«Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը»

«Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը»

«Որ ընդունի զՈրդին, ընդունի և զկեանսն. և որ ոչ ընդունի զՈրդին Աստուծոյ, և ոչ զկեանսն ընդունի»։

«Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կյանքը» (Ա Հովհաննես 5։12)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ․

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը կամ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը։ Պատահական չէ, որ այս տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է։ Սուրբ Եղիշեն Պայծառակերպության մասին խոսելիս ասում է. «[Քրիստոս] Իր մահվան համար զարդարվեց ոչ թե երկրային պատվական հանդերձներով, այլ Իր՝ ի բնե ինքնածագ լույսով, որպեսզի աշխարհից խավարի իշխանությունը հալածի ու մարդկանց թախծալի տրտմությունը մխիթարի և հին տրտմության բիծն Իր անապական լույսով սպիտակեցնի։ Եվ մարդիկ, որ իրենց սիրելիների մահվան համար տխրում և մթնում են ու կենդանության օրոք գրեթե մահն են ճաշակում, – թող նայեն Աստծո Որդու մահվան զվարթությանն ու պայծառությանը, թող նրանցից վերանա անհույս տրտմության սուգը, և հարության հույսով լցվեն ու այլևս մահվանից չսարսափեն, որ արդարներին ու մեղավորներին դողի մեջ է գցել։ Նրա համար ենք այստեղ մահվան ճառն ասում, որ սրանով ենք տեսնում երկնքի արքայությունը, որն Իր զորությամբ մեծ համարձակությամբ եկել հասել է։ Մահն արհամարհում ենք, որովհետև մեր անձերն արքայության հույսով են համակվել» (Սուրբ Եղիշե վարդապետ, Վարդավառի մեծ օրվա առիթվ // Աստվածաբանական երկեր, Ս. Էջմիածին, 2007)։

Քրիստոսի Պայծառակերպությունը մեծ խորհուրդ ունի իր մեջ։ Այն մարդկության հարության ավետիսն է, որը տրվեց ոչ միայն առաքյալներին, այլև բոլորին։ Տերը Իր երկրային կյանքի ընթացքում Իրեն ճանաչեցրեց աշակերտներին՝ ցույց տալով նրանց բժշկության, մեղքերի քավության և թողության, հրաշագործության, հարություն առնելու և հարություն պարգևելու Իր Աստվածային կարողությունը։ Իսկ Թաբոր լեռան վրա Նրա պայծառակերպվելը պիտի լրացներ առաքյալների իմացությունը Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին և փարատեր բոլոր կասկածները, որպեսզի երբ Քրիստոսի խաչելությունն ու մահը տեսնեին, ինչպես ասում են եկեղեցու հայրերը, չերկմտեին, որ Աստծո Որդին էր Նա։ Պայծառակերպությունը պիտի խորհելու առիթ դառնա նրանց համար, ովքեր երկրպագում են Հիսուսին՝ որպես Աստծո, նաև նրանց համար, ովքեր ընդունում են Նրա՝ միայն մարդկային բնությունը և մերժում են Աստվածային բնությունը, Պայծառակերպությունը կօգնի նրանց, ովքեր ցանկանում են ըմբռնել հարության էությունը, ինչպես նաև կօգնի Հին և Նոր կտակարանների միջև կապը տեսնել ցանկացողներին։ Իրականում, թե ինչ կատարվեց տիեզերքում Տիրոջ պայծառակերպության ժամանակ, նշում է Սուրբ Մովսես Խորենացին. «Երրորդության այս Լույսը Միածինն այսօր Թաբոր լեռան վրա Իր շուրջ փայլեցրեց՝ ճառագայթելով արարածներին, որով երկինքը ցնծաց, և երկիրը պայծառացավ, երկնքի վերնահարկերը բացվեցին, և լույս հոսեց դեպի ստորին խորանը, երկնքում հայրական ձայնը հնչեց, տիեզերքը որդեգրվեց, Հոգու ճառագայթը ծագեց, երկնածինները լուսազգեստվեցին, հրեշտակների խումբը պարեց երկրի վրա, հրեղենների դասերը երկնքի դռնով մտան, երկնքի օրհնությունները երկրի վրա հնչեցին, երկիրը երկնանման զարդարվեց, դրախտի դռները բացվեցին, այնտեղից արտաքսվածը պարեց նրա մեջ, կենաց ծառի հոտը բուրեց, երկիրն անմահության ծաղիկ բուսցրեց, կյանքի լույսը ծագեց, մահու ստվերը փախավ, արդարությունը թագավորեց, մեղքերի իշխանությունը լուծարվեց, ավետարանական փողը գոչեց, տիեզերքը քնից զարթնեց, Աստծուն մարմնով եկած տեսան և Նրա հետ աստվածացան» (Մովսես Խորենացի, Վարդավառի խորհրդի մասին // Աստվածաբանական երկեր, Ս. էջմիածին, 2007, էջ 36)։

Այս մեջբերումը նպատակ ունի մեր միտքը հասու դարձնելու Պայծառակերպության ժամանակ կատարված տիեզերական փոփոխությանը, միավորելու մեզ երկնքի ու երկրի ցնծությանը։ Աստվածաբանական մեկնություններն օգնում են մեզ մեր միտքը երկրային սահմաններից վեր բարձրացնել, մտքի կենցաղային զբաղմունքներից ելնել դեպի երկնային վերնահարկերը, մարդկային ուրախություններից վեր հառնել դեպի Աստվածային իրողությունը, չսահմանափակվել միայն նյութական տեսանելիքով, այլ նաև միանալ անտեսանելի հոգևոր ոլորտին, որի մեջ մեզ ցանկանում է ներառել Ինքը՝ Տերը։

Ուստի, սիրելինե՛ր, Քրիստոսի Պայծառակերպության տոնախմբությամբ ուրախանանք՝ այն բանի մասին խորհելով, ինչ որ ցանկանում էր հայտնել մեզ Սուրբ Երրորդությունը։ Մեր ննջեցյալ մտերիմների, հարազատների և ընկերների մասին հիշելիս կարևոր է միաժամանակ հիշել նաև հարության խոստումը։ Բոլորն էլ կցանկանային, որ իրենց հարազատները ամուր հավատքով ապրեին իրենց կյանքը, բարի գործերով կարողանային ննջել ի Քրիստոս Հիսուս, սակայն, ցավոք, միշտ չէ, որ այդպես է։ Մարդիկ, անհանգստանալով իրենց և իրենց հարազատների հոգու փրկության համար՝ բարիք են արել, նվիրատվություններ ու բարեգործություններ են կատարել կարիքավորներին, հիվանդներին, եկեղեցիներին, հասարակական կյանքի բարելավմամբ զբաղվող անհատներին և կազմակերպություններին, պաշտպանել են որբերին և այրիներին՝ հույս ունենալով արժանանալ Աստծո ողորմությանը։ Մեր ձեռագիր մատյանների հիշատակարաններն ու եկեղեցիների վիմագրերը վառ վկայությունն են այն բանի, որ հայ ժողովուրդը ապրել է հոգու փրկության գաղափարախոսությամբ, նրան երբեք չի լքել հարության խոստումը, որը ազդակ է հանդիսացել այլոց բարօրության մասին հոգալու համար։ Այդ նվիրյալներից են նաև հայրենիքի և սեփական ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերող մեր զինվորները, որոնց անձնվեր, քաջ և խրոխտ ծառայությամբ ապահովաբար անկողին են մտնում հայ կինն ու մանուկը, ծերն ու երիտասարդը։ Ուստի՝ մենք սիրո՛վ պարտավորված ենք աղոթել մեր սահմաններում կանգնած զինվորների համար, առավելաբար վերջին օրերին զոհված հերոսների՝ մայոր Գարուշ Համբարձումյանի, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի համար, ինչպես նաև մարտի դաշտում՝ վիրավորում ստացած հերոս զինվորների ապաքինման համար։ Աղոթում ենք նաև այս համավարակի օրերին բուժաշխատողների անձնազոհ աշխատանքի, հիվանդների և հիվանդության պատճառով մահացած մեր հայրենակիցների համար։

Հովաննես առաքյալն ասում է. «Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կյանքը (Ա Հովհաննես 5։12)։ Ոգեշնչված Պայծառակերպության խորհրդով՝ մեր մեջ ընդունենք կյանքը, ջանանք մեր գործերով ճշմարիտ կյանքի մասը դառնալ և արժանանանք հավիտենական կյանքին։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում