Ո՞րն է ձեր ընտրությունը

Ո՞րն է ձեր ընտրությունը

Հիշու՞մ եք ձեր մանկությունը, հատկապես այն դրվագները, թե որքան բան էին պահանջում ծնողները, որ չանենք, ու զգույշ լինենք։ Հիշո՞ւմ եք՝ փոքր ժամանակ ինչպես էին մեզ կանոններ սովորեցնում, օրինակ` փողոցում չխաղալ կամ լուցկի, կրակայրիչ ու նմանատիպ վտանգավոր իրեր չվերցնել ձեռքը ու չփորձել դրանցով խաղալ։ Ու այդ «կանոնները» երբեմն պարզապես բեռ էին թվում, կարծես թե մեր ծնողները հորինել էին դրանք, որպեսզի թույլ չտային անելու այն, ինչը մեր կարծիքով երջանկություն կպարգևեր մեզ: Մեծանալով սովորեցինք ու հասկացանք, թե որքան կարևոր էին այդ «կանոնները», որոնց չենթարկվելով կարող էինք ծանր վնասվածքներ ստանալ կամ վնասել դիմացիններին: Իրականում, կա մի հոգեբանական պահ, որը հասունանալու հետ երբեք չի փոխվում․ հիշենք հայտնի ասացվածքը՝ արգելված պտուղը միշտ քաղցր է թվում։ Վստահաբար, շատերիս մոտ մինչև այժմ էլ կա այդ երևույթը․ երբ ինչ-որ բան արգելված է, դրան մոտենալը կամ ձեռք տալը ավելի ցանկալի է ։

Մեծանալու հետ մեկտեղ, հարազատ ծնողի պես, Աստված մեզ պատվիրաններ է տալիս, որպեսզի մշտապես ուշադրության կենտրոնում պահենք դրանք, ու չշեղվենք ճշմարիտ ճանապարհից։ Տերը իր պատվիրանների միջոցով սովորեցնում է՝ ինչն է կարևոր այս կյանքում, և ինչը կարող է խաթարել Իր հետ մեր հարաբերությունները: Նրա առաջնորդությունը նպատակ ունի ապահով ու անվտանգ կյանքի ընթացք պարգևել և, ի վերջո, ավելի շատ ազատություն և երջանկություն շնորհել:

«Պատվիրան» բառը գուցե հիշեցնի Տասը պատվիրանները՝ մի ցուցակ, թե ինչ չպետք է անենք, բայց իրականում Աստված ոչ միայնասում է՝ ինչ չպետք է անենք, այլև՝ ինչ պետք է անենք: Նրա մեծագույն հույսը մեր հավերժական երջանկությունն է, այնպես որ կարող ենք վստահ լինել, որ Նրա պատվիրանները սահմանափակող կանոններ չեն, այլ աստվածային առաջնորդություն, որոնք նպատակ են հետապնդում պաշտպանել և առաջնորդել՝ դեպի ավելի լավ կյանք:

Տերը երբեք չի պարտավորեցնում շարժվել այդ պատվիրաններով, որոշումը միշտ մարդունն է, ու ինքներս պետք է ընտրենք՝ մնա՞լ Աստծու հետ, թե՞ հեռանալ ու ապրել մի կյանքով, որտեղ չկա աստվածային օրհնություն ու հավատ առ Աստված։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում