USD
EUR
RUB

Հացը` իբրև Աստծո պարգև

 

Համաշխարհային պատմության թոհուբոհի հոլովույթում թևածող յուրաքանչյուր սրատես անհատ, նույնիսկ մակերեսային դիտարկման միջոցով, կարող է տեսնել, թե ինչպիսի կարևորություն ունի «հաց» կոչվող երևույթը ողջ մարդկության համար: Սա առավել ակնառու է մասնավորապես տառապած ու փառապանծ հայ ժողովրդի պարագայում, քանզի հենց մեր ժողովրդի մոտ են տարածված այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Հացը սրբություն է», «Հացի վրա երդվել» և այլն: Այստեղ անխուսափելիորեն պետք է նշել, որ միայն առաջին անհրաժեշտության սնունդ լինելու հանգամանքը չէ, որ հիմք է դարձել նմանատիպ ընկալման: Ուստի անհրաժեշտ է է՛լ ավելի խորամուխ լինել այս երևույթի մեջ և վեր հանել դրա իրական ու հիմնական հիմքերն ու դրանցից բխող օգուտները: Այս պարագայում ևս մեզ օգնության է հասնում «Թարգմանությունների Թագուհին»՝ Աստվածաշունչը, որով արդեն ավելի քան հազար յոթ հարյուր տարի է դաստիարակվում ու կրթվում է հայ ժողովուրդը, ձևավորվում է նրա ազգային ու հոգևոր յուրօրինակ դիմագիծն ու նկարագիրը: Աստծու կողմից մարդուն հացի տրման պատմությունը վերջինիս համար դառնում է մի անչափ հետաքրքիր՝ նախախնամված կյանքի ուղենիշ:

Մարդու արարումից և բերկրության դրախտում նրա բնակեցումից հետո Արարիչը պատվիրում է. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել» (Ծննդոց Բ 16): Այստեղ ակնառու է, որ մարդն սկզբնապես պետք է սնվեր պտուղներով և իր սնունդը հայթայթելու համար աշխատելու կարիք ամենևին չուներ: Արդեն մեղանչումից հետո պատժելով Ադամին` Աստված առաջին անգամ անուղղակի կերպով խոսում է հացի մասին ու ասում. «Քո երեսի քրտինքով կուտես հացդ» (Ծննդոց Գ 19): Շարունակելու համար մեզ անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր ու առանցքային կողմ, որը հիմնավորված է թե՛ Սուրբ Գրքով և թե՛ մարդու փորձով. հացն ինքնին բնության մեջ գոյություն չունի. այն ստեղծվում է բնության տված բարիքի և մարդու աշխատանքի միավորմամբ: Սա էլ ուղղակի տեսանելի է Ծննդոց գրքի Գ 19 համարում և ենթադրում է, որ մարդը հաց ունենալու համար պետք է տանջվի ու կքի հողի տաժանակիր մշակության լծի տակ:

Հացի մասին մեկ այլ հայտնի պատմության ենք հանդիպում արդեն «Ելից» գրքում, երբ Իսրայելի ժողովուրդն արդեն դուրս էր եկել ստրկության տուն Եգիպտոսից և շարժվում էր դեպի Ավետյաց երկիր (տե՛ս Ելք ԺԲ-ԺԶ գլուխներ): Այստեղ էլ անապատային եղանակի, անդադար շարժերի և սննդամթերքի սղության պատճառով էր ժողովուրդը հայտնվել ծանր ու տևական տանջանքի մեջ: Սակայն Տերը տեսնում է Իր ժողովրդի կրած մեծ տառապանքները և այդ մեծությանն էլ գերազանցող պարգև՝ երկնքից թափվող մանանա է տալիս նրանց: Հաց, որին սաղմոսերգու Դավիթ թագավորն անվանում է «Երկնքի հաց և հրեշտակների հաց» (Սաղմոս ՀԷ 25): Այս ամենից հետո արդեն Նոր Կտակարանում հացի բազմացման հրաշքից հետո (տե՛ս Մատթեոս ԺԴ 13-21, Մարկոս Զ 30-44, Ղուկաս Թ 10-17, Հովհաննես Զ 1-15) տեսնում ենք իրեն փնտրող մարդկանց Հիսուսի կողմից տրված հետևյալ պատասխանը.

«Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար» (Հովհաննես Զ 27): Թե՛ առաջին և թե՛ երկրորդ դրվագներում մարդիկ կերան հացն ու զորացան, սակայն դա նրանց չփրկեց վախճանից ու հավիտենական կյանք չտվեց: Այստեղ հարց է առաջանում. իսկ ո՞րն է հավիտենական կյանք տվող հացը: Այս հարցին մի քանի նախադասություն հետո պատասխանում է հենց Փրկիչն` ասելով. «Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհաննես Զ 32-33), որին էլ այնուհետև հավելում է. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած» (Հովհաննես Զ 51) ու հորդորում. «Գնացեք աշխատեցե՛ք այն կերակրի համար, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ» (Հովհաննես Զ 27): Փրկչի կողմից այս Հացը տրվում է միայն և միայն անասելի չարչարանքների, խաչելության ու մահվան ճանապարհով: Այստեղ Քրիստոս Ինքն է տանջվում ու տառապում ամբողջ մարդկության փոխարեն և Իր երեսի քրտինքով մարդկության համար վաստակում է այն: Իսկ Մարդու Որդու կողմից տրվող Կենաց հացը ոչ այլ ինչ է, քան Իր Մարմինն ու Արյունը (հմմտ. Հովհաննես Զ 52), որը հավիտենական կյանք (հմմտ. Հովհաննես Զ 52), մեղքերի քավություն և թողություն է տալիս բոլոր ճաշակողներին (տե՛ս Մատթեոս ԻԶ 17-30, Մարկոս ԺԴ 12-26, Հովհաննես ԺԳ 21-30, Ա Կորնթացիներ ԺԱ 23-25): Ուստի անհրաժեշտ է չմնալ միայն նյութական հացի ստեղծման ու վայելման աստիճանի վրա, այլ պետք է այն դարձնել դեպի հավիտենական կյանք տվող հացին ձգտելու մեր տանջանքների ու մղումների սկզբնակետ և ուղենիշ:

Պատրաստեց` Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan