Իմաստավորում՝ սիրով

Իմաստավորում՝ սիրով

«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են» (Ա Կոր․ 13:1)։ Աստվածաշնչյան այս խոսքերն ասես ուղեցույց են ծառայում յուրաքանչյուրիս համար: Ի՞նչն է առավել սիրուց` անցողիկ փա՞ռքը, ուսուցանվող գիտությո՞ւնը, թե՞ ունեցվածքը, որ որքան դժվարությամբ ձեռք է բերվում, նույնքան հեշտությամբ մատնվում է կորստի: Հաճախ կորցնում ենք սահմանները սիրո և այստեսակ երևույթների` ընկնելով կասկածի կամ մոլորության մեջ: Կասկածում ենք` արդյո՞ք սերը նյութական արժեքների մեջ անհնար է գտնել, արդյո՞ք սերը հե՛նց նյութական չէ: Եվ կամ ընկնելով մոլորության մեջ հարցնում ենք` արդյո՞ք հենց սա՛ չէ կարևորը` ոսկին, ունեցվածքը, կրթությունը, կարիերան, բարձր վարձատրվող աշխատանքը: Արդյո՞ք ամենից կարևորը սեփական անձի զարգացումը չէ: Այս հարցերը տալով՝ արդեն իսկ դառնում ենք պակաս հավատարիմ քրիստոնեական մեր արժեքներին, ապրելակերպին, սխրանքին և առաքելությանը:

Անշուշտ, ոչ ոք չի կարող հերքել, օրինակ, կրթության, գիտելիքի կարևորությունը: Սակայն որքա՞ն արժեքավոր է այդ գիտելիքը, երբ դրա հիմքում դրված չէ սեր: Այս օրերին ակնհայտ է դառնում հետևյալ օրինակը: Մեր բոլոր բժիշկները ունեն գիտելիք, սա անհերքելի փաստ է, սակայն ապաքինված հիվանդները մշտապես կհիշեն նրանց, ովքեր ունեին քրիստոնեական խոնարհություն և սեր: Ովքեր չէին տեսնում նախ իրենց, ապա մյուսներին, հոգատար էին և ուշադիր ոչ միայն մարմնի, այլև հոգու առողջությանը։

Միաժամանակ մտածենք` անհրաժե՞շտ են նյութական արժեքներ որևէ հիվանդություն շրջանցելու, դրանից բժշկվելու համար: Անշուշտ, այսօր շատերը չունեն հնարավորություն բուժվելու որևէ հիվանդությունից և դիմում են հանրությանը` նյութական օգնություն ստանալու ակնկալիքով: Այս օրինակից, սակայն, կարիք չկա կարծել, թե հնարավոր է բուժվել գումարով, գանձերով և ոսկով: Ո՛չ, սական կարող ենք ասել, որ հնարավոր է բժշկվել սիրով, հավատով և աղոթքով, իսկ այս միջոցները սահմանված են մարդկության, ոչ Աստծո կողմից:

Միաժամանակ՝ արդյո՞ք գանձերը երկրի վրա գանձ են համարվում նաև երկնքում, արդյո՞ք դրանք գանձեր են, եթե չեն ծառայում բարիք գործելու համար, արդյո՞ք գանձեր են առանց սիրո: Եվ ո՞ւմ է պետք ունեցվածքդ, եթե դրանով բարին չես գործելու։

Սեր չունենալով` մենք մեզ և մեր մերձավորներին զրկում ենք իրականում լավագույն կյանքից: Ապա փորձում ենք սքողել մեր` ճահճում գտնվող կյանքը` հիմնվելով նյութական արժեքների վրա, ստեղծելով փառք, գումար, գիտելիք, սակայն ոչ ամենակարևորը, ոչ սեր:

Ինքներս մեզ տանք հարցը` եթե անգամ ֆիզիկական հիվանդությունների բուժման նախապայմանն է ամենազոր սերը, ինչո՞վ ենք մենք զբաղված աշխարհում` դիզելով գանձեր: Իսկ գուցե մենք իսկապես ունենք մեծ հավատ, սակայն ոչ սեր, գուցե իսկապես ունենք բարիք գործելու ցանկություն, որ սիրո շարժառիթից ելնելով չէ: Ի՞նչ ենք մենք անում մեր կյանքի հետ, և գուցե հենց ա՞յս է առաքյալի մատնանշածը` սիրո պակասից ծնված` ծնծղաների աննպատակ ղողանջը, որ սեր ունենալու դեպքում կարող է իմաստավորվել՝ դառնալով բարիք։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում