Հավատարմություն

Հավատարմություն

Հավատարմությունը սիրո և քաջության յուրօրինակ դրսևորում է, որը հստակ բնորոշում է մարդու վեհությունը, բարձր արժեքային համակարգն ու աշխարհընկալումը:

Անշուշտ, հավատարմությունը միայն մարդկանց չդավաճանելու եզակի որակը չէ։ Այն վերաբերում է նաև սեփական սկզբունքներին, խղճին և Աստծուն:

Ակներև է այն հանգամանքը, որ հավատարմություն ցուցաբերելու համար բացի անկեղծ սիրուց ու նվիրվածությունից անհրաժեշտ է նաև հսկայական կամքի ուժ։ Չէ՞ որ աշխարհը բոլոր ժամանակներում լի է եղել բազմապիսի գայթակղություններով, տարաբնույթ ստերով ու մոլորություններով։ Ուստի՝ այս խայտաբղետ պերճանքների մեջ, անշուշտ, չափազանց դժվար է սեփական արժեքներին ու սիրող մարդկանց հավատարմություն ցուցաբերելը։ Սակայն հենց սրանում է կայանում ճշմարիտ քրիստոնյայի առանձնահատկությունը, քանզի Հիսուս քառասուն օր շարունակ անապատում պայքարեց ու հաղթեց սատանայական գայթակղությանը՝ մեզնից յուրաքանչյուրին սովորեցնելով, թե ինչ է նշանակում ճշմարիտ հավատարմությունը, հոգևոր ուժն ու սերը:

Սուրբ Գիրքն էլ վկայում է Աստծո հավատարմության մասին: Աստված հավատարիմ է բոլորին, Իր տված խոստումներին: Մենք անվերապահորեն կարող ենք վստահել Աստծուն, որովհետև Նա երբեք չի փոխվում, չի ստում: Հենց Աստծո հավատարմությունն էլ լավագույն օրինակ է ամենքիս համար։ Պետք է ջանք չխնայենք նմանվելու Նրան, ով երբեք չի դավաճանում:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում