Գթասրտություն

Գթասրտություն

Գթասրտությամբ մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն է ունենում արտահայտել սեփական կարեկցանքն ու սերը դիմացինի նկատմամ՝ այսկերպ հոգևոր երջանկություն պարգևելով ինքն իրեն և շրջապատին: Գթասրտություն ցուցաբերելով մենք նաև մեր վերաբերմունքն ենք դրսևորում մեզ շրջապատող իրականության հանդեպ:

Գթասրտության հիմքում սերն ու անկեղծ հավատքն է առ Աստված, քանզի Աստվածաշնչի Ոսկե Կանոնն ասում է՝ «ինչ որ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»:

Հիսուսի այս պատգամը «Ոսկե Կանոն» է կոչվում, քանզի հռչակում է այն սկզբունքը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր քրիստոնյա՝ իր նմանի հետ հարաբերվելիս: Բացառվում է որևէ անձնական շահ կամ ակնկալիք ունենալը, և հետևաբար՝ յուրաքանչյուր բարի գործ, այդ թվում նաև գթասրտությունն ու ներողամտությունը մեր մերձավորների հանդեպ, պետք է բխի հոգուց և լինի բացարձակապես անշահախնդիր, հեռու ցանկացած տեսակ ձևապաշտական և ցուցամոլական դրսևորումներից:

Անչափ կարևոր է նաև հասկանալ ու գիտակցել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բարեգործության կամ բարի գործի հիմքում մեր ներքին հոգեհուզական աշխարհն է, զգացմունքները, պատկերացումներն ու աշխարհընկալումը։ Ուստի՝ մեզնից յուրաքանչյուրը նախքան շրջապատի հետ շփումը պետք է փորձի վերանայել սեփական կյանքը, շտկել սխալները, հավատքի միջոցով մաքրագործվել և իր մեջ բացահայտել աստվածային սերն ու դրա տարաբնույթ դրսևորումները։ Եվ այս ամենից հետո միայն մենք կզգանք, թե որքան անկեղծ, զորավոր, մնայուն ու գիտակցված են մեր կատարած բարի գործերն այս աշխարհում:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում