«Չկա ծածուկ բան, որ չհայտնվի»

«Չկա ծածուկ բան, որ չհայտնվի»

«Չկա ծածուկ բան, որ չհայտնվի».- Քրիստոս Ավետարաններում մի քանի անգամ տալիս է այս պատգամը: Այս միտքը լսելով` ինքներս մեզ հարցնում ենք` վա՞տ արարքները, մեղքե՞րը, թե՞ դրական արարքները նկատի ունի: Սակայն այս հատվածը Ավետարաններում ընդգրկված է երեք առիթով, և դրանցից յուրաքանչյուր դեպքում Քրիստոս տալիս է յուրատեսակ պատգամ:

Ղուկասի Ավետարանում ընդգրկված մի հատվածում այս խոսքը հնչում է իբրև նախազգուշացում կեղծավորության դեմ: «Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրա» (Ղուկ․ 12։1-3):

Քրիստոս այստեղ մատնացույց է անում փարիսեցիների ընտրած կեղծավոր ուղին: Նրանք ներկայանում էին իբրև բարեպաշտներ, սրբակենցաղներ, մինչդեռ իրականում այդպիսիք չէին` լցված էին կեղծավորությամբ ու չարությամբ: Քրիստոս աշակերտներին և մարդկանց այսկերպ պատվիրեց չհետևել փարիսեցիների օրինակին, չլինել կույր հոգով, ինչպես նաև լինել վստահ, որ անհնար է խաբել ամենատես Աստծուն և ձևանալ այնպիսին, ինչպիսին չես: Միևնույն է, Աստծո առաջ մենք երևում ենք մերկ հոգով` նաև այն ամենով, ինչ փորձում ենք թաքցնել: Այս երևույթից հաճախ վախենում ենք, սակայն պետք է գիտակցենք նաև, որ սա այն է, ինչ մեզ առաջնորդելու է դեպի ճիշտ ուղին, մեր մտքերը մաքրելու և բուժելու է ախտերից:

Մեկ այլ անգամ աշակերտներին պատմվում է Ճրագի առակը․ «Ո՛չ ոք ճրագ չի վառի և կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի, ովքեր մտնեն, լույսը տեսնեն: Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։ Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. Որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկ․ 8։16-18):

Այսպիսով՝ պետք է զգույշ վարվել անգամ մեր ունեցածի հետ, որը բացասական չէ: Հոգևոր կյանքում ոչ միայն պետք է բացահայտելով մերժենք չարը, այլ զգուշորեն ծանոթանանք նաև բարուն: Աստվածային խորհուրդներն իրենց հերթին բացահայտվում են հավատքով առ Տերը, աղոթքով, զղջմամբ ու ապաշխարությամբ: Իսկ բացահայտած բարին էլ ավելանում է՝ Աստծո կամոք։ Ուրեմն՝ այս հատվածում էլ Փրկիչը հաստատում է, որ աստվածային ծածուկ խորհուրդներն էլ կբացահայտվեն:

Երրորդ հատվածում Քրիստոս իր առաքյալներին քարոզելու ուղարկելիս է կրկնում նույնը՝չկա ծածուկ բան, որ հայտնի չլինի: Այս դեպքում Նա նկատի ունի նրանց առաքելության վարձքը։ Այն, որ աշակերտների բոլոր չարչարանքները, մինչև անգամ նահատակությունը որոնց մատնվելու էին աշակերտները, կմնան ծածուկ, սակայն հետագայում հատուցում կգտնեն: Անտարբերության մեջ խեղդված` դարեր անց սրբերի գործը արժևորվեց:

Ուրեմն` մենք էլ` որպես քրիստոնյաներ, մեզ համար ուղենիշ ունենանք Տիրոջ այս պատգամը և կատարենք գործեր, որոնք ճրագ կլինեն խավարի մեջ, միտված կլինեն բարուն, կվանեն չարը: Գործեր, որոնց բացահայտման դեպքում ամոթ չենք զգա, որոնք կարիք չենք ունենա թաքցնելու: Չէ՞ որ չկա ծածուկ բան, որ հայտնի չլինի:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում