USD
EUR
RUB

Ընտանիք

 

Եւ եղիցին երկոքեան ի մարմին մի:

Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Մատթեոս 19:5):

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Կանայի հարսանիքին մասնակցելով, Իր օգնությունն ու օրհնությունը բերեց նորաստեղծ ընտանիքին՝ կատարած հրաշագործությամբ: Ընտանիքը Աստծո սուրբ և բարի կամքի արդյունքն է: Աստված արարչագործությունից հետո ընտանիք ստեղծեց: Ադամի կողոսկրից ստեղծելով Եվային՝ նրան կյանքի ընկեր տվեց: Ընտանիքը կազմվում է Աստծո օրհնությամբ, և Աստծո նախախնամության մեջ ընտանիքի կազմալուծումը, զույգերի բաժանությունը չկան: Մաղաքիա Օրմանյան պատրիարքը գրում է. «Ամուսինները պարտավորված են իրենց ստեղծած կապը հավիտենապես տանել… Եթե այդ միության օրինական իմաստն անխզելի միավորությունն է, բարոյական իմաստով հոգու, մտքի և սրտի միավորությունն է, քանզի ընտանեկան հարկը պահանջում է, որ այր ու կին հոժարությամբ, խորհրդով ու կամքով էլ իրար միավորված լինեն, որպեսզի ընտանեկան կյանքի թե՛ գոյությունը հաստատվի, թե՛ օգուտը քաղվի, և թե՛ մխիթարությունն ու վայելքը ապահովվի» (Համապատում): Ամուսնական զույգի միությունը միայն մարմինների միություն չէ, այլ հոգու, մտքի և սրտի միություն, այլապես ընտանիքում փոխըմբռնում չի լինի, չի լինի նաև զգացմունքների և գաղափարների երկխոսություն:

Պողոս առաքյալը ամուսնու և կնոջ միությունը նմանեցնում է Քրիստոսի և եկեղեցու միությանը, ինչպես եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին, այդպես էլ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, իսկ ամուսինը պետք է սիրի իր կնոջը, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին և Իր անձը մատնեց Նրա համար (Եփեսացիներ 5:21-33): Խաղ ու պար չէ կնոջ և տղամարդու միությունը, պսակը, որ կատարվում է եկեղեցում և եկեղեցու օրհնությամբ: Ընտանիքը պետք չէ պատկերացնել որպես հաճույքների վայր, որոնց ավարտից հետո կարելի է փոխել այն: Կամ պետք չէ պատկերացնել, որ, ուրախությունից բացի, ընտանիքում չեն լինելու նաև տխուր և ձախորդ օրեր, որոնք հարկավոր է միասին և ըմբռնումով հաղթահարել, համբերատար լինել միմյանց սխալների հանդեպ, միմյանց հետ խոսել, զրուցել և ոչ թե խուսափել հարցի կոնկրետ քննարկումից:

Սուրբ է ընտանիքը, և Աստվածային բոլոր մաքրագործող պատվիրանները առաջին հերթին պիտի կիրառվեն սեփական հարկի տակ: Տղամարդ-կին, ծնող-երեխա, քույր-եղբայր փոխհարաբերությունները նվիրագործվում են պատվիրանապահությամբ: Ավետարանական պատվիրանները գրքում գրված հենց այնպես խոսքեր չեն, դրանք կյանքի կոչելու դեպքում օգնում են խնդիրների լուծմանը: Սերն ու ներումը, ամուսնու հարգանքը կնոջ նկատմամբ, կնոջ հնազանդությունը ամուսնուն, միմյանց հանդեպ հոգ տանելը, երեխաների նկատմամբ ունեցած պատասխանատվությունը նպաստում են ընտանեկան խաղաղությանը, վեճերի և կռիվների դադարեցմանը: Ինչպես ամեն հարցում, այնպես էլ ընտանեկան հարցերում Աստվածաշունչը նպաստում է մարդու փրկությանը, մարդկանց համերաշխությանը: Աստվածաշունչը մերժում է ատելությունը և սեր է քարոզում: Քրիստոնեությունը անհանդուրժող է դավաճանության նկատմամբ և հավատարմության պատգամ է հղում ամուսնական զույգերին: Խրիմյան Հայրիկը դրախտի ընտանիք կոչում է այն ընտանիքը, որ կկառուցվի Աստվածային պատվիրանների կատարմամբ: Ամուսինները պարտավոր են խնամք տանել իրենց ընտանեկան պարտեզի համար՝ ջանալով այն վերածել դրախտային այգու:

Սիրելինե՛ր, բոլորս էլ գիտենք, որ հեշտ է գեղեցիկ բառերով խոսել ընտանեկան արժեքների մասին, շեշտել ընտանիքի կարևորությունը, սակայն ընտանիքի պահպանման համար կարևոր են գործադրվող ջանքերն ու պայքարը: Ընտանիք կազմելու այն ցանկությամբ, որով առաջնորդվում է երիտասարդը ամուսնանալուց առաջ, այդ մեծ ցանկությամբ էլ նա պետք է առաջնորդվի ընտանիքը պահպանելու և փրկելու համար: Այն նույն խանդավառությունը, նախանձախնդրությունը, համառությունը, կամքի անսասանությունը, որ երիտասարդներն ունենում են միմյանց հասնելու, այնուհետև հարսանեկան պատրաստությունների մանրուքների իրականացման հարցում, ցանկալի է և պետք է, որ նրանք ունենան ընտանիքի պահպանման համար պայքարելու և հեշտ ու հանգիստ չհանձնվելու, ամուսնալուծությամբ հարցը վերջնականապես չփակելու համար: Ուշադրություն է հարկավոր ընտանեկան կյանքում և կենցաղում միմյանց չվիրավորելու, չցավեցնելու, բառերին ազատություն չտալու, անտարբերություն չցուցաբերելու, հոգսը միմյանց վրա չբարդելու, երեխաների դաստիարակության գործում իմիջիայլոց մոտեցում չունենալու, ընտանիքից հեռու արկածներ չփնտրելու համար, մինչև վերջ պատասխանատվությամբ մոտենալու ընտանեկան խնդիրներին, որովհետև սա է Տիրոջ կամքը, և սա է բարին:

Այսօր ընտանեկան և զանազան այլ խնդիրների դեպքում բազմաթիվ մարդիկ դիմում են տարբեր բախտագուշակների ու գրբացների՝ ձգտելով իմանալ իրենց ապագան, թե ինչ է լինելու իրենց և իրենց ընտանիքների հետ և նրանց դիվային զորությամբ փորձում են փոխել իրենց կյանքի ընթացքը, բարելավվել իրենց ընտանիքների կարգավիճակը, մինչդեռ նրանցից ընդամենը ակնկալվում է լսել Տիրոջ ձայնը, հնազանդվել Նրա պատվիրաններին և դրանով պաշտպանված լինել երկնքի հովանու ներքո: Երբ մարդիկ մտածեն Աստվածաշնչի պատվիրաններով ապրելու մասին, այդժամ նրանցից հեռու կլինեն վեճերն ու կռիվները, դավաճանություններն ու փորձանքները, հեռու կմնան թմրամոլությունից, գինեմոլությունից, խաղամոլությունից, ծուլությունից և պոռնկությունից, որոնք էլ այսօրվա ընտանիքների կործանման պատճառներից են: Այդ մոլությունները չարի հնարքներն են, որոնց միջոցով մարդիկ ընկնում են կախվածության մեջ, Աստծուց հեռանում, կորցնում են իրենք իրենց, իրենց հոգին, իրենց ընտանիքը: Ահա թե ինչու Աստծու պատվիրանները մարդուն երբեք ոչ միայն չեն վնասել, այլև, ընդհակառակը, օգնում են ապրել առաքինի կյանքով և բոլոր սայթաքումներից ու մեղանչումներից հետո Քրիստոսի պատարագմամբ ոտքի կանգնել և առաջնորդում են փրկության:

Մաղթում եմ, որ Աստծո օրհնությամբ մեր ազգային կյանքում ստեղծվեն ամուր ընտանիքներ, որ մեր ավանդական հայկական ընտանեկան արժեհամակարգը, որը սերտորեն առնչվում է ավետարանական բարոյական պատկերացումների հետ, աննահանջ ընթացք ունենա մեր ժողովրդի կյանքում: Սիրենք միմյանց, հոգ տանենք միմյանց մասին, չմոռանանք ներել, համբերատար լինել: Հավատարիմ լինելով Աստծուն և Նրա պատվիրաններին՝ ամուսնալուծություններն ու բաժանումները կբացառվեն մեր կյանքից, և կկարողանանք հաղթահարել մեր ընտանիքների առջև ծառացած ամենատարբեր խնդիրները Աստծո օժանդակությամբ:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan