Երջանկությունը քրիստոնյայի համար

Երջանկությունը քրիստոնյայի համար

Մեր պատկերացումները երջանկության մասին տարբեր են, սակայն, ինչպես ցանկացած հարցում, կան նաև ընդհանուր ընկալումներ։ Ապրելով նյութական աշխարհում և հաճախ չկարողանալով խուսափել գայթակղություններից՝ երբեմն կառուցում ենք երջանիկ մարդու մեր իդեալը՝ հիմնվելով նյութական արժեքների վրա։ «Երջանիկ կլինեմ, եթե բավականաչափ գումար, փառք և իշխանություն ունենամ։ Երջանիկ կլինեմ, եթե գտնվեմ իմ ցանկացած վայրում։ Երջանիկ կլինեմ, եթե ունենամ այն, ինչ չունեմ»,- երբեմն ինքներս մեր մտքում կազմում ենք մեր ենթադրական երջանկությունը՝ շեշտելով բացակայությունը մեր չունեցածի։ Սրա մեջ, անշուշտ, նաև նախանձն է կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, ցավը։ Մենք այս դեպքում ոչ թե նախանձում ենք այլոց, որ ունեն այն, ինչ մենք չունենք, այլ ցավ ենք ապրում, որ փնտրում ենք երջանկություն նյութական աշխարհում, սակայն չենք գտնում, չենք կարողանում ունենալ մեզ «լիարժեք» երջանացնողը, ցանկալին։

Մինչդեռ բացի նյութական աշխարհում ապրող էակներ լինելուց՝ նաև քրիստոնյա ենք։ Ուրեմն՝ ի՞նչ է քրիստոնեական երջանկությունը։ Քրիստոնեական երջանկությունը, ի տարբերություն նյութականի, չի ենթադրում պայմաններ, ունեցվածք։ Քրիստոնյան չի մտածում՝ «երջանիկ կլինեմ, եթե․․․», այլ ասում է՝ «երջանիկ եմ»։ Այստեղ չկան պատճառներ, պայմաններ, կա բերկրանքն ունեցածի, շնորհակալության զգացումը Աստծուց ամեն ստացածի համար։

Քրիստոնեական երջանկությունը կենտրոնանում է ունեցածի, իսկ նյութականը՝ չունեցածի վրա։ Քրիստոնեական երջանկությունը շնորհակալ է, նյութականը՝ լի ունեցածն անտեսելու միտմամբ։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ քրիստոնյա մարդը զուրկ է ձգտումից, ամենևին։ Սակայն նա գիտակցում է, որ իր ձգտման ուղին պետք է լինի աստվածահաճոն ու քրիստոնեավայելը։

Ադամն ու Եվան էլ Աստծուց ստացել էին ամեն ինչ, սակայն շնորհակալ լինելու փոխարեն իրենց դրախտային կյանքի համար՝ ընտրեցին ավելին ունենալու ձգտումը՝ սխալ ճանապարհով։ Եվ Աստված նրանց պատժեց ոչ թե ձգտման, այլ սխալ, չարից թելադրված ուղի ընտրելու համար։

Նյութական աշխարհում մեր երջանկությունը կառուցելիս՝ ինքներս մեզ հարցնենք՝ հնարավո՞ր է արդյոք ամեն ինչ ունենալ։ Եվ քանի որ պատասխանը բացասական է, մեկ այլ հարց պետք է հաջորդի՝ ի՞նչ անել ուրեմն, սգա՞լ մեր անլիարժեք երջանկությունը, թե՞ դառնալ դեպի քրիստոնեականը՝ իրականը։ Իրական, քրիստոնեական երջանկությունը լի է աղոթքով և գոհունակությամբ առ Տերը, իրական երջանկությունը շնորհակալ է ունեցածի համար, իսկ ձգտումները կառուցում է բարու վրա հիմնվելով։

Ուրեմն՝ ինչո՞ւ ենք կառուցում մեր երջանկությունը նյութականի վրա, ինչո՞ւ ենք տխրում չունեցածից՝ մոռանալով և չարժևորելով ամենաթանկը, որ հոգացել է մեզ համար Աստված։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում