Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ

Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ

Տաճարի լեռան աշխարհաստեղծ
Անկյունաքարն է մնացել թափուր.
Մարդն ի զորու չէ նստել այդ քարին
Եվ շարունակել արարչագործման
Ընթացքն անկատար, այնտեղից, որտեղ
Աստված հապաղեց, ապա ընդհատեց
Բանն այդ կենսական, հետո մոռացավ…
Սուրբ մոռացության թմբիրը վանիր
Եվ սուրբ հաճությամբ գոտեպնդվիր, Տեր,
Եվ ի տրիտուր իմ աղերսների,
Որ դեպի Քեզ եմ ուղղում ամեն օր`
Արի ու բազմիր իմ Վանաձորի
Սուրբ Քարին – Բոլոր.

Նախ պարզաբանիր, թե իմ քաղաքի
Զավակներն ինչո՞ւ մնացին մոլոր,
Ի՞նչ տեսիլներ են տիրություն անում
Լքված տների մթամած ներսում,
Ի՞նչ ստվերներ են փափո՜ւկ զբոսնում
Լուռ փողոցների լաբիրինթոսում:
Յոթնալուսելով սթափվիր, իմ Տեր.
Ճարափակվել են ու էլ չեն բացվի
Արդեն բազմաթիվ հայրենի դռներ,-
Դամբարաններ են ասես անմեռել,
Կամ վտարանդին իր վիշտ – կարոտը`
Իր վերադարձի ճամփան է բանտել,
Որ հոգու սովին – ցրտին դիմանա:-
Իմ Վանաձորի երկինքը վաղուց
Թախծոտ ամպերի կարիքը չունի,
Քանի որ ինքն է լալիս դառնալուր,-
Իր զավակներին կարեկցող մոր պես,-
Որի հոգնաբեկ – տառապյալ գլխին
Լոկ երկմտանքի բարձն է ապավեն:
Թող երկինք ձգտող աստիճաններով,-
Նախապատվելի Բոլոր – Քարի մոտ,-
Հրեշտակներդ բարձրանան – իջնեն
Եվ իմ քաղաքի փառքը վերհիշեն.
Թույլ չտաս, Տեր իմ, այս քարի վրա
Հայրը իր որդուն զոհաբերի Քեզ,
Եվ օրենքներդ, որ պիտի գրվեն`
Ոչ թե սալերի վրա հավերժեն,
Այլ Բոլոր – Քարի արդար ճակատին,
Որ խարդավանքն ու կեղծիքը մերժվեն:
Տեր իմ, դեռ պիտի այս քարին դառնաս,-
Երբ ազգերին ու ժողովուրդներին,
Ինչպես խոստացար` սկսես դատել,-
Այնպես որ` արի և, նախահոժար,
Մեր ներսում ապրող ոսոխին դատիր.
Հայրենադավին, պատեհապաշտին…
Ինչ-որ տղերքի, որոնք մեր գլխին
Դարձել են ոմանք, որ մառախուղե
Զգեստների մեջ` հոգիներն իրենց
Զոհաբերեցին
Սմբակատրոփ աթոռակներին…
Եվ որ անողոք վճիռդ երբեք
Էլ չբեկանվի, յոթներորդիր, Տեր:
Ահա, ինչու եմ պատճառում, որ գաս,
Որ Բոլոր – Քարին ապավինես, Տեր,-
Քանի որ այստեղ, տարակույս չունեմ,
Որ մոռացության մուժը կցրվի,
Եվ ափիբերան կմնաս սաստիկ,
Երբ թերիների վարքը որակես,-
Որ մարդակերտման նախանվագը`
Մեկնարկված այնքա՜ն նրբամտությամբ,
Հոժարամտես վերջնանվագին
Կատարելության…
Ես աղերսեցի, Դու հոժարիր, Տեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում