Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոսի և քառասունհինգ վկաների, Սուրբ կույսեր Հուստիանեի, Եվփիմեի և Քրիստինեի հիշատակության օր

Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոսի և քառասունհինգ վկաների, Սուրբ կույսեր Հուստիանեի, Եվփիմեի և Քրիստինեի հիշատակության օր

Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոս

Եկեղեցական պատմության մեջ երկու մեծանուն Կիպրիանոսներ են հայտնի, մեկը, ավելի նշանավորն ու պատմականը, արևմուտքից մի աֆրիկացի է, մյուսը և առավելապես առասպելականը՝ արևելքից է: Առաջինը Արևմուտքի մեծագույն հայրերից է և ապրել է երրորդ դարի առաջին կեսերին՝ շուրջ 200-258 թթ.: Քառասունհինգ տարեկանում, հեթանոսությունից դարձի գալով, կարճ ժամանակահատվածում դառնում է իր քաղաքի՝ Կարթագենի եպիսկոպոսը, որն այժմ Թունուզի նշանավոր հին քաղաքներից մեկն է և Արևմտյան Աֆրիկայի քրիստոնեության կենտրոնը: Երկրորդը արևելյան ժողովրդական սուրբերից մեկն է, որն ապրել է երրորդ դարի վերջին կեսերին և Սիրիայում եպիսկոպոս է եղել, հստակ չէ Անտիոքում, թե մեկ այլ քաղաքում է ծառայել: Հատկապես մեզ մոտ այս երկուսին շատ են շփոթել միմյանց հետ:

Լատինները աֆրիկացի և անտիոքացի Կիպրիանոսների համար առանձին տոներ ունեն, իսկ մենք և հույները՝ ընդամենը մեկը և այն էլ առանց հստակեցնելու, թե որ մեկին է նվիրված: Հաշվի առնելով, որ մեր և հույների տոնացույցում նշված Կիպրիանոսի հետ հիշատակվում է նաև Հուստիանիա կույսը, պարզ է դառնում, որ մեր հիշատակածը արևելքի Կիպրիանոսն է, քանի որ Հուստիանիա կույսի պատմությունը կապված է Անտիոքի Կիպրիանոսի հետ: Հույներն էլ կույսին և Կիպրիանոսին միասնաբար են տոնում հոկտեմբերի 2-ին, որը համապատասխանում է մեր Հայսմավուրքին: Մեր Եկեղեցին նրանց հիշատակում է Վարդավառից հետո եկող երկրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Աֆրիկացի Կիպրիանոսը տոնվում է միայն լատինների կողմից, սեպտեմբերի 16-ին:

Հետևաբար, մենք պիտի ներկայացնենք արևելքի Կիպրիանոսին:

Մեր Հայսմավուրքների համաձայն Կիպրիանոսը Անտիոք քաղաքում «Հայտնի ազգից, ազնվական և մեծահարուստ մի մարդ էր, գիտակ ամեն տեսակի իմաստություններին և հմուտ մոգության մեջ»: Նույն քաղաքում ապրում էր նաև Հուստիանիա անունով մի քուրմի դուստր, որը քրիստոնյա դառնալով, կարողանում է դարձի բերել իր ծնողներին: Մի հեթանոս իշխան ցանկանում է ամուսնանալ Հուստիանիայի հետ: Վերջինս, նրան մերժելով, ասում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսի համար: Իշխանը ճարահատյալ դիմում է Կիպրիանոս մոգին և մեծ գումար է առաջարկում նրան, որ իր կախարդությամբ կարողանա Հուստիանիային իրեն միացնի: Սակայն դեպքերը այնպես են զարգանում, որ մոգն ինքն է գերվում Հուստիանիայի ցուցաբերած գերբնական զորությունից և որպես քրիստոնյա մկրտվում է ու կարճ ժամանակահատվածում եկեղեցական բոլոր աստիճաններով բարձրանալով՝ եպիսկոպոս է ձեռնադրվում և նվիրվում է քարոզչական հրաշալի առաքելությանը: «Արևելյան կողմը», տեղեկանալով նրա այս «հակապետական» գործունեության մասին, իր մոտ է բերել տալիս և ահավոր չարչարանքների է ենթարկում նրան: Կիպրիանոսը, Քրիստոսի զորությամբ, այդ ամենի միջից կենդանի է դուրս գալիս: Ի վերջո ուղարկվում է Նիկոմիդիա՝ Իզմիտ, որտեղ Դիոկղետիանոս կայսեր հրամանով գլխատվում է:

Կիպրիանոսի համբավը, իբրև հրաշագործ սրբի համբավ, գոնե մեր մեջ, հիմնվում է իր անունով հայտնի աղոթագրքի վրա, որը Երուսաղեմի գրատնից ամենաշատ սպառում ունեցող գիրքն է: Այս աղոթագիրքը սկսվում է Աստծո ավելի քան 400 անուններով, որոնք իրար հետևից թվարկվում է, որպեսզի վերջում ասվի. «Քո սուրբ և ահեղ անուններիդ զորությամբ պահապան եղիր ծառայիս»: Այս գրքույկի մեջ նաև մի գլուխ կա «Կիպրիանոս Հայրապետի դարձը» գլխագրով, որտեղ, իբր թե սուրբն ինքն իր դարձն է ներկայացնում արևելյան չափազանցություններով:

Քառասունհինգ վկաներ

Սրանք պատկանում էին Փոքր Հայքի Նիկոպոլիս քաղաքում Լիկիանոս կայսեր օրերին եղող «Հայկական լեգեոն» կոչվող կայսերական գնդին: Իբրև վերոհիշյալ հակաքրիստոնեական հրահանգի և հալածանքի շարունակություն, «Հայկական լեգեոն»-ն էլ քննության ենթարկվեց և գնդի թվով 43 զինվորներ արիաբար հայտարարեցին, որ քրիստոնյա են և որոշել են քրիստոնյա մնալ: Երբ հարցրեցին, թե որտեղից են, նրանց խոսնակը՝ Ղևոնդը, պատասխանեց.

– Ոմանք այս քաղաքից և ոմանք շրջակա գավառներից են, բայց բոլորիս հայրենիքը երկինքն է, որտեղ մեր երկնավոր Հայրն է և մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Նա է, որ մեզ սովորեցրեց չպաշտել կուռքերին:

Դատավորն ասաց.

– Ձեր այդ Քրիստոսը այլևս վաղուց խաչված և մահացած է:

Ղևոնդը պատասխանեց.

– Դու միայն Նրա մահվան մասին ես լսել, այժմ սովորիր, որ հարություն առավ և այժմ էլ ողջ է երկնքում:

– Ինչպե՞ս կարող է մեկը, որ 300 տարիներ ի վեր մահացած է, ողջ լինել:

– Ճիշտ է, մեզ համար մահը հանձն առավ, որպեսզի մեզ ազատի մեր մեղքերից և կռապաշտությունից, սակայն կրկին դեպի կյանքը եկավ և հավիտյան ապրում է: Մեզ էլ սովորեցրեց, որ Իր համար մահանանք, որպեսզի մենք էլ,Նրա պես, վերակենդանանաք և հավիտյան ապրենք:

Եվ այսպիսի երկար խոսակցություն կայացավ նրանց մեջ, որի ժամանակ Ղևոնդը բացահայտեց կռապաշտության ծիծաղելի լինելը և քրիստոնեության վսեմությունը: Ի վերջո դատավորը նրանց բանտ ուղարկեց, որտեղ նրանք շարունակ աղոթում էին: Ենթարկվեցին ծանր չարչարանքների: Մի հայ կին նրանց համար ջուր էր հայթայթում: Մի օր էլ կնոջն արգելեցին ջուր տալ: Այդ ժամանակ Ղևոնդը հայերեն լեզվով ասաց կնոջը, որ առջևի պատուհանից բերի ջուրը, որպեսզի ընկերները չտկարանան և չզրկվեն մարտիրոսական փառքից: Նրանց պահապաններից երկուսը, տեսնելով նրանց քաջությունն ու լույսը, որ ծագում էր բանտի մեջ, վազեցին ներս և ասացին. «Մենք էլ ենք քրիստոնյա և ցանկանում ենք Քրիստոսի զինվորները լինել»: Այսպիսով նրանց թիվը դարձավ 45: Ի վերջո դատավորը այրելով սպանելու վճիռ արձակեց: Նախ նրանց ոտքերը ջարդեցին, որպեսզի կրակի մեջ գցելու ժամանակ չփախչեին: Երբ բոլորին կրակը նետեցին, նրանցից մեկը, որը մի հեռու անկյունում մոռացվել էր, ամբողջ ուժով բղավեց. «Ես այստեղ եմ, ես այստեղ եմ»: Նրան էլ բռնեցին և կրակը նետեցին, որտեղ բոլորը միասին Աստծո անունը օրհնելով ավանդեցին իրենց հոգիները 317 թ.-ին: Սրանց ոսկորներն էլ նետվեցին գետը, բայց Աստծո խնամակալությամբ անկորույս չմնացին և քրիստոնյաների կողմից հավաքվելով՝ թաղվեցին:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

Հուստիանեի կույս

Առաջին գլխի 18-րդ համարում տեսանք, որ այս կույսի վարքը սերտորեն կապված է Կիպրիանոս Եպիսկոպոսի հետ և միասին էլ տոնախմբվում են: Անվան հունական տարբերակը Հուստինա է: Նա թեև Անտիոքում կռապաշտության մեջ է մեծացել, սակայն քրիստոնյա է դարձել և իր ծնողներին էլ դարձի է բերել ու իրեն նվիրել է սովորականից վեհ սրբության կյանքի: Մի երիտասարդ սիրահարվեց նրան, բայց նրա կողմից խստագույնս մերժվեց: Երիտասարդը Կիպրիանոս մոգին դիմեց, որը իր դևերի միջոցով ապարդյուն փորձեց փոխել կույսի միտքը, սակայն նրա կախարդությունները ոչ մի ներգործություն չունեցան նրա վրա: Կիպրիանոսը տեսնելով, որ Հուստիանեն մի ավելի մեծ գերբնական ուժի տեր է, քան ինքը կարծում էր, դարձի է գալիս և մկրտվում: Երկուսը միասին Ավետարանի քարոզչությանը նվիրվեցին, չարչարանքների ենթարկվեցին, որոնցից հրաշքով ազատվեցին: Վերջ ի վերջո Նիկոմիդա ուղարկվեցին, որտեղ Դիոկղետիանոսը, շուրջ 300-ական թվականներին, հրամայեց գլխատել նրանց:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

Եվփիմե կույս

Եվփիմեն քաղկեդոնացի մի քրիստոնյա մեծահարուստ ընտանիքի դուստրն էր, որը մեծացել էր տարբեր տեսակի առաքինություններում: Ամբողջությամբ Աստծուն նվիրվելու համար կուսության ուխտ էր արել: Այս ընթացքում քաղաքի հեթանոսական աստվածներից մեկի պատվին մի հանդիսություն էին նախաձեռնել, որին հրավիրել էին քաղաքի ողջ բնակչությանը: Եվփիմեի բացակայությունը նկատվեց: Մարդ ուղարկեցին նրան փնտրելու և գտան այլ 49 մարդկանց հետ թաքստոցում աղոթելիս: Բոլորին հրամայվեց մասնակցել տոնակատարությանը: Բոլորն էլ ասացին, որ քրիստոնյա են, և նմանատիպ սուտ և սխալ պաշտամունքներից իսպառ հրաժարվել են: Այս խոսքի պատճառով 49 հոգին նույն տեղում սպանվեցին: Իսկ Եվփիմեն ծանր չարչարանքների ենթակվեց, որոնցից հրաշքով կենդանի մնաց: Ի վերջո գազանների մոտ նետեցին: Թեև սրանք շան պես նրա ոտքերն ու ձեռքերն էին լիզում, բայց Եվփիմեն Աստծուն աղոթեց՝ որ նախընտրում էր գազանների ժանիքներով մահանալ, քան մարդկանց չարությամբ, ուստի մի արջի կծումով հոգին ավանդեց: Գազանները չհամարձակվեցին հոշոտել սրբասնյալ մարմինը, որը քրիստոնյաների կողմից գաղտնի վերցրվեց և 303, կամ 307 թ.-ին պատվով թաղվեց:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

Քրիստինե կույս

Քրիստինե Կույսը Տուր քաղաքից էր, որը Արևելյան Եկեղեցիները նույնացնում են Փյունիկեի (այժմյան Լիբանան) Տյուրոս նշանավոր քաղաքի հետ և համարվում է, որ [Քրիստինեն] ապրել է Բ դարի սկզբներին: Իսկ Արևմտյան Եկեղեցին Տուրը համարում է Իտալիայի աննշան քաղաքներից մեկը և այս կույսի վարքը զետեղում է Դ դարի վերջերին: Երկու դեպքում էլ նրա հայրը իրենց քաղաքի կառավարիչն է, որը իր միամորիկ, դեռահաս դստերը, 10-12 տարեկանում, մի բարձր աշտարակ կառուցելով և այնտեղ համադրելով իր ոսկյա և արծաթյա կուռքերին, ընծայում է աստվածներին և իր դստերը, 12 նաժիշտներով, քրմուհի է կարգում: Քրիստինեն երկնային ներշնչանքով լուսավորված, քիչ – քիչ վերահասու է լինում կուռքերի ոչնչությանը, և Քրիստոսի մասին իր մանկության օրերին լսածները ավելի պայծառ լույսերով են ներկայանում նրան, և քրիստոնեական կրոնի ճշմարտության վերաբերյալ համոզմունք է առաջանում և ինքնաբերաբար քրիստոնյա է դառնում: Փշրում է կուռքերը և առիթը գտնելով՝ նրանց ոսկին և արծաթը վաճառելով աղքատներին է բաշխում: Հայրը տառացիորեն կատաղում է և իր աղջկան աննկարագրելի չարչարանքների է ենթարկում և բանտ է նետում այն պայմանով, որ հաջորդ օրը, եթե աղջիկը չփոխի իր միտքը և չվերադառնա հին աստվածներին, չարաչար պիտի սպանել տա նրան: Սակայն նույն գիշերը հայրը հանկարծամահ է լինում: Հաջորդ օրը դատավորը, կամ կառավարիչը, ավելի սաստիկ չարչարանքների է ենթարկում մատաղահասակ աղջկան: Երբ տեսնում է, որ նա ամուր կառչած է մնում իր կրոնից, հրամայում է սրով սպանել: Ըստ Արևմտյան ավանդության, որոշ ժամանակ անց մարմինը փոխադրվում է Սիցիլիայի Պալերմո քաղաքը, որտեղ նրա գերեզմանի վրա մի հոյակապ եկեղեցի է կառուցվում և Քրիստինե Կույսը մեծ բարեպաշտության պատճառ է դառնում:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը — Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոս և քառասունհինգ վկաներ, Սուրբ կույսեր Հուստիանե, Եվփիմե և Քրիստինե

Հետևեք մեզ նաև Telegram-ում