USD
EUR
RUB

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին

 

Բարի է Աստված և բարի արժանիքների պարգևողը, իսկ բանսարկուն չար է և ամեն չար բանի արարիչը: Ու ինչպես որ բարուն պատշաճում է աննախանձությունը, այդպես էլ բանսարկուին բնորոշ է նախանձը: Հեռո՛ւ մնանք, եղբայրներ, նախանձի ախտից, հակառակորդի չար գործերին մասնակից չլինե՛նք, որպեսզի նրա հետ էլ ատյանում դատապարտության չարժանանանք: Քանի որ եթե հպարտացողը «սատանային վիճակված դատապարտության մեջ է ընկնելու (Ա Տիմ. Գ 6), ուրեմն նախանձողն ինչպե՞ս կարող է բանսարկուի պատրաստած տանջանքներից փախչել:

Որևէ այլ բան չկա՝ նախանձի ախտից առավել, որ այսպես սպանի մարդուն, որ արտաքնապես փոքր-ինչ տրտմեցնելով՝ չարը գործի նրա դեմ և «իրենով անի» վերջինիս: Քանի որ, ինչպես, օրինակ, ժանգը՝ երկաթին, նույնպես և նախանձն իրենով բռնվածների հոգի՛ն է կորստյան մատնում: Եվ ինչպես որ ասում են, թե քարբ օձն է իր ծնողի որովայնն ուտելով՝ ծնվում, նույնպես և նախանձը սպանում է նրան, ով երկնում է իրեն: Այդպիսի մեկի համար տրտմություն է, երբ իր ընկերոջը մի բարի բան է պատահում, և այդ պատճառով էլ թախիծն ու տրտմությունը երբեք չարակն մարդուց չեն հեռանում: Պտղաբերե՞ց ընկերոջ անդաստանը, բարգավաճե՞ց նրա տունը, նրա բոլոր երազանքները կատարվեցի՞ն արդյոք. այս ամենը նախանձող մարդու այն «կերակուրներն» են, որոնք նրան հիվանդություններ ու մեծ ցավեր են պատճառում:

Նախանձը ոչնչով չի զանազանվում մերկ մարդուց, որը ամենքի կողմից խոցոտվում է: Որևէ բարի մարդ քաջ առողջությո՞ւն ունի. դա վիրավորում է նախանձողին: Ընկերը շնորհալի գեղեցկությա՞մբ է փայլում. դա վերք է նախանձի սրտին: Նախանձը արտահայտող բառերով են լեցուն նրա շուրթերը, և ոչ՝ իմաստությամբ ու կարեկցանքով: Եվ երբ մեկը հարստանում է ու շատ պատվարժան մարդ է դառնում՝ միաժամանակ օգնության ձեռք մեկնելով կարիքավորներին և իր այդ բարի գործերի համար գովասանքի արժանանալով, նախանձը անգամ այս տեսնելով՝ նախանձով է լցվում այդ բարեգործի հանդեպ: Այս բոլորը նախանձի հոգում վերք ու խոցեր են առաջացնում՝ տակնուվրա անելով նրա սիրտը:

Շատ սարսափելի հիվանդություն է նախանձությունը, քանի որ նախանձողը իր «վշտի» մասին չի կարողանում հայտնել իր նախանձի առարկան եղող մարդուն, այլ ամփոփվում է ինքն իր մեջ ու տխրում: Եվ թեպետ նա տանջվում է, սակայն ողորմության արժանի չի լինում, այլ լուռ կործանվում է չարի ձեռքով: Իսկ երբ նրան հարցնում էլ են իր հիվանդության պատճառը, որով նա ակնհայտ տառապում է, նախանձ մարդը ամաչում է մեկնաբանել իր այդ թշվառությունն ու ասել. «Ես նախանձության ախտով եմ տառապում և երբ անգամ իմ սիրելիին մի բարիք է պատահում կամ եղբայրս ուրախանում է որևէ հաջողությամբ, դա ինձ դառնապես հալումաշ է անում: Ես ողբում եմ այդժամ ու չեմ կարողանում տեսնել, որ ուրիշները բարիք են գտնում, և ընկերներիս բարօրությունը ինձ թշվառություն է պատճառում»: Այս խոսքերը, սակայն, նախանձողը չի ասում, թեպետ եթե ասեր, ճշմարիտն ասած կլիներ: Եվ քանի որ նա չի խոստովանում իր այդ ախտը, այն հյուծում է նրան այնպես, որ ասես նախանձողը ներսից ուտում է ինքն իր փորոտիքը:

Այս պատճառով էլ նաև նախանձ մարդուն իր այդ հիվանդության պահին ոչ մի բժիշկ մոտ գալ և այդ ախտի հաղթահարման համար որևէ դեղամիջոց տալ չի կարող, ուստի նախանձողը միայնակ ու դյուրախոցելի է մնում չարի հարվածների առաջ՝ փափագելով միայն որևէ մեկին «գետնին» ընկած տեսնել: Նրա համար, ով նախանձում է, ատելության «սահմանը» հետևյալն է՝ թշվառական դարձած տեսնել երանելի վիճակում գտնվողին ու ողորմելի դրության մեջ գտնել նախկինում նախանձելի եղողին:

Միայն այնժամ է նախանձողը հաշտվում դիմացինի հետ ու վերջինս «սիրելի» է դառնում նախանձ մարդու համար միայն այնժա՛մ, երբ արտասվում է ու ողբալի վիճակում է հայտնվում: Եվ չնայած նախանձը ուրախամիտներին ուրախակից չի լինում, սակայն արտասվակից է լինում ողբացողներին: Իսկ երբ մեկը կյանքից հեռանում է, նախանձողը կարեկցանք է արտահայտում հանգուցյալի մտերիմներին՝ սակայն ոչ թե մարդասիրությունից դրդված կամ նրանց ախտակից լինելու և խոսքով զորավիգ լինելու նպատակով, այլ միայն՝ մահացածի հարազատների թշվառությունն առավել ծանրացնելու մտադրվածությամբ:

Մահացած մանկանը գովում է որդեկորույս ծնողների մոտ ու բյուրավոր գովասանքի խոսքեր է շռայլում՝ նկարագրելով, թե ինչպիսի՜ պարկեշտ, գեղեցկատեսիլ, խելացի ու բարեմիտ զավակ էր վախճանվածը՝ և այս ա՛յն դեպքում, երբ վերջինիս կենդանության ժամանակ նրա մասին այս նախանձի լեզուն երբեք բարեհամբավություն չէր բարբառել: Իսկ այդ խեղճի մահանալուց հետո էլ, երբ նախանձը տեսնում է, որ հանգուցյալի մասին շատ գովասանքի խոսքեր են հնչում, անգամ այդ մահացածին էլ դարձյալ նախանձում է:

Այսպես նաև՝ նա չար աչքով է նայում այլոց հարստությանը, սակայն գովասանքի խոսքեր է ասում նրան, ով հիվանդության պատճառով զրկվում է մարմնի գեղեցկությունից, զորությունից ու քաջ առողջությունից: Այսպիսի մեկի համար բոլորովին թշնամի են իր մերձավորները, և սիրելի՝ կորուսյալները:

Արդ, մարդու համար ի՞նչը կարող է լինել այս հիվանդությունից ավելի սատակեցուցիչ: Ապականված կյանք, հոգու ժանտախտ, թշնամություն՝ Աստծու կողմից մեզ տրված բարիքների հանդեպ, ընդդիմություն Աստծուն: Այդ ո՞ր չարարմատ դևն էր, որ մարդուն պատերազմի մեջ գցեց՝ թշնամանալով նրա դեմ: Ո՞չ արդյոք նախանձը, որի պատճառով աստվածամարտ սատանան հանդիմանվեց, քանի որ նախանձեց Աստծու՝ մեծագույն պարգևը մարդուն շնորհած լինելուն, որի պատճառով էլ այլ մարդկանցից իր վրեժը լուծել կամեցավ՝ Աստծուց վրեժ լուծելու անկարող լինելու պատճառով: Այս իսկ խորհրդով էր, որ Կայենը սատանայի առաջին աշակերտը դարձավ և նրանից նախանձն ուսանած լինելով՝ անօրինություն գործեց ու սպանեց իր եղբորը, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ «լցված լինելով ամենայն անիրավությամբ…սպանությամբ» (հմմտ. Հռոմ. Ա 29):

Իսկ ի՞նչ արեց նա. տեսնելով, որ Աստված ավելի շատ պատիվ է տվել իր եղբորը, նախանձով բորբոքվեց ու սպանեց պատվի արժանացածին, որպեսզի տրտմեցնի Պատվողին: Եվ քանի որ աստվածամարտության անկարող էր, այն եղբայրասպանության վերափոխեց ու ա՛յդ ախտով մեղանչեց: Ուրեմն, փախչե՛նք, եղբայրներ, աստվածամարտության ախտի վարդապետից, մարդասպանության մորից, մեր բնության խառնակությունից, Աստծու սիրուն անծանոթությունից ու անբանական թշվառությունից:

Ինչո՞ւ ես տրտմում, ո՛վ մարդ, երբ դիմացինդ որևէ ախտով չի տառապում: Ինչո՞ւ ես մարտնչում ինքդ քո դեմ, երբ այլք բարիք են կուտակում՝ առանց քո ունեցածը նվազեցնելու: Եվ եթե ուրիշների արած բարեգործությունների վրա էլ զայրանում ես, ո՞չ արդյոք քո՛ իսկ օգուտին ես նախանձող դառնում: Ի՞նչ արեց Սավուղը: Չէ՞ որ նա Դավթի՝ առավել շատ բարեգործություններ կատարելու պատճառով պատերազմ սկսեց նրա դեմ, չնայած որ սկզբում Դավիթը իր ծառայությամբ, Սավուղին աստվածային երաժշտություն մատուցելով՝ շատ սիրելի էր վերջինիս կողմից ու Սավուղին էլ հանապազ բարիք էր գործում, սակայն այնուհետ՝ նախանձի պատճառով, Սավուղը փորձեց իր այդ բարեգործին խոցել գեղարդով:

Դավիթը՝ պատերազմում փրկվելով ու Գողիաթին ամոթի մատնելով՝ հաղթական էր դուրս եկել մարտից, ուստի և պարող կանայք հաղթական երգով տասնապատիկ ավելի պատիվ նվիրեցեն Դավթին, քան Սավուղին՝ ասելով. «Դավիթը բյուր մարդկանց սպանեց, իսկ Սավուղը՝ հազար մարդու» (հմմտ. Ա Թագ. ԺԸ 7): Միայն այս մի երգի պատճառով, որը միաժամանակ նաև ճշմարտության վկայությունն էր, Սավուղը նախ ինքն իր ձեռքով փորձեց դարանակալ լինել ու սպանել Դավթին, ապա նաև փախստական դարձրեց Դավթին ու դեռ այդքանով էլ չմոռացավ իր թշնամանքը, այլ զորաժողով գումարելով՝ երեք հազար ընտրյալ զինվորներով խուզարկեց անապատը:

Եվ եթե մեկը Սավուղին հարցներ Դավթի դեմ պատերազմելու պատճառի մասին, նա անկեղծորեն կասե՞ր արդյոք, որ պատճառը Դավթի բարեգործություններն էին, որոնց պատճառով Սավուղի մարդիկ անընդհատ հալածում էին Դավթին ու կամենում քնի մեջ բռնացնել և սպանել այդ «թշնամուն», սակայն արդար Դավիթը շարունակ փրկվում էր նրանց ձեռքից: Սակայն Սավուղը չի դադարում Դավթին հետապնդելուց՝ վերջինիս կատարած բարեգործությունների պատճառով, այլ նորից զորք է ժողովում ու դարձյալ հալածում նրան, մինչև որ երկրորդ փորձից վերջապես բռնում է Դավթին, սակայն այդժամ էլ ևս իրենց ողջ պայծառությամբ փայլում են Դավթի առաքինությունները և ի հայտ է գալիս Սավուղի ողջ չարությունը:

Դժոխային թշնամություն հարուցող ատելության տեսակ է նախանձությունը, քանի որ օտար ու ոխերիմ թշնամիներն անգամ միմյանց հանդեպ դրսևորված բարեգործության շնորհիվ մտերմանում են, մինչդեռ նախանձ ու չարաբարո մարդուն բարիք գործելը զայրացնում է նրան, և որքան մեծ է իր հանդեպ դրսևորվող այդ բարիքը, այնքան նա ավելի շատ է զայրանում, տրտմում ու նեղսրտում: Նա առավել թախծում է բարեգործի ունեցած կարողության պատճառով, քան թե ինքն իր մեջ շնորհ է գտնում այդ բարեգործությունը երախտապարտությամբ ընդունելու համար:

Արդ, նախանձ մարդը ո՞ր կենդանուն է նմանվում բարու հանդեպ իր այս ընդդիմամարտությամբ, արդյոք նա ավելի աչքի չի՞ ընկնում իր վայրենիությամբ, քան գազանները: Շները կերակրվելով՝ ընտելանում են, առյուծները՝ սկսում են ենթարկվել մարդկանց, իսկ ահա նախանձները, երբ որևէ բարիք են ստանում, հավետ վայրենիանում են:

Ի՞նչը առաքինի Հովսեփին ծառա դարձրեց (հմմտ. Ծննդ. ԼԷ 28): Ո՞չ արդյոք եղբայրների նախանձը: Այստեղ է, որ ակնհայտ է այս ախտի՝ բանականությունից զուրկ լինելը, քանի որ եղբայրները՝ երկնչելով Հովսեփի տեսած երազից, նրան ծառա դարձրին՝ այն մտքով, որ երբևէ ծառային չէին երկրպագի: Սակայն չէ՞ որ, եթե նրա երազը ճշմարիտ լիներ, ինչ հնար էլ որ բանեցնեին եղբայրները, միևնույն է, այն կատարվելու էր: Իսկ եթե սուտ էր երազը, ուրեմն ինչո՞ւ նախանձով լցվել սխալ երազի պատճառով:

Իսկ այժմ էլ Աստծու տնօրինությունը տեսնելով՝ իմաստությո՛ւն ունեցեք, քանի որ ինչով որ Հովսեփի եղբայրները ցանկացան խոչընդոտել նրա ընթացքը, դրանով իսկ Հովսեփը փրկության ճանապարհ գտավ: Չէ՞ որ եթե Հովսեփը չվաճառվեր եղբայրների կողմից, Եգիպտոս չէր գնա, անհավատարիմ կնոջն իր ողջախոհությամբ չէր զայրացնի, բանտ չէր նետվի, չէր մտերմանա փարավոնի սպասավորների հետ և, վերջապես, փարավոնի երազները չէր մեկնի ու Եգիպտոսի իշխանությանը չէր տիրանա, և ցորենի գնելու համար էլ իր մոտ եկած եղբայրներից չէր երկրպագվի:

Մեծագույն նախանձը առավել մեծ չափերի հասավ նաև հրեաների մոլորության պատճառով՝ նրանց կողմից դրսևորվելով Փրկչի նկատմամբ. նախանձություն Քրիստոսի գործած հրաշքների պատճառով: Եվ ի՞նչ էին իրենցից ներկայացնում Նրա գործած սքանչելիքները. փրկություն՝ կարիքավորներին: Քաղցածները կերակրվում էին Հիսուսի կողմից, իսկ նախանձ հրեաները այդ պատճառով մարտնչում էին Փրկչի դեմ: Մեռյալները հարություն էին առնում, և նրանց Կենդանացնողը այլոց նախանձին էր արժանանում: Նա Իր հրամանով դևերին հալածում ու դուրս էր հանում դիվահարների միջից, իսկ հրեաները ուրանում էին Նրան՝ Հրամանատուին:

Բորոտները սրբվում էին, կաղերը՝ քայլում, խուլերը լսում էին և կույրերը՝ վերստին տեսնում, իսկ Բարեգործը իբրև մի փախստական էր շրջում հրեաների մեջ: Եվ այնուհետ էլ, նախանձով բռնված լինելով, հրեաները մահվան մատնեցին կյանքի Պարգևատուին, տանջանքների ենթարկեցին մարդկանց Ազատարարին ու դատապարտեցին աշխարհի Դատավորին: Ու այսպես, նախանձի չարությունն այս բոլոր չարիքները գործեց:

Միայն իր այս՝ նախանձի զենքով զինված՝ մեր կյանքը ապականող բանսարկուն աշխարհի սկզբից մինչև նրա վախճանը խոցոտում է ու վայր գլորում ամենքին և ինքն էլ ցնծում է մեր կորստյամբ: Ի՛նքը, որ նախանձի պատճառով վայր գլորվեց ու կործանվեց, նույն այդ ախտով էլ մեզ է կործանում: Զուր չէ, որ իմաստությունը մեզ պատվիրում է չար աչք ունեցող մարդու հետ հաց չկիսել (հմմտ. Առակ ԻԳ 6)՝ չնայած այն բանին, որ բոլոր մարդկանց ի բնե հավասար է համարում: Սակայն և ինչպես որ, օրինակ, դյուրայրելի անտառի հանդեպ մենք խնամք ենք տանում՝ այն հրից հեռու պահելով, նույնպես և պարտավոր ենք նախանձ մարդկանց հետ խոսելուց անգամ մեզ հեռու պահել՝ ինքներս մեզ նախանձի նետերից պաշտպանելու համար:

Իսկապես, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ նախանձախոսներին «միահյուսվելուց» զերծ մնալ, եթե ոչ՝ նրանց մտերմությունից հեռու մնալով միայն: Արդ, ըստ Սողոմոնի խոսքի՝ ամեն չարության պատճառը մարդու նախանձն է իր մերձավորի նկատմամբ (հմմտ. Ժղվ. Դ 4): Եվ այդ, իրոք, այդպես է, քանի որ եգիպտացին չի նախանձում սկյութացուն, այլ՝ յուրաքանչյուր ոք իր ազգակցին: Եվ ազգակիցներն էլ իրենց անծանոթ եղողներին չեն նախանձում, այլ նրանց, ում հետ մտերիմ են, և մտերիմներից էլ՝ հարևաններին ու մերձավորներին, սրանք էլ դարձյալ՝ իրենց հասակակից եղողներին, առավել մոտ ազգակիցներին ու մինչև իսկ իրենց եղբայրներին։

Ու ինչպես որ, օրինակ, ժանգը ախտ է ցորենի համար, այդպես էլ նախանձը հիվանդություն է սիրո համար։ Եվ եթե անգամ նախանձ մարդը մեկին էլ գովի, այդ կեղծ է և չարությունն է թաքնված նրա այդ արարքի հիմքում, սակայն և որքան ուժգին է մարդու մեջ գործում նախանձը, այդքան այն ավելի ավերիչ է դառնում հենց իր՝ նախանձողի համար։ Այնպես, ինչպես որ, օրինակ, եթե մեկը խիզախում է զորավորների դեմ ելնել ու ընդդիմանալով՝ նետեր արձակել նրանց դեմ, ի վերջո իր արձակած նետերը կրկին իրեն են վերադառնում՝ հակահարձակ նետաձգությամբ, այդպես էլ նախանձի դրսևորումները ոչ ոքի չտրտմեցնելով՝ իր իսկ՝ նախանձողի համար են վերք դառնում։ Չէ՞ որ որևէ մեկը՝ տխրելով, անկարող է նվազեցեցնել ընկերոջը բաժին հասնող բարիքները, այլ միայն այդպիսով ինքն իրեն է տրտմության գիրկը գցում ու հալումաշ լինում։

Նախանձները նման են մահաբեր, թունավոր կենդանիների, սակայն նախանձով ախտանալու դեպքում այդպիսիք իրենք իրե՛նց են թունավորում։ Նախանձողները ջանում են վիրավորել ու իրենց ապականված թույնով խայթել մարդկանց։ Նախանձներից ոմանք էլ ցանկանում են իրենց աչքերով չարը ներազդել այլոց վրա ու իրենց հայացքով հալումաշ անել քաջ առողջությամբ ու ծաղկած գեղեցկությամբ պայծառացած մարդկանց, ովքեր էլ որ նման նախանձ մարդկանց չար աչքից, ինչպես մահաբեր թույնով լեցուն զեռուններից, խայթվում են ու կորցնում իրենց սքանչելի տեսքը, ապականվում։ Սակայն սա ասում եմ՝ մեջբերելով պառավներից՝ կանանց, և ուրիշներին փոխանցված զրույցներից։

Իսկ ինքս ա՛յն կասեմ սրա մասին, որ երբ բարիատյաց դևերը որևէ մեկի մեջ իրենց նկատմամբ հոժարություն են նկատում, իրենց ողջ ուժով ունակ են դառնում ներազդելու այդպիսի «հոժարակամ» մարդկանց կամքի վրա ու այդպիսիններին իրենց ջրերը գցելու։ Եվ այդկերպ էլ, նախանձների չար աչքից մարդիկ իրենց իսկ սեփական կամքո՛վ են տուժում՝ տեղի տալով դևերին ու ինքնակամ նրանց սպասավորը դառնալով։ Ուստի եթե չսարսռես սատակիչ դևին սպասավոր լինելուց, ինքդ էլ չարի օթևան կդառնաս ու թշնամի կլինես բոլոր նրանց, ովքեր քեզ որևէ վատ բան անգամ չեն արել, այդ թվում նաև՝ թշնամի՝ Աստծուն, բարուն ու աննախանձ մարդկանց։

Փախչե՛նք այս անտանելի չարիքից։ Այն օձի վարդապետությունն է, դևերի գյուտը, թշնամու սերմը, տանջանքների առհավատչյան, բարեպաշտության խափանիչը, ճանապարհը դեպի գեհեն, զրկումն Արքայությունից։ Եվ հայտնի է նաև, թե ինչպիսի ու միանման կերպարանք են ունենում նախանձողները։ Նրանց աչքերը ցամաք ու անպայծառ են, այտերը՝ տխուր, հոնքերը՝ կիտած, հոգին՝ ախտակալած, միտքը՝ իրադարձությունների մասին ճշմարիտ դատողություն չունեցող։

Ո՛չ առաքինության գործերն են երբևէ գովելի նրանց կողմից, ո՛չ պարկեշտությամբ ու շնորհներով զարդարված խոսքի զորությունը, ո՛չ իրենց շուրջը տեղի ունեցող որևէ այլ բան։ Այլ ինչպես որ, օրինակ, անգղերն են հավաքվում ժահահոտության վրա ու տարբեր տեղերից թռչում-գալիս են բուրող «անուշահոտության» հետևից, և ինչպես որ ճանճերը մարմնի առողջ հատվածներին մոտենալ խուսափում են և շտապում են դեպի վերքերը, այդպես էլ նախանձողները կյանքի պայծառ ու սքանչելի կողմը չեն տեսնում, այլ «թափվում» են վատթար երևույթների վրա, ու երբ նրանց աչքին որևէ սխալ բան է ընկնում (իսկ մարդկային բնությանը բնորոշ է բազմաթիվ սխալներ գործելը), իսկույն կամենում են հրապարակահայտ դարձնել այդ սխալմունքներն ու ըստ դրա՛նց ճանաչել այս կամ այն մարդուն։

Եվ այդկերպ, օրինակ, չարամիտ գրագիրներն էլ, ուտելիք վաստակելու համար, կամ որևէ մեկից վիրավորված լինելով, կամ էլ թե՝ կարճամիտ լինելու և կամ՝ մեր հիշատակած այս ախտի պատճառով աղավաղում են գրի առնվելու ենթակա պատմությունը և գովելի երևույթները արհամարհելով՝ չեն գրառում, այլ դրացու գործած չարիքի մասի՛ն են միայն հիշատակում՝ առաքինություններն անտեսելով ու հայհոյելով, քանի որ քաջին՝ հանդուգն են անվանում, ողջախոհին՝ անսրտացավ, արդարին՝ անամոթ, իմաստունին՝ խորամանկ, մեծավայելուչին իբրև ինքնահավան, ազատախոսին՝ գինովցած ու տնտեսողին՝ ժլատ բամբասելով։ Այդպիսիք բոլորովին չեն երկմտում այս հարցում և առաքինության բոլոր տեսակները նենգափոխելով՝ այլ անուններով են կոչում։

Ինչո՞ւ եմ, սակայն, նրանց չարախոսությունների վրա հիմնում իմ խոսքը․ որովհետև կարծում եմ, որ այդ մասին խոսելով՝ ախտի կիսով չափ բժշկությանը կարող եմ ծառայեցնել նրանց այդ վարմունքը՝ ցույց տալով նախանձի ախտով վարակվածների հիվանդության մեծությունը և սեփական կամքով չարին հանձնվելու դեպքում սեփական անպիտանությունը։ Եվ ըստ այդմ էլ նաև, բժշկվելու այլ ճանապարհ չի մնում, քան միայն նախանձի ախտը մեզանից դուրս նետելն ու հեռու մնալը այդպիսի ախտով վարակվածներից։

Սակայն ինչպե՞ս չհիվանդանանք այդ ախտով, կամ արդեն իսկ հիվանդացած լինելով՝ ինչպե՞ս հեռու փախչենք դրանից։ Նախ գիտենա՛նք, որ մարդկային բնությանը բնորոշ տեսանելի հատկանիշներից որևէ մեկը մյուսից մեծ ու առավել չէ, որպեսզի նախանձելի դառնա մեզ համար․ ո՛չ մարդկանց մեջ հարստությամբ երևալը, ո՛չ ծաղկած փառքը, ո՛չ մարմնի քաջառողջությունը, քանի որ որևէ բարիքի սահմանը ոչ թե անցողիկն է, այլ՝ հավիտենականը, ուստի միայն այդ հավիտենական ճշմարիտ բարիքների՛ն պիտի ձգտենք հասնել։ Այդ պատճառով էլ իմանա՛նք, որ նա, ով հարստանում է, նախանձելի չպիտի դառնա մեզ համար իր ունեցած հարստության պատճառով, և ո՛չ էլ՝ փառքի հասածը՝ իր ունեցած մեծ պատվի, ո՛չ զորավորը՝ իր մարմնական ուժի, և ո՛չ էլ՝ իմաստունը՝ իր մեծ խելքի պատճառով։

Այս ամենը միայն առաքինության գործիքներ են, որոնք ունենալու երանությունը, սակայն, մարդիկ իրենք իրենցով չէ, որ ունեն, այլ Աստծու կողմից են դրանք շնորհված՝ այդ «գործիքները» բարուն ծառայեցնելու նպատակով։ Իսկ եթե մեկը չարին է ծառայեցնում իր արժանիքները, ողորմելի մարդ է դառնում՝ նման նրան, ով թշնամուց վրեժխնդիր լինելու նպատակով սրով նրա դեմ պատերազմի ելնելով՝ կամավորապես ինքն իրեն է խոցում։

Իսկ եթե մարդ բարուն է ծառայեցնում իր արժանիքները և ճշմարտապես իր եղբորն օգնելուն է ի սպաս դնում աստվածային պարգևները ու ոչ միայն ինքն է վայելում իր ունեցածը, այդ դեպքում արդեն նա ոչ թե նախանձելի պետք է լինի քեզ համար, այլ գովելի և սիրելի իր եղբայրասիրության ու աստվածաշնորհ բարիքները ճիշտ տնօրինելու համար:

Դարձյալ. իմաստությամբ զանազանվում և Աստծու խոսքով պատվվում է նա, ով քահանայության հոգևոր խոսքով է զարդարված: Այդպիսի մեկին ևս մի՛ նախանձիր և երբեք մի՛ կամեցիր լռեցնել նրան, ով Սուրբ Հոգու՝ հոգևոր խոսքով քարոզելու շնորհն ունի, որի պատճառով էլ գովասանքի է արժանանում իրեն լսողների կողմից: Այլ դու ևս կարող ես լսել ու ընդունել այն բարի խոսքը, որը որպես Տիրոջ վարդապետության պարգև՝ քեզ է առաքվել քո այդ եղբոր միջոցով: Եվ ինչպես որ հոսող աղբյուրը ոչ ոք չի խցանում և ինչպես որ ոչ ոք իր դեմքը չի ծածկում՝ արեգակի պայծառությունը վայելելուց ինքն իրեն զրկելով, նույնպես և ոչ ոք չպիտի նախանձի հոգևոր խոսքով զորացածներին, այլ պիտի լսի ու բարիք քաղի նրանցից:

Մի՞թե չես ցանկանում եկեղեցուց բխող ու բարեպաշտ մարդու սրտում Սուրբ Հոգու զորությամբ աղբյուրացող հոգևոր խոսքի առաջ ուրախությամբ ականջ խոնարհել, և մի՞թե չես ուզում գոհությամբ ընդունել այդ խոսքի օգտակարությունը, այլ դեռ մի բան էլ քեզ ցա՞վ է պատճառում այդ հոգևոր անձանց լսողների խնդությունը: Արդյոք չե՞ս ուզում ո՛չ այդ հոգևոր խոսքերից օգուտ քաղողը լինել, և ո՛չ էլ՝ գովաբանո՞ղը: Սակայն ի՞նչ պատասխան ես տալու այդ դեպքում մեր սրտի Դատավորին:

Արդ, գիտենա՛նք, որ ամեն բանից առավել գեղեցիկ են հոգո՛ւ բարիքները, իսկ հարստությամբ առավել բարգավաճածներին, զորությամբ պանծացողներին ու մարմնի քաջ առողջությամբ գեղեցկացածներին չնախանձե՛նք, այլ սիրենք ու ընդունենք իբրև մեր եղբայրների, իսկ նրանք էլ, սակայն, հարկ է, որ իրենց այդ արժանիքները ծառայեցնեն հասարակության կարիքներին. արդարության գործեր անեն, իրենց ունեցվածքից բաժին տան կարիքավորներին և մարմնական գործերով զորավիգ լինեն տկարներին և առհասարակ իրենց ունեցած ամեն շնորհ առավել ծառայեցնեն կարիքավորներին, քան թե՝ իրենք իրենց:

Իսկ ահա այդկերպ չվարվողները ավելի շատ ոչ թե նախանձելի են, այլ՝ թշվառական, քանի որ չարի գործիք դառնալու մեծամեծ պատճառներ ունեն այդպիսիք, քանի որ նրանք առավել շատ ունեցվածքը իրենց իսկ կորստյան պատճառ են դարձնում: Իսկ եթե իրենց հարստությունը նրանց անիրավության թոշակն է, ապա ողորմելի է նմանատիպ հարուստը: Իսկ երբ ունևորն իր ունեցվածքն իր առաքինությունների զորացմանն է ծառայեցնում՝ ամենքի համար օգտակար լինելով, ապա նա բնավ նախանձի տեղիք չի տալիս նախանձներին, բայց երբ չարությամբ է վատնում իր ունեցվածքը, և՛ բարուց է հեռանում, և՛ ինքն իրեն չար նախանձի առարկա դարձնում:

Դու, սակայն, վե՛ր հառիր մարդկային խորհուրդներդ ու արդարամտությա՛մբ նայիր բարի ու գովելի գործերին՝ տեսնելով, թե որքան ապականացու են այդքա՜ն բաղձալի ու նախանձելի թվացող երկրային բարիքները: Այսկերպ վարվելով՝ երբեք չես հիանա աշխարհիկ մեծություններով ու երբևէ նախանձը չի սողոսկի քո մեջ: Եվ եթե դու երազում ես էլ փառքի մասին ու կամենում ես շատերից ավելի երևելի լինել, ուստի նաև տանել չես կարողանում քո հետին վիճակը (ինչը հենց ուրիշներին նախանձելու պատճառներից է), ապա փորձիր քո պատվասիրությունը բավարարել առաքինություննե՛ր ձեռք բերելով, որը բազում բարիքներ է պարունակում իր մեջ, և այդժամ այլևս ամենևին չես կամենա հարստանալ տեսանելի ունեցվածքով ու ընտրյալ լինել՝ աշխարհի չափանիշներով:

Այդժամ կգիտակցես, որ այդ ամենը ոչինչ են քեզ համար, ու կդառնաս արդար, ողջախոհ, իմաստուն, արի, հանուն բարեպաշտության զանազան չարչարանքների համբերող: Իսկ այդկերպ էլ ինքդ քեզ դեպի փրկություն կտանես ու առաքինության մեծամեծ բարիքների երանելի կրողը կդառնաս, քանի որ մենք ունակ ենք աշխատասիրությամբ առաքինության հասնելու, մինչդեռ շքեղ զգեստներ, մարմնի գեղեցկություն ու փառահեղ պատիվ ունենալու անկարող ենք: Եվ արդ, քանի որ առաքինությունն ավելի մեծ ու բարի է, քան ուրիշ որևէ բարիք (ինչը որ ամենքն էլ կհաստատեն), ուրեմն՝ առաքինություն ձեռք բերելո՛ւն փափագենք և հավետ հեռո՛ւ մնանք բոլոր ախտերից ու մանավանդ՝ նախանձկոտության պիղծ ախտից:

Անհնարին է չտեսնելը, թե որքա՜ն չար երևույթ է կեղծավորությունը, իսկ այն ևս նախանձի պտուղն է, քանի որ նախանձի սերմերը մարդկանց մեջ պտղաբերում են, երբ նրանք, դիմացինի հանդեպ ատելություն տածելով, սեր են ցույց տալիս՝ նմանվելով ծովի մեջ եղող շարժվող քարի, որի վրա եթե մեկը անզգուշորեն կանգնի՝ չարաչար վախճանի կարժանանա: Արդ, տեսե՛ք, որ նախանձն, աղբյուրի նման, մեզ վրա մահ է ցողում և բարուց հեռանալու, Աստծուց օտարանալու, ամեն տեսակի խառնաշփոթության ու կյանքի բարիքներից զրկվելու պատճառ դառնում: Ուրեմն, լսե՛նք առաքյալի խոսքը և «սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով» (Գաղ. Ե 26), այլ մանավանդ «միմյանց հանդեպ լինենք քաղցր ու գթած՝ ներելով միմյանց, ինչպես որ ներեց մեզ Աստվա՛ծ» (հմմտ. Եփես. Դ 32), ում փա՜ռք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները
website by Sargssyan