Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է

Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է

– Հա՛յր, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ սրբերն իրենց հիշատակության օրը պարգևներ են բաժանում իրենց դիմող մարդկանց: Այդպե՞ս է:

– Այո, հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում: Եթե մեր կյանքով սրբերին ուրախություն ենք պատճառում, ապա նրանք մեզ հոգևոր քաղցրավենիք են հյուրասիրում:

– Իսկ ինչպե՞ս որևէ սրբի սիրեմ, հա՛յր:

– Սրբերից որի՞ն ես ուզում սիրել:

– Սուրբ նախածնողներ Հովակիմին ու Աննային:

– Աղոթիր նրանց ինձ համար, որպեսզի օգնեն ինձ, իսկ ես կաղոթեմ, որպեսզի դու նրանց սիրես: Եթե կարող ես, ապա ամեն օր տվյալ օրվա սրբի վարքը կարդա, որպեսզի բոլոր սրբերի հետ կապ ունենաս: Օրվա սրբի վարքն ընթերցելը և, ընդհանրապես, սրբերի վարքը շատ է օգնում, որովհետև ջերմացնում է հոգին ու մղում՝ նրանց ընդօրինակելու: Այդժամ մարդը մի կողմ է դնում բոլոր վախերն ու փոքրոգությունը և քաջությամբ առաջ է ընթանում: Վարքերն օգնում են հոգու արիություն դաստիարակել, անգամ մինչև նահատակություն:

– Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ նույնանուն սրբերը նույնատեսակ տանջանքներ են կրում:

– Քո անունն ի՞նչ է:

– Մարիամ:

– Սուրբ Մարիամ կա՞:

– Սուրբ Մարիամ Եգիպտացին:

– Սուրբ Մարիամը նահատակ չէ, բախտդ բերել է: Սակայն նա ճգնում էր, այնպես որ ընդօրինակի՛ր նրա սխրանքին, որպեսզի նույնանման… վարք ունենաք: Սրբերը ջանում էին ընդօրինակել մյուս սրբերին, նրանց, ում մեծարում էին:

– Հա՛յր, իսկ մարդն ինչպե՞ս կարող է որևէ սրբի հետ ընկերանալ:

– Անհրաժեշտ է հարազատանալ սրբին. «Սրբին մեծարելը նրան ընօրինակելն է»,- ասում է սուրբ Բարսեղ Մեծը:

….Վերջերս ծուլացել եմ ու սրբերի ողորմությամբ եմ ապրում, մուրացիկի պես անընդհատ խնդրում եմ նրանցից, և բոլորին էլ խնդրում եմ, որ աղոթեն ինձ համար: Սրբերն իրենց մեծ սիրով ինձ երկնային հացից ու դրախտային մեղրից են տալիս:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում