Վահագն Մուղնեցյան. Ընդմիջում

Վահագն Մուղնեցյան. Ընդմիջում

Ստվերի մեջ ու լույսի,
Խավարի մեջ՝ մեկուսի,
Իմ կարոտներն են մեռնում
Հավատի հետ և հույսի:

Անուրջներս են հանգչում,-
Սավառնումներս ճերմակ,-
Իմ ԵՍ-ն ինձնից ազատվել՝
Թավալվում է ոտքիս տակ:

Կենաց աղերսն է հերքում
Եդեմական մի խնձոր,
Մատռվակներն են ողբում
Գինեձոնը ոսկեծոր:

Մի սև քուրձ է մոտենում,-
Շաղապատվում իմ շնչին,-
Խաչի թևն է կոտրվում՝
Տարակույսը առաջին…

Մարդու Որդուն կարգեցին
Աստված երկնի ու երկրի,
Որ նա փակի ամեն դուռ
Մարդու հոգու եզերքի:

Չէ, չի բացվում երկնային
Ոչ պատուհան, ոչ երդիկ,
Եվ գալիս ենք ու անցնում
Որպես խաղք ու խաղալիք:

Փակ է դուռը երկնքի,-
Ինձ համար և ամենքի,-
Մարդու Որդին խաղը իր
Զիջեց որդուն խաբկանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում