Աշոտ Ավդալյան. Նարեկացուն

Աշոտ Ավդալյան. Նարեկացուն

Հաղորդակցվելով լեզվով հնամյա,
նոր զգացում ես իմ մեջ ճառագում,
սասանվում են հիմքերը հոգուս,
ու նմանվում եմ
հավիտենության սահմանը թռչող
կուրացած թռչնի,
և իմ ձայները արձագանքվում են
գեհենից պոկված հառաչանքի պես:
Իսկ ականջներս
նմանվում են ծովային խեցու:
Եվ դու ծխում ես
ականջներիս մեջ,
և դու ծխում ես
երակներս ի վար,
և դու ծխում ես
թանձր խավարում,
և դու դառնում ես
տնքացող օրվա վերջին վայրկյանը,
և հոգիս արդեն դեղնում է ծխից,
և հոգիս արդեն մրսում է ցրտից,
իսկ քո բարբառը
դեռ գլորվում է,
անվերջ գլորվում
իմ հոգու ձյունե անդաստաններում:
Ու հիմա, հիմա
հազար վանքերի զանգերը անգամ
չեն խլացնի ձայնը իմ մեջ,
և ես գնալով
գետնատարած ընկնում եմ արդեն
քո զանգերի մեջ,
խնդրում, աղաչում.
«Եվ հերկեա զբանական անդաստան
Մարմնեղէն կարծրացեալ սրտիս,
Ցընդունակութիւն արգասեաց հոգևոր սերմանդ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում