USD
EUR
RUB

Հրանտ Մաթևոսյան․ Գոմեշը

 

Համառոտ

Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:

Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:

Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն... մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:

Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:

Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:

Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:

Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է - ա՛յսպե՜ս:

Նա կանգնեց վրանի դռանը, կանչեց ու սպասեց նանի դուրս գալուն:

- Եկել ե՞ս,- ասաց նանը:

- Էս օրը ճաշին էս ինչո՞ւ ես եկել,- ասաց նանը:

- Նախիրը հանդում՝ դու վեր ես կացել եկել:

- Դե լավ, որ եկել ես՝ արի կթեմ:

- Կուրծդ կիսատ՝ էս ո՞ւր ես եկել:

Կթվորը լավ չէր կթում, կուրծը ցավեցնում էր: Գոմեշը ծռեց պարանոցը, հոտ քաշեց՝ նանի հոտն էր, նանի ձայնն էր, բայց այս անգամ իսկի լավ չէր կթում: Գոմեշը տեսավ որ չի ուզում կթվել: Հեռու հեռաստաններից դենը, տաք մշուշների մեջ գոմեշների խմբեր են կանգնած և նրանցից մեկը անտառների ու ճանապարհների գլխով հղում է իր թախիծը սրան:

- Հը՜, Սաթիկ... նանիդ տրորում ես, էլ քեզ ո՞վ կկթի:

- Չէ, կաթ չես բերել, եղածն էլ չտվեցիր:

- Վույ, վույ, վույ, վույ, նանիդ տրորեցիր:

- Մինա՜ս... գոմեշն աչքիս մի տեսակ է երևում:

- Հա՜... գոմեշս ցուլ է ուզում:

- Գոմեշս ցուլ է ուզում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր... մարտ... մարտ, մայիս... լավ ժամանակ ես ծնելու: Ձագիդ բոխու տերև կտամ... կանաչ արև կլինի, մայիս կլինի...
Գոմեշը բլրի գլխին կանգ առավ ու աստծու կանաչ աշխարհի վրայով նայեց հեռվի շեկ հովիտներին:

Աղվեսը մեռել էր ծերպերի մեջ լերկ մի տեղ՝ որպեսզի խոտերը չխանգարեն և երկնքի բազեն անպայման տեսնի նրա դին: Եվ այնքան ճիշտ էր մեռել աղվեսը, որ հովը քշում տանում էր նրա ագին:

Հեռուների շեկ հովիտներում մշուշների տակ գոմեշների շոգած խմբեր էին օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում էր սրան: Գոմեշը մռլնգաց ու պոկվեց բլրի գլխից դեպի ձորը...

Էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում էն անասունը,- վրա վազեց աղվեսը: Հազար ասի էդ անիծված տունն էդ փափուկ հողում չփորենք...

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan