«Արդ, մենք ի՞նչ կունենանք»

«Արդ, մենք ի՞նչ կունենանք»

«Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք» (Մատթ. 19:27)։ Այս հարցը տվեց Պետրոս առաքյալը Քրիստոսին՝ հետաքրքրվելով իրենց՝ առաքյալներին խոստացված վարձատրությամբ։ Հիսուս Քրիստոս պատասխանեց նրան, որ առաքյալները, Երկրորդ Գալստյանը կնստեն 12 աթոռների վրա և կդատեն Իսրայելի 12 ցեղերին։ Քրիստոս ասաց․«Եվ ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի: Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, և վերջիններ՝ առաջին» (Մատթ. 19:29-30)։

Տիրոջ այս պատասխանը ցույց է տալիս, որ նրան հավատացողը, աստվածահաճո արարքներ գործողն ու երկրային կյանքը քրիստոնյային վայել ապրողը Երկնային Արքայությունում անպայմանորեն կստանա իր վարձատրությունը։ Սակայն մենք, երբեմն կարծես անտեսելով Փրկչի կողմից տրված պատասխանը, ինքներս փնտրում ենք նոր պատասխաններ և առաքյալի նույն հարցը կրկին հղում ենք առ Տերը՝ ի՞նչ կստանամ, եթե Քեզ հետ, Քո ցույց տված ճանապարհով գամ, հետևեմ Քեզ։

Արդյո՞ք ճիշտ է կատարել այս հարցադրումը, արդյո՞ք այս հարցով մեր հավատը ավելի ամրանո՞ւմ է։ Աստված և Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, կարիք չունեն այս հարցադրումների։ Աստված մեզ համար զոհել է իր Միածին Որդուն, Քրիստոս՝ տվել իր կյանքը։ Կա՞ կրկին պատճառ խորհելու մեր վարձատրության մասին, թե՞ գուցե պարզապես պետք է հասկանանք՝ ինչ ասել է վարձատրություն և փոխենք մեր պատկերացումները։ Հասկանանք, որ հոգևոր վարձատրության մասին խոսելիս՝ պետք է ակնկալել հոգևոր, ոչ թե նյութական երևույթներ՝ ի պատասխան մեր աղոթքների։ Այն,որ Քրիստոս իր կյանքն է տվել մեզ համար, արդեն իսկ վարձատրություն է։ Ինքը՝ Քրիստոս, այսպես է ասում․ «Ես եմ լավ հովիվը. և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից: Ինչպես Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հորը. և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար» (Հովհ․ 10։14-15):

Գուցե մեր վարձատրությունը ոչ միայն Երկնային Արքայություն մտնելն է, այլ նաև մեր երկրային կյանքում Քրիստոսին մեզ որպես ուղեկից ունենալը։ Գուցե մեր վարձատրությունը մեր նեղ ու դժվար պահերին Նրան ապավինելն է։ Գուցե մեր վարձատրությունն է այն, որ մենք արժանացել ենք Քրիստոսով ապրելու հնարավորությոնաը և որ Նա՝ որպես լավ հովիվ, իր կյանքն է տվել մեզ համար։ Ուստի՝ վարձատրության մասին պատասխանն արդեն իսկ Սուրբ Գրքում ունենալով՝ դադարենք խորհել այս մասին, չսակարկենք Տիրոջ հետ և մեր հույսը դնենք միայն Նրա վրա՝ անպայմանորեն իմանալով, որ Տիրոջից պատասխանը երբեք չի ուշանում։

Վարձատրության մասին այսպես է ասում Սուրբ Հովհան Ոսկեբերանը․«Իմացեք, որ մենք վարձված մշակներ ենք: Տիրոջ հետ սակարկելը վայել չէ. աշխատի´ր, կատարի´ր Նրա սուրբ պատվիրանները, իսկ պարգևատրելը Նրան թող: Նա Գթասիրտ է և կտա քեզ ավելին, քան կարող ես ցանկանալ»:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում