Գյումրու դրամատիկական թատրոնը հանդես եկավ բացօթյա ներկայացմամբ

Գյումրու դրամատիկական թատրոնը հանդես եկավ բացօթյա ներկայացմամբ

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը երկար դադարից հետո ներկայացավ հանդիսատեսին։ Բացօթյա ներկայացմամբ մանուկ հանդիսատեսի դատին հանձնվեց «Կորժիկը, Կոմպոտն ու Կարամելկան» շոու-ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մանկական այս շոու-ներկայացման առաջնախաղը նախատեսված էր մարտի 14-ին:

Բացօթյա ներկայացումը տեղի ունեցավ Գյումրու Հայորդաց տան բակում: «Դեկորացիան, բնականաբար, կիսատ է, լույս ու այլ հնարավորություն չկա, դրան զուգահեռ էլ` շոգը: Մենք այս ներկայացմանը փորձեցինք այնպես անել, որ պահպանվի հեռավորությունը, հաջորդիվ կանենք, որ բոլոր թերությունները վերացվեն»,-նշում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով թատրոնը կկարողանա հանդիսատեսին ընդունել իր ծածկի տակ, իսկ մինչև այդ թատրոնը պատրաստ է բացօթյա հանդես գալ այն ներկայացումներով, որոնք դրա հնարավորությունն ունեն: «Սա շոու-ներկայացում էր, ու ձևաչափը թույլ էր տալիս բացօթյա ներկայացնել այն: Նպատակ կա նաև «Երկնագույն շան աչքերը» ներկայացնել արդեն այլ տարածքում»,-հավելեց տնօրենը:

Չնայած այս ընթացքում թատրոնի դռները փակ են հանդիսատեսի համար, բայց թատրոնը ստեղծագործական ակտիվ աշխատանքեր էր ծավալում՝ պատրաստելով թատերական նոր ներկայացումներ, նոր նախագիծ: «Երբ արդեն պարետատան կողմից լինի որոշում, որ կարող ենք հանդիսատեսին ընդունել, կամ թեկուզ սահմանափակ հանդիսատեսով, կներկայացնենք այդ ամենը: Գյումրու թատրոնը հանդիսատեսին «պարտք է» ավելի քան 20 ներկայացում: Հանդիսատեսը սպասում է», – ասաց նա:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում