Ֆիլհարմոնիկ նվագախումբն առցանց կկատարի Պուլենկի Սեքստետը

Ֆիլհարմոնիկ նվագախումբն առցանց կկատարի Պուլենկի Սեքստետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, (գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն` Էդուարդ Թոփչյան) «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի շրջանակում կներկայացնի Ֆրանսիս Պուլենկի Սեքստետը՝ դաշնամուրի և փողայինների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտասերները ստեղծագործությունը կարող են վայելել հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Դաշնակահարը Արթուր Ավանեսովն է, ֆլեյտահարը՝ Նարեկ Ավագյանը, հոբոյ է նվագում Հովհաննես Պապիկյանը, կլարնետ՝ Արսեն Գրիգորյանը, ֆագոտահարը
Շմավոն Գրիգորյանն է, գալարափող է նվագում Արշավիր Իսահակյանը:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները 3-8-հոգիանոց կամերային անսամբլներով ներկայացնում են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարը հեռարձակվում է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Յուրաքանչյուր հեռարձակումից առաջ անցկացվում են մրցույթներ, որոնց հաղթող երեք երաժշտասերները բացառիկ հնարավորություն են ստանում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կենդանի հնչողությամբ վայելելու հաջորդ ուրբաթօրյա համերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում