USD
EUR
RUB

Սուրբ Բարսեղ Կեսարացի եպիսկոպոսապետի ճառը Սուրբ Երրորդության մասին

 

Աստծուն հանապազ հիշելը բարեպաշտություն է, և աստվածասեր հոգին երբևէ չի հագենում։ Սակայն Աստծու մասին խոսքով արտահայտվել փորձելը մեծ հանդգնություն է, բայց և, չնայած մեր մտքի անարժանությանը, պիտի ջանանք գոնե աղոտ խոսքով ի մի բերել մեր իմացածը։ Արդ, ինչպես որ մեր միտքն է քննվող խնդրի մեծության դեպքում ծանրաբեռնվում, նույնպես և՝ մտքից առավել, խոսքն է անզոր դառնում Աստծու մասին բարբառվելիս։ Ուստի արդյո՞ք ավելի նախընտրելի չէ լռությունը, քան խոսքի տկարությամբ վտանգելը աստվածաբանության սքանչելիությունը։

Իսկ ահա Աստծուն փառավորելը տենչալի է ամենքի կողմից, քանի որ դա մեր՝ բանական մարդկային բնության մեջ է սերմանված։ Սակայն եթե ճշմարիտն ասենք, ապա ամենքն էլ թերանում են իրենց այդ պարտավորության մեջ, բայց և մարդիկ զանազանվում են միմյանցից բարեպաշտության նկատմամբ ունեցած իրենց շատ կամ քիչ բաղձանքի միջոցով։ Ուստի և պետք չէ, որ մեկը, այս կամ այն գործն անելով՝ հպարտանա իր արածով, այլ հարկ է, որ ամեն ոք, առավել առաջադիմելով իմացության մեջ, ըստ այդմ՝ առավել ևս զգա իր տկարությունը։

Այսպիսին էր Աբրահամը, այսպիսին էր նաև Մովսեսը։ Երբ նրանք Աստծուն տեսան՝ այնքանով, որքանով մարդու համար հնարավոր էր, նրանցից յուրաքանչյուրը այդժամ առավել ևս անարգ համարեց ինքն իրեն։ Աբրահամը հող ու մոխիր կոչեց իրեն (Ծննդ. ԺԸ 27), իսկ Մովսեսը՝ ծանրախոս ու համրալեզու (հմմտ. Ելք Դ 10), քանի որ տեսնում էր իր լեզվի տկարությունը՝ անկարող սպասավորելու Աստծու տնօրինությամբ հայտնված խորհուրդը։

Սակայն քանի որ ձեր ականջները բաց են աստվածաբանություն լսելու համար և քանի որ ձեր այդ ցանկությունն այս եկեղեցում անհագ է՝ Ժողովողի ասածի նման (հմմտ. Ժող. Ա 8), ուստի հարկ է ասել անհրաժեշտը։ Բայց և մենք ասում ենք ոչ թե այն չափով, որչափ է Աստված, այլ գեթ այն չափով, որքան մեզ է հասու։ Եվ ինչպես որ անկարող ենք երկնքի ու երկրի բովանդակ հարթությունը աչքով տեսնելու, սակայն չենք հրաժարվում մեզ համար հնարավոր չափով այսինչը կամ այնինչը տեսնելուց, նույնկերպ և այժմ էլ սակավ խոսքով ջանանք լիացնել մեր բարեպաշտությունը՝ գիտենալով, սակայն, որ Աստծու մեծասքանչ բնության մասին կատարելապես բարբառելուն անկարող ենք մենք։

Չէ՞ որ նույնիսկ հրեշտակների լեզուները երբևէ ի զորու չեղան բարբառելու աստվածայինը և բանական բնություն ունեցող, ի մի ժողովված բոլոր հրեշտակապետների համար էլ այդ աստվածայինին հասնելը և աստվածային գիտությամբ զգեստավորվելը անկարելի եղավ։

Իսկ դու, եթե կամենում ես որևէ բան ասել կամ լսել Աստծու մասին, ապա մի կո՛ղմ թող մարմինդ, մի կո՛ղմ թող մարմնական զգայություններդ, լքի՛ր երկիրն ու մոռացի՛ր ծովը, օդից էլ ավելի վե՛ր ելիր, զա՛նց առ երկրի զարդը եղող ժամանակի կարգավորությունը, որպեսզի երկնքից էլ վեր կարողանաս բարձրանալ, շրջանցես աստղերն ու դրանց հրաշազարդությամբ էլ զարդարված՝ դրանց ամենաշնորհ լիությամբ ու փայլով, դրանց քաջալերանքով ու պայծառությամբ լցվես, միմյանց նկատմամբ ունեցած դրանց դիրքով, շարժումով ու իրարից ունեցած հեռավորությամբ սքանչանաս։

Միայն մտքով երկնքից էլ վեր ելնելով ու այնտեղից վար նայելով է, որ կարող ես մտքիդ խորհուրդներով տեսնել աստվածային գեղեցկությունը, երկնայինների զորությունը, հրեշտակների պարակցությունը, հրեշտակապետների վերակացությունը, Տերությունների փառքը, Աթոռների առաջնապատվությունը, Զորություններին, Պետություններին, Իշխանություններին։

Միայն մի կողմ թողնելով ամեն երկրային բան, ամեն նյութեղեն երևույթ ու միտքդ վեր բարձրացնելով՝ կարող կլինես՝ իմանալու աստվածային Բնությունը, որը հաստատուն է, անփոփոխելի, անայլայլելի, անախտ, պարզ, հասարակ ու անբաժանելի, որ անմերձենալի լույս է (հմմտ. Ա Տիմ. Զ 16), անճառելի զորություն, մեծություն անսահմանելի, լուսապայծառ փառք, երանելի բարություն, անպատմելի գեղեցկություն, որը թեպետ մեծ հիացմունքով է լցնում մարդուս հոգին, սակայն և այդ հոգու համար մշտապես անկարելի է մնում այդ աստվածայինը խոսքով արտահայտելը։

Ահա՛ Աստված՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, ինքնագո բնություն, տերունական արժանավորություն, բնական բարություն։ Հայրը ամեն ինչի սկիզբն է, գոյություն ունեցող ամեն բանի պատճառն ու կենդանության արմատը։ Նրանից է բխում Կյանքի աղբյուրը, իմաստությունը, զորությունը, անտեսանելի Աստծու անայլայլելի պատկերը (հմմտ. Կողոս. Ա 15), Հորից ծնված Որդին՝ Կենդանի Բանը, որ Աստված է և Աստծու մոտ (հմմտ. Հովհ. Ա 2)։ Նա եղել է մշտապես՝ նախքան հավիտյանները, և ո՛չ՝ երբևէ արարվել հետագայում։

Նա Ստեղծող է և ո՛չ երբևէ՝ ստեղծված, Արարիչ, և ո՛չ՝ արարված։ Այն ամենն, ինչ ունի Հայրը, ունի նաև Որդին։ Մտապահի՛ր Որդու վերը թվարկյալ առանձնավորական հատկությունները։ Սակայն և իմացի՛ր, որ Որդին, Որդի լինելով, ունի նաև Հոր բոլոր հատկանիշները՝ ըստ Իր Տերունական ձայնի, որն ասաց. «Ամենն, ինչ որ Հայրն ունի, Իմն է» (Հովհ․ ԺԶ 15)։ Իսկապես որ, Որդին պատկերն է Հոր դեմքի, ինչի մասին ավետարանիչն ասում է. «Տեսանք,- ասում է,- Նրա այն փառքը, որը Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. Ա 14)

Այսինքն՝ ոչ թե Հայրը՝ Որդուն իբրև պարգև կամ շնորհ է տվել Իր սքանչելի պատկերը, այլ ըստ բնութենական հավասարության է, որ Որդին ունի Հոր Աստվածության պատիվը։ Չէ՞ որ վերցնելը արարածներին բնորոշ հատկանիշ է, իսկ Իր իսկ բնությամբ ունենալը հատուկ է միայն Հորից ծնվածին։ Արդ, Նա, իբրև Որդի, Իր բնությամբ ունի այն ամենն, ինչ ունի Հայրը, և որպես Միածին Իրենում բովանդակում է ամեն բան ըստ ամենայնի՝ որևէ ուրիշ մեկի հետ չկիսելով Իր ունեցածը։

Ուստի և միայն Նրա Որդի անվանումից մենք ուսանում ենք, որ Նա հաղորդակից է Հոր բնությանը և ոչ թե ինչ-որ հրամանով է Որդի դարձել, այլ անբաժանորեն ծագում է Հոր պայծառությունից, միավորված է Հորը անհունության մեջ և համահավասար է Նրան Իր բարությամբ ու զորությամբ և հաղորդակից է Հոր փառքին։ Որդին ոչ այլ ոք է, եթե ոչ՝ Հոր Կնիքն ու Պատկերը, որն Իրենում ամբողջովին պատկերում է Հորը։

Այս ամենն իմանալուց հետո խոսենք Որդու մարդեղացման մասին։ Նա տնօրինում է մարդկության փրկությունը՝ մարմնապես մեզ հայտնվելով։ Եվ երբ Որդին Իրեն Հորից ուղարկված է կոչում, նաև ասում է, որ անկարող է Ինքն Իրենից որևէ բան անել և թե՝ Ինքը պատվեր է ստացել Հորից ու նմանատիպ այլ խոսքեր, այդ թող քեզ համար երբևէ պատճառ չդառնա՛՝ Միածնի Աստվածության փառքը փոքր կարծելու, քանի որ քո մարդկային տկարությանը հասնելու համար զորավորի խոնարհվելը բնավ չի խոսում Նրա ունեցած նվազ ուժի մասին։ Այլ դու իմացի՛ր, որ աստվածավայելուչ է Նրա բնությունը, իսկ Ինքն Իրեն խոնարհեցնող Որդու խոսքերը ընդունի՛ր իբրև Հոր և Որդու տնօրինությունը զանազանող վկայություն։

Սրա մասին եթե երկար խոսել կամենայինք, խորամուխ լինելով խնդրի մանրամասնությունների քննարկման մեջ, անհաշվելի բառերի օգնությանը պիտի դիմեինք աներկբայորեն։ Սակայն վերադառնա՛նք մեր բուն հարցադրմանը։ Եթե մեր միտքն ի վիճակի լինի՝ ինքն իրեն մաքրելու ամեն նյութական ու առարկայական զգայություններից և ձկան նման՝ ջրերի խորքից վեր լողա դեպի վերին մակերեսը, այնտեղ, որտեղ Որդին ու Հայրն են, պիտի տեսնի նաև Սուրբ Հոգուն և պիտի նկատի, որ Հոգին ևս իր էությամբ բովանդակում է աստվածային ողջ բնությունը, ամեն բան՝ բարություն, ուղղամտություն, սրբություն և կենդանություն։

Չէ՞ որ ասվում է՝ «Քո բարի Հոգին» նաև՝ «արդար Հոգի» (հմմտ. Սղմ. ՃԽԲ 10), և դարձյալ՝ «Քո Սուրբ Հոգին» (հմմտ. Սղմ. Ծ 12)։ Իսկ առաքյալն էլ ասում է. «Կյանք տվող Հոգու օրենքը» (հմմտ. Հռոմ. Ը 2)։ Այս բոլոր հատկանիշները Սուրբ Հոգու կողմից ձեռք չի բերվել և ոչ էլ հետագայի հավելված է, այլ, ինչպես որ կրակից անբաժանելի է նրա ջերմությունը և լույսից՝ նրա պայծառությունը, այդպես էլ Հոգուց անբաժանելի է սրբագործումն ու կենսագործումը, Իրենն իսկ են արդարությունն ու սրբությունը։

Արդ, Սուրբ Հոգին այնտեղ՝ երանելի Էության մեջ է, Նա ոչ թե մասն է բազումի, այլ՝ Մեկը՝ Սուրբ Երրորդությունից, որ իրապես միակն է, ու ոչ՝ մասը բյուրավորների։ Եվ ինչպես որ, օրինակ, մի է Հայրը և մի է Որդին, սույնպես և մի է Սուրբ Հոգին։ Իսկ ահա սպասավոր հոգիները բազմաթիվ են և մինչև իսկ դժվար է նրանց բազմությունը թվելը։ Ուստի Սուրբ Հոգուն արարված մի՛ համարիր, քանի որ նա շատ ավելի առավել է արարվածներից, ըստ այդմ էլ՝ Սրբացնողին մի՛ դասիր սրբացվելու կարիք ունեցողների շարքին։

Սուրբ Հոգին է, որ լիացնում է հրեշտակներին, լիացնում է և հրեշտակապետներին ու սրբագործում է զորությունները, կյանք տալիս ամեն ինչին։ Սուրբ Հոգին բաժանված է բոլոր արարածներին և յուրաքանչյուչի կողմից տարբեր կերպ է ընկալված։ Ու չնայած որ Նա Իր շնորհները տալիս է ամենքին, սակայն երբեք չի սպառվում, այլ և՛ լիանում են Սուրբ Հոգու շնորհները ընդունողները, և՛ Ինքը՝ Սուրբ Հոգին էլ աննվազ է մնում։ Ինչպես որ Արեգակը, լուսավորելով մարմիններն ու տարբեր կերպ անդրադառնալով յուրքանչյուրի վրա՝ երբևէ չի նվազում իր լույսն ընդունողների բազմության մեծության պատճառով, այդպես էլ Սուրբ Հոգին, բոլորին շնորհելով՝ մնում է անաղոտելի ու անբաժանելի:

Սուրբ Հոգին լուսավորում է ամենքին Աստծու գիտությամբ, ոգեշնչում է մարգարեներին, իմաստնացնում է օրենսդիրներին, զորեղացնում է թագավորներին, կատարյալ է դարձնում քահանաներին, հաստատուն է պահում արդարներին, պարկեշտացնում է ողջախոհներին, բժշկության շնորհն է գործադրում, կենդանացնում է մահացածներին, արձակում է կապյալներին և որդեգրում՝ օտարացածներին:

Սուրբ Հոգին այս ամենը կատարում է մարդուն վերստին ծնունդ պարգևելու շնորհիվ: Մաքսավորին՝ հավատացյալ ու ավետարանիչ է դարձնում, ձկնորսի մեջ հայտնվելով՝ նրան դարձնում է աստվածաբան, ապաշխարող հալածչին վերափոխում է հեթանոսների առաքյալի, հավատի քարոզչի ու ընտրյալ անոթի (Գործք. Թ 15):

Սուրբ Հոգով է, որ տկարները զորանում են, աղքատները՝ հարստանում, խոսքով տգետները իմաստուններից էլ ավելի իմաստուն են դառնում: Պողոսը, թեպետ տկար էր, սակայն Սուրբ Հոգու մերձավորությունն ունենալով՝ իր հոգու համար վարշամակ հանդիսացող այդ տկար մարմնով բժշկություններ էր գործում դրանց կարիքն ունեցողների համար (Գործք. ԺԹ 12): Պետրոսը նույնպես տկար մարմնի մեջ էր, սակայն Սուրբ Հոգու՝ նրա մեջ բնակվելու շնորհիվ, իր այդ մարմնից ընկնող ստվերը հալածում էր հիվանդությամբ տառապողների ախտերը (հմմտ. Գործք. Ե 15):

Պետրոսն ու Հովհաննեսը աղքատ էին, քանի որ ոսկի ու արծաթ չունեին, սակայն մարդկանց առողջություն էին շնորհում, որն առավել պատվական է, քան շատ ոսկին (հմմտ. Գործք. Գ 6): Չէ՞ որ կաղը, շատերից ոսկի ստանալով, շարունակում էր մնալ նույն մուրացկանը, սակայն երբ Պետրոսից բժշկության շնորհն ընդունեց, դադարեց մուրալուց և սկսեց վազվզել եղջերուի պես ու օրհնաբանել Աստծուն: Հովհաննեսը, որը թեև անտեղյակ էր աշխարհի իմաստությանը, սակայն Սուրբ Հոգու զորությամբ այնպիսի խոսքեր էր բարբառում, որոնք ըմբռնել անկարող է որևէ այլ իմաստություն:

Սուրբ Հոգին և՛ երկնքում է հաստատված, և՛ լիացնում է երկիրը: Նա ամենուր ներկա, բայց և անպարագրելի է: Նա և՛ ամբողջովին ներկա է ամենքի մեջ, և՛ ամբողջովին բնակվում է Աստվածության հետ: Նա ոչ թե սպասավորելով է շնորհում իր պարգևները, այլ ինքնիշխանաբար է պարգևում, ինչպես որ ասվում էլ է, թե Սուրբ Հոգին «բաժանում է յուրաքանչյուրին այնպես, ինչպես Ինքն է կամենում» (Ա Կորնթ. ԺԲ 11) և թեպետ առաքվում է աստվածային տնօրինությամբ, սակայն գործում է ինքնուրույնաբար:

Ուրեմն, աղոթե՛նք, որ այս Սուրբ Հոգին երբևէ չլքի մեզ, այլ մշտապես բնակվի մեր հոգիներում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհներով, որին փա՜ռք հավիտյանս: Ամեն:

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan