Նորայր Գրիգորյան. Վիրակապ աշնան սրտին

Նորայր Գրիգորյան. Վիրակապ աշնան սրտին

***

Ասում ես`սերը կանաչ աչքե՞ր ունի,
ասում եմ` նայիր ծառին։
Ասում ես` սերը դեղին մազե՞ր ունի,
ասում եմ` նայիր արևին։
Ասում ես` սերը կապու՞յտ արյուն ունի,
ասում եմ` նայիր Աստծուն։
Ասում ես` սերը ոչինչ էլ չունի,
ասում եմ` կարդա այս բանաստեղծությունը։

ԱԿՆԹԱՐԹ

Ես կորցրի բանաստեղծություն գրելու պահը,
երբ ժայռաբեկորին թառած արծիվը նայում էր
ուղիղ իմ աչքերի մեջ:
Ի՜նչ ճերմակ շղարշ էր
փաթաթել իմ մարմինը,
երբ խենթությունը հոսում էր՝
բարակ առուների շապիկները հագած:
Ինչպե՞ս բացվեց այդ առավոտը,չիմացա,
ես թողել էի վախի դեղին գնդիկները
արծվի սառած աչքերի մեջ,
երբ բանաստեղծություն գրելու պահը
մնաց դաջված ժայռաբեկորի
գունավոր քարաքոսերին,
ու եղնիկները տրորում էին այն,
էգ եղնիկները,որոնք նախորդ կյանքում
նրբիրան աղջիկներ են եղել:

ՎԻՐԱԿԱՊ ԴԻՐ

Վիրակապ դիր աշնան սրտին,
ձմեռը կգա:
Բաց է դուռը ճերմակ ցրտի,
թռչունը չկա:

Համբերանքը ծեր դաշտերում
շողում է թաքուն:
Ինչքա՜ն թախիծ կա աչքերում
քնած, թե արթուն:

Համբերանք դիր ձմռան սրտին,
գարունը կգա,
մոլորեցնող կապույտ ցրտի
թռչունը վկա:

Կանաչներ դիր բաց դաշտերին,
կանաչ վիրակապ:
Ցրտերի հետ ի՜նչ հաշտ էի
երգով անապակ:

Վիրակապ դիր հին երգերին,
լուսե վիրակապ,
կանաչ-կանաչ խոր վերքերին
ու աչքերին փակ: 

***

Առավոտյան արտասվում են թռչունները,
կեսօրին՝ մարդիկ,
երեկոյան՝ թռչուններն ու մարդիկ միասին:
Գիշերը ստվերները դարպասների վրա
նկարում են համբերանք,
և կարոտները դարպասներից հոսում են
դեպի ամենամոտ ճանապարհները.
– Հիշու՞մ ես, այնտեղ մի ծառ կար,
որի վրա բնակվում էին թռչուններն ու մարդիկ,
մի քամի, որն անընդհատ օրորում էր ծառը,
մի առվակ, որ քչքչալով համբուրվում էր
ծառի արմատների հետ,
և վայրի ծաղիկներ, որոնց բույրը
թռչունները լցնում էին ամպերի մեջ,
և բուրավետ անձրևներն իջնում էին
այն մարդկանց հուշաքարերին,
ովքեր մի օր ծառից իջել էին
վայրի ծաղիկներ հավաքելու
և մոռացել էին բարձրանալ վերև:

***

Քո երազանքները
անձրևի կաթիլների հետ
երկնքից իջնում են ցած:
Որտե՞ղ գտնեմ այն կաթիլը,
որն իմ մասին է:
Ես պարզած ձեռքերով
կանգնում եմ անձրևի տակ,
ո՞ւմ մասին են երազանքները կաթիլներում.
չգիտեմ,
չեմ էլ ուզում, որ անձրևը դադարի:

ԱՆՁՐԵՎ

Բառերի վրա անձրև է գալիս,
էլ բառեր չկան:
Անձրևի վրա անձրև է գալիս,
անձրև էլ չկա:
Ամպերի վրա անձրև է գալիս,
ամպեր էլ չկան:
Տեսնես՝ էլ ի՞նչ կա,
երբ բառեր չկան,
անձրևներ չկան,
երբ ամպեր չկան,
երբ առուները մեղմ ու քչքչան
պատկերն են տանում այն կույս աղջկա:
Ո՜նց բառեր չկան,
անձրևներ չկան,
ու ամպեր չկան,
իրիկնապահին նրանք եկել են
ու թաքուն լցվել գիրկը աղջկա:

***

Ինչպե՞ս բանաստեղծություն գրեմ,
երբ դու չկաս:
Ի՞նչ բանաստեղծություն գրեմ,
երբ ոչինչ չկա:
Ինչպե՞ս բանաստեղծություն գրեմ,
երբ ես չկամ:

Աղբյուր՝ Andin.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում