Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ»
Նմանատիպ
Երկուսս էլ ծխում ենք․
քեզնից ծուխ է արձակվում ծխախոտի,
ինձնից՝ բանաստեղծություն․
երկուսն էլ գնում են երկինք,
երկուսից էլ մենք ենք սպառվում․․․
*
Օ՜, ես չեմ,
ե՛ս չեմ կնոջ տեսակը կատվի,
որ գիտի ժպտալ չքմեղ
ու ծառայել
կեղծին,
որ փաղաքշանքի ուժով
հավատում է լոկ ստին,
փափուկ մորթու գգվանքով
մոլորեցնող խաղ ունի
ու ճանաչում է մեկ ուղի՝
ճանապարհ
դեպի դուռը դժոխքի․․․
*
Քնի՛ր իմ մեջ, կարո՛տ,
ծառերը, որոնց հետ երգում էի,
ձմեռում են հիմա,
կյանքի եղելությունը ծածկվում է ձյան տակ,
որ մի օր անցնի հողի մեջ․․․
Կորստյան վախն է արթուն
և հալոցքը սպասվող,
որ հուշում է,
թե բոլորս սպասող ենք կյանքում,
քնի՛ր իմ մեջ, կարո՛տ․․․
*
Ու կթվա, թե ծառը փայտ է մի
ու իր համար աճում է միայն։
Ասում եմ ձեզ․
ինչպե՞ս կարող է ծաղկել ինչ-որ բան
առանց զգացմունքի,
դե, փորձե՛ք հապա․․․
*
Մենությանը հանձնված՝
ծածկեցի ինձ կարոտի տերևներով․
ամեն օր հաշվում եմ մի տերև
ու ամրացնում մենությունս կարոտե․
կարողանալու՞ ես բացել մի օր
տերևներս բոլոր՝
գտնելու մի Մենուհու այնտեղ՝365 տերև․․․
*
Իսկ վաղը ամեն ինչ կսկսենք նորից,
երբ արևը անքեն կօրհնի օրը դարձյալ
ու լույսը կբարեբանի ժամանակի հետ,
թիթեռները օդում ժպիտ կդառնան
ու ծաղիկներն իրենց սիրտը կբացեն,
միայն հիշեմ, որ մոռանամ քեզ վաղը,
չմոռանամ հանկարծ քեզ չհիշել․․․
*
Ռ․ Մուզիլ․ «Ճշգրտություն և հոգի»
Կգա ժամանակ՝
այս ջրերի երեսին,
որն իրականում ժամանակի երեսն է,
կսառչի իմ ժպիտը,
որ սպասումի թարգմանն էր,
ու թռչունները կչվեն ջերմ տարածքներ
միայն նրա համար,
որ կսառչի ժպիտը․․․
դու կարող ես բանաստեղծություն
կամ երգ համարել ձայնը,
որ հոսում էր երեկվանից դեպի վաղը,
ու ժպիտն էր նրա
բոլոր կետադրության նշանները․․․
որոշումները, որ մենք
համարում ենք իրականություն,
ոչինչ են ջրերի կայուն հոսքի առջև․․․
թռչունները հեռանում են,
որ ժպիտը չսառչի,
մարդիկ՝ երբ սառչում է այն․․․
կուզես՝ բանաստեղծություն
կամ երգ համարիր այն,
որ ես կուզեի թռչուն լինել․․․
չկա ճշգրտություն, չկա հոգի․․․
Վիեննա
*
Շշունջ՝ ոչնչի մեջ։
Լռություն։
Քնքշանք ու շունչ։
Ես ծառ էի․․․
*
Ես քեզ համար բառեր եմ փնտրում,
որ չեմ ասել երբեք,
որ չեն ասել քեզ դեռ,
ու լռությունը բացում է անհատակ խորքեր,
ուր ժպիտ-ժպիտ ալիքվում եմ ես,
բառերս ծաղկում են ծառերին,
նվիրվում քեզ․․․
լսի՛ր ինձ, երբ կայցելես ծառերիդ․․․
Լուսանկարները՝ Երևանյան Էսքիզ գրական կայքի
Հետևեք մեզ նաև Telegram-ում