Զինվորներ, որ չեն կրում համազգեստ և զենք

Զինվորներ, որ չեն կրում համազգեստ և զենք

Ստեղծելով տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն՝ արարչագործության վեցերորդ օրը «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Սակայն չարը եկավ աշխարհ և գայթակղություններով մարդկանց մտքերում սերմանեց բարիք չգործելու ցանկությունը։ Հենց այդ մտքերից է, որ սկսվեցին զանազան արատավոր երևույթները, որոնց թվում և պատերազմն է։

Կարելի է վստահաբար ասել, որ աշխարհում պատերազմները երբեք չեն ունեցել դրական ազդեցություն։ Այո՛, գուցե որոշ կողմեր դրանից շահել են տարածքներ, սակայն հնարավոր չէ պատկերացնել պատերազմ՝ առանց զոհերի, խեղված ճակատագրերի։ Այդ է պատճառը, որ պատերազմում յուրաքանչյուր մարդկային կորուստ արժեզրկում է տարած հաղթանակը։ Ի՞նչ արժե գրավված տարածքը, երբ այն դեռ պատված է արյան հետքերով։

Սակայն զանազան կորուստներին զուգահեռ՝ գոյություն ունի պատերազմից տուժածների մի այլ խումբ, որ չի մասնակցում գործողություններին, սակայն իր մաշկի վրա զգում է դրա բոլոր հետևանքները։ Պատերզմն, այո՛, խեղաթյուրում է նաև ճակատագրեր, զրկում մարդկանց խաղաղ կյանքով ապրելու, բարին ստեղծելու հնարավորությունից, անգամ եթե նրանք պատերազմական գործողնությունների ոչ թե անմիջական մասնակիցներն են, այլ վկաներ։

Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրում են մարդիկ, ովքեր ունեն քաջությունը արկերի պայթյունների ներքո ապրելու և արարելու։ Այդ մարդկանց երբեմն մինչև իսկ բաժին են հասնում թշնամու կողմից ուղարկված փամփուշտները, սակայն նրանք կրկին չեն լքում իրենց հողը՝ շարունակելով գործել։ Արդյո՞ք քաջություն չէ։

Այս մարդիկ՝ մեծից փոքր, զինվորներ են։ Իրական զինվորներից միայն տարբերվում են համազգեստի և զենքի բացակայությամբ, սակայն իրենց ներկայությամբ մինչև իսկ կարող են վճռորոշ դեր ունենալ, երբ մարտ սկսվի։

Նրանք հերոսներ են, քանի որ տեսնելով ամենը և մինչև իսկ հետևանքները սեփական մաշկի վրա զգալով՝ չեն մտածում անգամ հողը մեկ վայրկյանով լքելու մասին։ Նրանք նման են իրական մարտիկի, ով մինչև վերջին շունչը կռվում է թշնամու դեմ՝ չհանձնելով դիրքը։ Իսկ ինչո՞ւ պիտի հանձնի, չէ՞ որ Աստծո կամքո ծնվել և արարել է հենց այդ հողում, չէ՞ որ դա իր նախնիների ծննդավայրն է: Այս գիտակցումը հայերիս արյան մեջ է, այն հնարավոր չէ սովորել, սովորեցնել կամ զարգացնել։ Այդ զգացումն այսօր ունեն նաև փոքրիկները, որ գետնափոր ապաստարաններում են՝ զրկված փափուկ անկողնում խաղաղ քուն մտնելուց։ Եվ վստահաբար՝ նրանց երեխաներն էլ կունենան նույն գիտակցումը և առաքելությունը՝ ապրել և արարել հայրենի հողում։

Մի՞թե այդ փոքրիների խաղաղ քնի համար չէ առաջնագծի պայքարը, մի՞թե աստվածահաճո չէ համազգեստ և զենք չկրող այս զինվորների գործելակերպը, անգնահատելի՝ սխրանքը ինչպես հավատի, այնպես էլ հայրենիքի պաշտպանության հարցում։

Աղբյուր՝ Qahana.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում