - խմեց, մի կտոր երշիկ-հաց ծամեց, ասաց, - ներող ախպերս, Բարսայի խաղն ա, ինձ կհասկանաս. հաշիվն իմանամ՝ անջատեմ:
Վազգենը երեք-մեկ հաշիվն իմացավ, մի բաժակ էլ Բարսայի համար գլորեց, անջատեց ալիքն ու քիչ հետո խռռոցը լսվեց: Մի տեսակ ջերմություն զգացի էս անծանոթ մարդու հանդեպ, որ կողքիս խռռացնում է երկրային թերևս ամենակարևոր գիշերս:
Մեր գյուղի արագիլներն եկան նստեցին կողքս ու հերթով ողջունեցին: Երրորդը երկար նայեց աչքերիս:
Վաղը Մելանն ու Նազիկը իրար կողքի կնստեն ու կգովեն ինձ՝ ճանապարհ դնելուց առաջ: Մելանը կպատմի, ոնց խակ ցոգոլի համար ծառից ընկա, ծունկս դուրս գցեցի ու չլացեցի, Նազիկը կհիշի դիպլոմը ստանալուս օրվա՝ իր հպարտությունն ու հուզմունքը: Գրիշը լուռ կսեղմի եկող-գնացողի ձեռքը: Ընկերներս էլ կգան, շենքի տակ կհավաքվեն ու տափակ կատակներ կանեն, էլի մի քանի ծանոթ, որ քաղաքում գործերով են՝ կգան ներկա ստանալու համար, Գոհարիկն էլ կգա կկանգնի կողքս ու կնայի ուղիղ փակ աչքերիս, աչքերը մեղրագո՜ւյն են :
Տարօրինակ թեթևություն եմ զգում: Լույսն ուր-որ է կբացվի: Ափսո՜ս, ոչ ոքի չեմ կարողանա պատմել, որ առաջին անգամ Բարսայի հաղթանակի համար սիրտս ոչ արագացավ, ոչ էլ դանդաղեց. երեկվանից մի անհեթեթ դիպվածով կանգել է քսանմեկի վրա:
Ձեռքս տարա գրպանս. մի բուռ չիր շոշափեցի, մինչև տեղ հասնելը կհերիքի:

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի»
website by Sargssyan