Սամվել Շահինյան. Չորսը

Սամվել Շահինյան. Չորսը

Ամենասկզբում մենք չորսն էինք:

Երկնքում արարվածներս Երկրի վրա մարմնավորումներ ունեինք: Խոյը, Առյուծը, Արծիվը և Մարդը: Մենք էինք մարմնավորում նաև չորս տարերքները՝ կրակը, ջուրը, հողը, եթերը:

Ամենասկզբում մենք չորսն էինք և մեր ուսերին էինք պահում երկնակամարը, որի կիզակետում Արեգակն էր:

Հետո մեր մարմնավորումներն ու տարերքները հեռացան մեզնից:

Ջուրը հյուսիս գնաց ու վայելում է սառցի անդորրը:

Հողը ձգվեց դեպի արևմուտք և այժմ փշատերև անպտուղ ծառեր է սնուցում:

Կրակը հարավ գնաց ու ուրիշի սուտ տաքության մեջ զովություն է վայելում:

Եթերը արևելքում մոլեգնում է մոռացած, որ ինքը քամի ու փոթորիկ չէ:

Մենք՝ երկնքում արարվածներս, Երկրի վրա առանց մարմնավորումների նյութական որևէ գործ անկարող ենք անել: Հիմա մենք խավարում տամկացող հոգիներ ենք, որ դեգերում ենք երնակամարի ավերակ բեկորների մեջ ու արև երազում:

Հույսը գուցե տկարանում, բայց երբեք չի մահանում հոգիների համար:

Կգա օրը: Մենք Չորսս հավատում ենք: Կգա օրը, և կգա մարդը մեղավոր ժպիտով, ջուրը կհոսի խենթագին խայտանքով, հողը կքրտնի ու հողամերձ ամպաքուլաներով կդիմավորի Արեգակին, եթերը մեղմիկ կշոյի հոգիներն ու ապրելու բանաձևը կշշնջա:

Եվ մենք Չորսս միասին կհավաքենք ու կկանգնեցնենք երկնակամարը: Ու կգա Արեգակը ու կբազմի կիզակետի իր գահին:

Երկրի վրա կրկին կհաստատվի Երկնային Կենտրոնագմբեթ Եկեղեցին:

Անդին 7-8 միացյալ համար, 2015

Հետևեք մեզ նաև Telegram-ում