Քրիստոսի այլակերպությունը

Քրիստոսի այլակերպությունը

«Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մտթ. 17:8):

Այլևս ժամանակն էր, որ Հիսուսը աշակերտներին ցույց տար Իր աստվածային փառքի մեծ վայելչությունը և Իր երկնային լույսի գեղեցկությունը: Սրա համար աշակերտներից ընտրեց ամենավստահելիներին, նրանց, որոնց վկայությունները մեծ արժեք կարող էին ունենալ և որոնց սրտի և մտքի տրամադրվածությունը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իրենց ընկերների վրա: Պետրոսը՝ որպես հավատի մարդ, Հակոբոսն՝ իբրև անսասան հույսի մարմնացում, Հովհաննեսը՝ որպես սիրո աշակերտ, հարմարագույն ընտրյալներն էին, որոնք հետագայում նաև Ձիթենյաց պարտեզում իրենց Տիրոջ տագնապների և տառապանքների վկաները պիտի լինեին: Այժմ, տառապանքներին և փորձություններին պատրաստվելու համար, լեռան բարձունքին շնորհների մխիթարությունը պիտի ճաշակեին: Այո՛, պետք է տառապել Հիսուսի հետ՝ Նրա հետ փառավորվելու համար:

Իրենց ճակատն ու կուրծքը երեկոյան անուշ զեփյուռին տված՝ նախապես որոշված լեռը բարձրացան, այն սուրբ լեռը, որտեղ Հիսուս մտադիր էր գիշերային խաղաղության և լռության մեջ աղոթք անել: Բարձունքները ինչքա՜ն վսեմություն և սրբություն են հաղորդում մարդու հոգուն. մարդը կարծում է, թե երկնակամարում է քայլում:

Հիսուսն իր աշակերտներով բարձրացել էր լեռան գագաթը և գիշերը վրա էր հասել, գիշերվա աստղազարդ երկինքնն իր լուսնի դեղնագույն լույսով պայծառ լուսավորում էր շրջակայքը, իսկ քիչ հետո գերազանց փառքի լույսն է՛լ ավելի պիտի լուսավորեր և փայլեցներ ամբողջ լեռը:

Հիսուսի սովորությունն էր լեռների վրա առանձնացած աղոթելը. Հիսուս ուզում էր սովորեցնել, որ աստվածային շնորհներն ու հաղորդակցություններն ընդունելու համար պետք է հեռանալ աշխարհի աղմուկից, բարձրանալ հոգու երկինքը, աղոթքով միանալ Աստծուն: Աղոթքը միակ բանն է, որ հոգին փոխակերպելու զորություն ունի, աղոթքն է, որ սիրո Աստվածային կրակով տաքացնում է սիրտը և միացնում Ամենազորին ու Ամենակալին, մեզ ճաշակել է տալիս երկնային դրախտի ուրախությունները, և ինչպես հոգին, այդպես էլ մարմինը պայծառանում է:

Մինչ Հիսուսը գիշերային խոր լռության մեջ աղոթում էր և մինչ Նրա աշակերտները օրվա աշխատանքներից և հոգնածությունից պարտված՝ ննջում էին, հանկարծ Հիսուսի դեմքը արևի պես փայլում է, և Նրա հագուստը ձյան պես ճերմակ դառնում, և ահա Մովսեսն ու Եղիան կանգնել էին Նրա երկու կողմերին և խոսում էին Նրա չարչարանքների մասին, որ պիտի լինեին Երուսաղեմում: Հիսուսի փառքն ու լույսն այնքան վառ էին փայլում լեռան վրա, որ աշակերտներն արթնացան իրենց խոր քնից և երբ արթնացան ու սթափվեցին՝ տեսան Հիսուսի լուսալից փառքը և այն երկու մարդկանց, որ Նրա կողքին կանգնած խոսում էին:

Պետրոսն, այս տեսարանից հափշտակված և շլացած, հիացմունքով լցված, ասաց Հիսուսին. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս երեք տաղավարներ պատրաստենք՝ մեկը Քեզ, մեկը՝ Մովսեսին, մյուսն էլ Եղիային»:

Պետրոսի ցանկությունը լավագույնն ու բարին էր. Հիսուսի հետ լինելը լավ է, և այն, որ Նրա մոտ էին՝ ճշմարիտ երջանկություն էր, Նրա մոտ էին, ում մոտ մարդ իր բոլոր տարակուսանքների պատասխանները գտնում է, ուժ է ստանում բոլոր բարդությունների դեմ, մխիթարություն՝ վշտերի մեջ: Շատերը Պետրոսի նման ցանկանում են ճաշակել երկնային մխիթարությունները, տեսնել երկինքը երկրի վրա, առանց պատերազմելու՝ հաղթել… սակայն դա անկարելի է: Հիսուսի աշակերտ եղողը, երկնային փառքին արժանանալու համար, նախ Նրա պես տառապանքի պիտի ենթարկվի փառքն ու վարձատրությունը վայելելու համար, նախ տառապել պիտի սովորել:

Այն պահին, երբ Պետրոսը համարձակվում է տաղավարների առաջարկությունն անել, հանկարծ մի լուսավոր ամպ ծածկում է նրան ու ընկերներին և երկնային ձայնից սարսափած՝ գետին է ընկնում:

Լուսավոր ամպի ներկայությունը Աստծու մերձավորությունն է ցույց տալիս, ինչպես, երբ անապատում իսրայելացիների առջևով գնում էր այդ լուսավոր ամպը, ինչպես որ երևաց Սինայի բարձունքում, ինչպես նավակատիքի օրը լցրեց տաճարը, այդպես էլ այժմ Աստված հայտնվում է լուսավոր ամպով և ամպի միջից ձայնում է այն ձայնով, որով խոսում էր Հորդանանի ափերի մոտ, որով զորավիգ եղավ Հիսուսի ճշմարտությունը վկայելու համար: Այդ ձայնը դեռևս հնչում է և Աստված խոսում է իր սրբերով միջոցով, խղճի ձայնով և բնության տեսարաններով: Արդյո՞ք Նրա խոսքը լսելու ականջներ ունենք, ունե՞նք արդյոք մի սիրտ՝ այն սիրով պահելու, հոժարակամություն՝ կատարելու:

Աստվածային ձայնն ու լույսի ցոլարձակումները սուրբ լեռը դրախտի էին վերածել, և աշակերտների սարսափը փարատվել էր Հիսուսի քաջալերող խոսքերով. «Ոտքի՛ ելեք, մի՛ վախեցեք»: Եվ նրանք ինչպիսի՜ մեծ երջանկություն ապրեցին, երբ իրենց աչքերը բարձրացնելով՝ միայն Հիսուսին տեսան այդ խաղաղության և սրբության բարձունքի վրա:

«Եվ երբ աչքերը բարձրացրին, ոչ ոքի չտեսան, այլ միայն Հիսուսին»: Ահա այս հրաշափառ պատմության ոսկեղեն համարը: Որքա՜ն մեծ դժբախտություն պիտի լիներ աշակերտների համար, երբ աչքերը բարձրացնեին և ոչ ոքի չտեսնեին՝ ո՛չ Մովսեսին, ո՛չ Եղիային և ո՛չ էլ Հիսուսին: Ո՛չ Մովսեսին, որ օրենքներով զգացներ մեղքի մեծությունը ու դատապարտությունը: Ո՛չ Եղիային, որ մարգարեություններով նրանց նախապատրաստեր Փրկչի հավիտենական փրկագործությանը: Ո՛չ Հիսուսին, որ փրկչական շնորհով զորացներ նրանց: Ի՜նչ մեծ ահ ու դողով պիտի իջնեին լեռից, երբ ոչ ոքի չտեսնեին: Սակայն ի՜նչ մեծ ուրախություն նրանց համար, որ այժմ տեսնում են Փրկչին, «Միայն Փրկչին». «Եվ ոչ ոքի չտեսան Հիսուսից բացի»: Մովսեսն ու Եղիան անհետացել էին, միայն Հիսուսն էր մնացել, շնորհների մարմնացումը: Մենք էլ այժմ ոչ Մովսեսով օրենքի տակ ենք, որպեսզի կատարենք պահանջված զոհերն ու ծիսական արարքները, ոչ էլ Եղիայի մարգարեության տակ ենք, որ մի փրկչի, կամ շնորհների ու նոր ավետարանի քարոզչությանը սպասենք, այլ Հիսուսի. «Միայն Հիսուսի» շնորհների հովանու ներքո ենք, որ Իր առատ գթությամբ մեր մեջ է հեղում Իր բազմազան շնորհներն ու առատ պարգևները:

Եթե աշակերտներն աչքերը բարձրացնելով միայն Մովսեսին տեսնեին, «Միայն Մովսեսին», այն կերպարանքով, որով նա ներկայացավ փարավոնին, կամ այն կերպարանքով, որով իսրայելացիներին անվեհերությամբ առաջնորդեց անապատում, կամ այն տեսքով, որով Սինայից իջնելով՝ ներկայացավ ժողովրդին, ինչքա՜ն մեծ պիտի լիներ նրանց երկյուղն ու տխրությունը: Ինչպիսի՜ ցասկոտ և անհամբեր բնավորություն, որը միայն օրենքներով մեղքերդ ճակատիդ դաջել գիտե՝ առանց ներելու: Եվ մի՞թե մինչև հիմա էլ «Միայն Մովսեսին» տեսնողներ չկա՞ն քրիստոնյաներիս մեջ: Սրանք նրանք են, որոնք շնորհների ավետարանի նեքո ապրելով՝ միայն անունով են քրիստոնյա, որոնք Ավետարանի ոգու համաձայն չեն ապրում, այլ միայն ծիսապաշտ հոգով են ապրում, որոնք օրենքների և ծեսերի տրամադրածից նույնիսկ մի նշանախեցու չափ չեն ուզում շեղվել, սակայն երբեք քրիստոնեավայել սիրտ չեն կրում: Ավա՜ղ, այսպիսիները թեև Քրիստոսի խոսքերը լսում են, սակայն Մովսեսին, «Միայն Մովսեսին» են տեսնում: Այսպիսիները ապերջանիկ են, քանի որ փրկության հույս չունեն, քանի որ միայն իրենց մեղքերն են տեսնում՝ առանց վայելելու հավիտենական փրկության շնորհը: Բայց թող օրհնյալ լինի մեր Աստվածը. մենք ոչ միայն լսում ենք Հիսուսի խոսքերը, այլև մեր կյանքի բոլոր դրվագներում՝ մեր տառապանքի, մեր վշտի և մեր ցավերի վայրկյաններին տեսնում ենք Նրան, որն էլ մեզ համար սփոփանք և մխիթարություն է լինում, համբերություն և զորություն:

Եթե աշակերտներն աչքերը բարձրացնելիս, աշխարհի հեզահամբույր փրկչին տեսնելու փոխարեն, Եղիային տեսնեին, «Միայն Եղիային»՝ սուրբ, խստադեմ ու անողոք, Աստծով զգեստավորված մարդուն, «Միայն Եղիային» տեսնեին, «Աստծու Գառին» տեսնելու փոխարեն՝ «Առյուծին» տեսնեին, որն Աստծու մեծափառ ձայնով մեղավոր իսրայելացիների վրա գոչում էր, ապա ինչքա՜ն հուսահատ պիտի լիներ նրանց վիճակը: Եթե աշակերտների հետ միայն Եղիան իջներ լեռից, փարիսեցիներին տեսնելիս՝ Բահաղի քուրմերի պես պիտի այրեր, հրի պիտի մատներ նրանց: Անշուշտ պիտի տեսներ Աքաբին հիշեցնող արյունարբու Հերովդեսին և նրան շներին պիտի մատներ՝ հոշոտելու, պիտի ամբարիշտ Հեզաբելին հիշեցնող Հերովդիային տեսներ և նրա դին հոշոտման պիտի հանձներ: Այս ամենի մեջ մի վրեժխնդիր հոգի չե՞ք տեսնում, ո՞րն եք ավելի նախընտրում՝ Կարմելոս լե՞ռը, որի վրա երկար ու սոսկալի երաշտից հետո երկնքից անձրև տեղաց, թե՞ Գողգոթա լեռը, որտեղից միլիոնավորիներին փրկություն շնորհվեց: Ո՞րն եք նախընտրում՝ Ձիթենյաց լեռան խաղաղությունը, թե՞ Քորեբ լեռան արհավիրքը, վախենում եմ, որ ձեզնից ոմանք դեռևս Եղիային են տեսնում, «Միայն Եղիային», դեռևս նոր միայն իրենց մեջ արծարծված տեսնում են հավիտենական փրկագործության հույսը, իրենցից շատ հեռու են տեսնում Փրկիչ Հիսուսին և հազիվ են կարողանում նշմարել Նրա լույսն ու փառքը: Եղիան եկավ, որպեսզի ժողովրդին նախապատրաստի ապագայի փրկությանը և մարգարեացավ Քրիստոսի փրկագործության մասին:

Երանի՜ մեզ, մեզ, որ դեմ առ դեմ ենք տեսնում Քրիստոսին, «Միայն Քրիստոսին», երանի՜ մեզ, որ գիտենք և հավատում ենք, որ մեր հավիտենական կյանքի ճանապարհը Ինքն է, միայն Հիսուսն է, թե՛ ճշմարիտ կյանքն է Ինքը և թե՛ ճշմարտությունը Նրա մեջ է փայլում, երանի՜ թե մեր աչքերը վեր հառելիս ո՛չ Եղիային և ո՛չ էլ Մովսեսին տեսնեինք, այլ միայն և «Միայն Հիսուսին»: Երանի՜ թե բոլոր քրիստոնյաները, հարուստները, աղքատները, տգետները, գիտունները, օտարները, մերձավորները, հերետիկոսները, ուղղադավանները, մեծերը և փոքրերն իրենց հոգու աչքերը վեր բարձրացնելով՝ ո՛չ Եղիային և ո՛չ էլ Մովսեսին տեսնեին, այլ միայն և «Միայն Հիսուսին:

«Աչքերը վեր բարձրացնելիս Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան». աշակերտներն ինչպիսի՜ ուժ և ուրախություն ապրեցին, երբ տեսան Նրա լուսափառ դեմքը, երբ զգացին Նրա խաղաղ ներկայությունը, Հիսուս ինչքան քաջալերեց նրանց, երբ ասաց. «Ոտքի՛ ելեք, մի՛ վախեցեք»:

Ճշմարիտ քրիստոնյան իր կյանքի մեջ միայն Հիսուսին է տեսնում, իր նեղությունների, սոսկալի տառապանքների, իր վշտերի մեջ միայն Հիսուսին է տեսնում, նա այլևս չի զգում տառապանքները, դրանք այլևս անհետանում են իր աչքերի առջևից և միայն Հիսուսին է տեսնում և Նրանից հետևյալ խոսքն է լսում. «Ես եմ, մի՛ վախեցիր»: Անհավատը նեղության մեջ աչքը վերև բարձրացնել չի կարողանում, եթե նույնիսկ բարձրացնի էլ՝ սևաթույր ամպերից բացի այլ բան չի տեսնելու, որոնք իրենց ամբողջ ծանրությամբ ճնշում են նրան:

Հավատացյալն իր երջանկության մեջ «Միայն Հիսուսին» է տեսնում. իր դրամը, փառքը, ունեցվածքը աչքի առջև ոչինչ են դառնում և միայն Հիսուսին է տեսնում Իր աստվածային լուսաշող փառքի մեջ: Անհավատ հարուստը, իր ագահությունից կուրացած, ոչինչ չի տեսնում իր հարստությունից բացի:

Եթե մարդն իր կյանքում միմիայն Հիսուսին տեսավ և Նրանով ապրեց այս աշխարհում, հանդերձյալ կյանքում էլ Նրան պիտի տեսնի և վայելի հավիտյան: Մարդ, երբ այլևս իր աչքերը փակում է աշխարհի համար և բացում հավիտենականության մեջ, այնտեղ Աստծու փառքի մեջ պիտի տեսնի «Միայն Հիսուսին», չէ՞ որ շատերը մահամերձ վայրկյաններին, իրենց մահվան մահճում, կյանքի և մահվան սահմանագլխին, տեսել են Հիսուսին:

Ո՜վ հավատացյալներ, եթե ցանկանում եք վայելել աստվածային հոգևոր ուրախությունը, ապա «Միայն Հիսուսին» տեսնելով պիտի կարողանաք վայելել, եթե ցանկանում եք չընկճվել տառապանքի և վշտի ներքո՝ «Միայն Հիսուսի» հետ պիտի ընթանաք, եթե ցանկանում եք չարից փորձության չենթարկվել՝ միայն Հիսուսի հետ պիտի լինել, եթե ցանկանում եք հանդերձյալ աշխարում Հիսուսին տեսնել, «Միայն Հիսուսին»՝ այստեղ պիտի Նրա հետ ապրեք և այստեղ «Միայն Հիսուսին» պիտի տեսնել:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ա հատոր, Կ. Պոլիս, 1907 թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում