Հրազդանում առաջին անգամ կկայանա ազատ ստեղծագործողների համաժողով

Հրազդանում առաջին անգամ կկայանա ազատ ստեղծագործողների համաժողով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անց է կացվելու ազատ ստեղծագործողների «Ինքնանույնականացում-2020» համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ժնևի «Musika» գործակալության պրոդյուսեր Անի Գասպարյանը և հավելել, որ համաժողովին քննարկվելու են հարցեր ազատ ստեղծագործողների ստատուսի, օրենքների վերաբերյալ:

Միջոցառումը տեղի է ունենալու Հրազդան քաղաքի «Շառլ Ազնավուր» զբոսայգու նորոգված հարթակում սեպտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին:

Հայաստանյան անկախ ստեղծագործողները նման համաժողով անցկացնելու միտքը հղացել են «Մուզանավ» հասարակական կազմակերպության նախաձեռնած առցանց քննարկումների ընթացքում: Այսպիսով, նրանք պատրաստվում են համախմբել իրենց իրական ներուժը և համագործակցային լայն դաշտ ձևավորել:

«Մենք պետք է սկսենք շարժվել հայաստանյան անկախ արտիստական համայնքի՝ տասնամյակներով կուտակված խնդիրների լուծման ճանապարհով։ Ազատ արվեստի և ազատ արվեստագետի հասարակական ինստիտուտների անտեսումը հասունացրել է ոչ միայն խնդիրները, այլև դրանք լուծելու անհրաժեշտությունն ու օրակարգը։ Համավարակի ընթացքում մենք սկսեցինք ավելի լավ հասկանալ մեր կարիքները և ավելի սուր զգացինք համագործակցության կարևորությունը»,- հայտնել է Անի Գասպարյանը։

Համաժողովն անցկացնելու վայրի տրամադրման և տեխնիկական հարցերում մասնակիցներին աջակցել են Հրազդանի համայնքապետարանը և «Հրազդանի դրամատիկական թատրոն» մշակութային կենտրոնը:

Բոլոր ցանկացողների համար Երևանից դեպի Հրազդան շարժվելու են միկրոավտոբուսներ։

Համաժողովի նախաձեռնող խմբի անդամներն են երգչուհի, երգահան, «Մուզանավ» ՀԿ-ի համահիմնադիր Լիլիթ Բլեյանը, երգիչ, երգահան Վահան Արծրունին, մենեջեր, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը, կիթառահար, գործիքավորող, «Մուզանավի» համահիմնադիր Տիգրան Տեր­Ստեփանյանը, երգչուհի, երգահան, «Մուզանավի» համահիմնադիր Քրիստինե Կոլյանը, երգահան, երգիչ, «Լավ էլի» խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը, ինչպես նաև Ժնևի «Musika» գործակալության պրոդյուսեր Անի Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում