Հրաչյա Սարուխան. Երկունք սույն դարու

Հրաչյա Սարուխան. Երկունք սույն դարու

Մուշեղ Գալշոյանի հիշատակին

Դատարկ սեղան է, դատարկ ծաղկաման՝
Դաշտանկարի թափուր կենտրոնում։
Կանգնած եմ օտար գոյության նման…
Հորիզոնները երկունք են տոնում.

Հասկերի երկունք և բողբոջների,
Նաև՝ նախանյութ այն Գոյաձկան, Ո
ր հավիտենից հոսող ջրերի
Հայցվորն է միակ ու միակ վկան.

Հայցվոր, որ ինքնին ծաղիկ է և հաց,
Վկա, որ նաև հայցատու է մի…
Ո՞վ էր, օ՛ Երկինք, որ չըողորմաց—
Փշերն Աշխարհի ժողովեց ի մի.

Փշեր, որ իսկույն պսակ են դառնում
Գողգոթա ելնող Սրբերի համար,
Որոնք, օ՜ Երկինք, էլ չեն համբառնում,
Զի ոչ Հայր ունեն, ոչ էլ Տիրամայր…

Դաշտանկարի թափուր կենտրոնում
Կանգնած եմ օտար գոյության նման։
Հորիզոնները երկունք են տոնում…
Դատարկ սեղան է, դատարկ ծաղկաման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում