Պահապան հրեշտակը պահպանում է մեզ

Պահապան հրեշտակը պահպանում է մեզ

– Հա՛յր, պահապան հրեշտակը մեզ միշտ օգնո՞ւմ է:

– Մեզնից է կախված, թե ինչպիսի օգնություն կստանանք նրանից: Եթե ջանանք ամուր հիմքերի վրա կանգնել, այնժամ հրեշտակն էլ կջանա և կարող է մեզ վտանգից ազատել: Եթե անենք այն, ինչ պարտավոր ենք անել, այնժամ պահապան հրեշտակն էլ կանի այն, ինչ պարտավոր է: Բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել հրեշտակների օգնությամբ: Պատահել է, որ երիտասարդները զերծ են մնացել մեղք գործելուց և այլն:

Ինչպիսի՜ զորությամբ է օժտված հրեշտակը:Նա նույնիսկ իր լռությամբ է օգնում: Մի անգամ փակուղային իրավիճակում հայտնվեցի: Հուսահատությունից թվում էր, թե մուրճով գլխիս են հարվածում. մի փոքր էլ և այն կճաքի: Աչքերս ակնակապիճներից դուրս էին թռչում, հատկապես աջը: Անտանելի ցավ էր: Ցավից կուչուձիգ էի անում: Չգիտեի՝ ինչ անել: Աղոթում էի՝ Աստծուն խնդրելով, որպեսզի փակուղուց դուրս գալու միջոց ցույց տա: Հանկարծ աջ ուսիս մոտ պահապան հրեշտակին տեսա: Նա տասներկուամյա պատանու տեսք ուներ՝ շատ գեղեցիկ կլոր դեմքով ու կլորավուն աչքերով: Ինչպիսի՜ դեմք էր: Նրա ներկայությունից միայն ցավն ու ողջ ծանրությունն անցան, ոչ թե ուրախությունից, այլ շնորհի ներգործությունից: Ուրախությունը ցավը չի հեռացնում, ցավը զգում ես և միևնույն ժամանակ ուրախանում, իսկ աստվածային շնորհը… Հզո՜ր բան է: Անհնար է նկարագրել: «Եթե այսպես է, ապա ոչ միայն մուրճով, այլև թեկուզ կռանով թող գլխիս հարվածեն»: Նման բանի համար կարելի է և գլուխը կորցնել: Իսկ հետո նաև փակուղուց ելքը գտնվեց, որը մարդկային մտածելակերպով չէր գտնվում:

– Նա Ձեզ հետ խոսե՞ց, հա՛յր:

– Ոչ, միայն նայում էր:

– Հա՛յր, երբ տեսնում ես հրեշտակին, նրա պատկերը. իսկ իրականում նա ինչպիսի՞ն է: Նյութեղե՞ն է:

– Ինչ-որ շա՜տ բարակ, նուրբ նյութից է…

Երբևէ չպետք է մոռանալ, որ մեր պահապան հրեշտակը միշտ անտեսանելի կերպով մեր կողքին է ու պահպանում է մեզ: Բայց մենք էլ մեր հերթին պետք է հետևենք մեր կյանքին ու մեղք չգործենք:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում