Վիկտոր Ցոյի հարազատները դիմել են Պուտինին՝ խնդրելով արգելել Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմի վարձույթում հայտնվելը

Վիկտոր Ցոյի հարազատները դիմել են Պուտինին՝ խնդրելով արգելել Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմի վարձույթում հայտնվելը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am։ Ռուսական «Կինո» ռոք խմբի առաջատար Վիկտոր Ցոյի հարազատները ՌԴ նախագահին նամակ են գրել՝ խնդրելով թույլ չտալ կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմի վարձույթում հայտնվելը, գրում է gazeta.ru կայքը։

Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Ալեքսեյ Ուչիտելի ֆիլմը «գռեհիկ տեսարան» է անվանվում, որը նսեմացնում է Վիկտոր Ցոյի և նրա հարազատների բարի համբավը։ Նամակի հեղինակները խնդրում են շտապ ստուգումներ կազմակերպել և ֆիլմի՝ էկրան բարձրանալու դեմ համապատասխան քայլեր ձեռնարկել։

Հարազատները նշում են, որ երգչի անունը և պատկերը ֆիլմում օգտագործելու թույլտվություն ռեժիսորին չեն տվել։ Ինքը՝ ռեժիսորը, ավելի վաղ հայտնել էր, որ Ցոյի որդուց՝ Ալեքսանդրից, նկարահանումների բանավոր համաձայնություն է ստացել՝ միայն այն պայմանով, որ որոշ հերոսների անուններ փոխվեն։

«Վիկտոր Ցոյի պես մարդիկ պատկանում են ոչ միայն իրենց ընտանիքի, այլև իրենց երկրի պատմությանը։ Եվ եթե հասարակությունը նման հերոսներ ունի, չարժե դա որպես եկամտի ստացման գռեհիկ աղբյուր դարձնել՝ օգտագործելով «անթույլատրելի մեկնաբանություններ»,- ասվում է նամակում։

Հարազատները նշել են, որ «ցածրորակ ու գռեհիկ» այդ ֆիլմի դեպքերը չեն համապատասխանում իրականությանը։

Վիկտոր Ցոյը զոհվել է 28 տարեկանում՝ ավտովթարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում