Հայ գրականության վերաբերյալ հայեցակարգը հարված է հայի ոգուն, տեսակին․ Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

Հայ գրականության վերաբերյալ հայեցակարգը հարված է հայի ոգուն, տեսակին․ Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

Այս հայեցակարգը հարված է հայի ոգուն, հայի տեսակին ու հայկականությանը և այսօր մարդիկ կան, որոնց համար դա ծաղրի առարկա է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով հայ գրականության վերաբերյալ հայեցակարգերին։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը քննարկման է դրել Հայ գրականություն առարկայից «հայ» բառի հանումը, քանի որ գրականությունն իր մեջ ներառում է նաև արտասահմանյանը։

Գրականագետի խոսքով՝ սահմանին կանգնած տղաներն էլ իրենց կյանքը տալիս են հանուն հայրենիքի․ «Դա ի՞նչ է, դա մարդու նկարագիր է, որը գալիս է հոգուց, իսկ ոգին լիցքավորվում է գրականությամբ, պատմությամբ ու ազգային հիշողությամբ, իսկ եթե մենք ուզում ենք սա ջնջել, մենք էլ անելիք չունենք, սահմաններն էլ իզուր ենք պահում»։

Դավիթ Գասպարյանն այս ամենում վտանգավոր միտում է տեսնում․ «Սա մի շղթա է, որի մի օղակում Հայ եկեղեցին է, մյուսում՝ հայոց լեզուն։ Հասկանում ե՞ք՝ առանց այս շղթայի մեր ազգային պատկանելիությունը վերանում է։ Սրա վերացումը պահանջարկ չունի ժողովրդի, ծնողների, աշակերտության մեջ»։

Դավիթ Գասպարյանը հռետորական հարց է բարձրացնում՝ մեր աշակերտները մինչև այսօր արժանի կրթություն են ստացել, մենք հիմա ի՞նչ ենք ուզում անել․ «Մեր ապագա զինվորին, հայրենիքը պաշտպանողին ի՞նչ ենք ուզում սերմանել»։

Հարցին՝ սա տգիտությո՞ւն է, ծրագիր է, թե ի՞նչ է, Դավիթ Գասպարյանը պատասխանել է․ «Տգետ բառը չեմ ուզի օգտագործել, բայց կասեմ՝ պատահական մարդիկ են, ովքեր ծրագիր են իրականացնում ու մեզ քայլ առ քայլ տանում են դեպի անդունդը»։

Դիտարկմանը՝ երբ տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից, հետո մի քանի կոնվենցիաներ բերեցին ու վավերացրեցին, արդյոք այդ ամենն ազդակ չէր․ Դավիթ Գասպարյանը նշել է․ «Տրանսգենդերի ելույթը ԱԺ ամբիոնից հոկտեմբերի 27-ի ոճրագործության նման համանման աղետ էր։ Այդ տրանսգենդերն էլ մտավ հոգի սպանելու, ջարդելու։ Սրանք առանձին դրվագներ են,որոնք գտնվում են ընդհանուր շղթայի մեջ, իսկ այդ շղթան կախաղանի շղթա է»։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում