«Համավարակի այս օրերին հիմնականում զբաղվել եմ թարգմանությամբ»

«Համավարակի այս օրերին հիմնականում զբաղվել եմ թարգմանությամբ»

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Հարցազրույց Խորեն Գասպարյանի հետ

– Դուք Ձեզ ինչպես կներկայացնեք՝ թարգմանի՞չ, բանաստե՞ղծ, հրապարակագի՞ր…

– Ես ինձ կներկայացնեմ՝ ընթերցող (որը մի ժամանակ լավ ընթերցող էր, այսօր, ավաղ, հազար ու մի պատճառներով՝ հոգս, առողջական վիճակ, սոցիալական խնդիրներ, տարիք, հիասթափություն եւ պարզապես ծուլություն, արդեն շարքային ընթերցող է): Կներկայանամ որպես շարքային բանասեր, որ նաեւ գրում է, թարգմանում, երբեմն զբաղվում հրապարակագրությամբ, բայց այդպես էլ չգիտի՝ այդ ամենը դույզն-ինչ արժեք ունի՞, թե՞ պարզապես սեփական կեցությանն ինչ-որ իմաստ հաղորդելու, ձանձրույթը փարատելու, ի վերջո՝ գոյատեւելու համար է : Վերջապես՝ կներկայանամ որպես գրքասեր, թերեւս նաեւ` գրքամոլ:

– Ձեր հունիսյան հարցազրույցում`«Գրական թերթ»-ին տված, ասել էիք` «Մտքերս չեմ կարողանում ի մի բերել, կենտրոնանալ: Ինքնամեկուսացած ու դիմակավորված՝ իմ ժողովրդի նման, հարազատ-բարեկամ-ընկեր-ծանոթներից հեռու կամ սոցիալական հեռավորությամբ հեռացած՝ հիշում եմ Ռուբեն Հախվերդյանի մի երգի տողերը՝ «Նույնիսկ մոտիկ բարեկամներս հոգեհացիս հազիվ թե գան»: Մեկ էլ ինքս ինձ ասում եմ. «Ախր, դու մահից ե՞րբ ես այդպես վախեցել: Չէ՛, ինքդ էլ գիտես, որ քե՛զ համար չես վախենում, բայց վախենում ես հարազատներիդ համար, որոնց չես ուզում ցավ պատճառել»: «Մեռնիլըս չեմ հոգար, ձեզմե կարոտ եմ»: Համավարակի այս օրերն ինչպե՞ս եք անցկացրել, ինչո՞վ եք եղել զբաղված:

– Համավարակի այս օրերին հիմնականում զբաղվել եմ թարգմանությամբ: Ընդ որում՝ պատվիրված թարգմանությամբ: Եվ ստիպված էի գիշեր ու զօր աշխատել՝ հասցնելու համար: Համաձայնեք՝ հեշտ գործ չէ: Սրտի բաց վիրահատությունից հետո դա նաեւ ուժասպառ անող աշխատանք է: Հոգեվիճակս էլ արդեն պարզ է, թե ինչպիսին է եղել. զուր չեք հիշեցնում «Գրական թերթում» տպագրված խոսքս: «Մի բան է փտել Դանեմարքայում»,- կասեր Համլետը: «Բան է խաթարվել՝ մեր կյանքից էլ թանկ»,- ասում էր Հրաչյա Սարուխանը: Չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց ավելի շատ արդեն անցյալում եմ ապրում, մի ոտքս անցյալում է, մեկը ներկայում: Կյանքիս ավելի քան երկու երրորդն արդեն անցյալում է: Ընկեր-մտերիմ-հարազատներիցս շատերն անցյալում են: Ներկային էլ կապված եմ այսօրվա հարազատ-ընկեր-մտերիմներովս: Իսկ ապագայի համար անհանգստանում եմ: Հարազատներիս, մտերիմներիս, ընկերներիս ու ժողովրդիս համար: Սխալներ շատ եմ արել: Եվ չեմ ուզում այլեւս սխալվել:

 

2000 թ., Վանաձորում: Ձախից աջ՝ Մելս Սանթոյան, Ռոբերտ Սարգսյան, Հրանտ Մաթեւոսյան, Մանվել Միկոյան, Խորեն Գասպարյան

– Դուք ընկերություն եք արել Վանաձորի տաղանդավոր գրողների` Հրաչյա Սարուխանի, Սամվել Զուլոյանի … հետ: Ինչպիսի՞ն է գրական Վանաձորն այսօր:

– Հրաչյա Սարուխան, Սամվել Զուլոյան, գրողների ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներ… իմ միջավայրն է եղել, որտեղ կյանք եմ ապրել: Եվ այդ կյանքը լի է եղել հույս ու հավատով, սիրով, ջերմությամբ՝ անգամ ամենացուրտ, անհույս ու անլույս օրերին: Իրար հետ ու իրարով ենք ապրել: Այսօր էլ մեր լուսահոգի գրչընկերների հուշն անմեռ է: Իսկ վանաձորյան գրական կյանքը շարունակվում է. գրում ենք, տպագրվում (հիմնականում մամուլում կամ սոցցանցերում ներկայանալով), բայց… բան է խաթարվել: Գրական նոր սերնդի վրա է մեր հույսը: Բայց ինչ-որ բան արժեզրկվել է: Խոսքն է արժեզրկվել: Գոնե իմ սերնդակից շատերի համար այդպես է:

– Պարոն Գասպարյան, ձեր ՖԲ էջից տեղեկացա, որ Արցախում այս օրերին լույս է տեսել չին կին արձակագիր Չժան Յավենի «Դարերի կանչը» գիրքը` ձեր թարգմանությամբ: Պատմեք, թե ինչպես ծնվեց գաղափարը այդ գիրքը թարգմանելու: Այնտեղ խոսք կա նաեւ Սորոսի մասին: Չեմ թաքցնում՝ համեղ, թե դառը պատառը սորոսականների համար է պահված…

– Չժան Յավենի գրքի լրիվ անվանումն է՝ «Դարերի կանչը (մտորումներ Հոնկոնգի մասին). իրական պատմություն»: Գիրքը թարգմանելու գաղափարն իմը չէ: Արդեն ասացի, որ թարգմանությունը պատվիրված էր: Հասկանալի պատճառներով՝ պատվիրված գրքեր եմ հաճախ թարգմանում՝ նախասիրություններս ու ցանկություններս մի կողմ թողնելով, եթե, իհարկե, ինձ դուր են գալիս (իմ գրած կամ իմ նախասիրությամբ թարգմանած գործերն առանձին գրքերով տպագրելու համար միջոցներ են հարկավոր): Այդպես եմ թարգմանել «Ռուս այլախոհական պոեզիա» անթոլոգիան, 20-րդ դարի հետութսունական թվականների սերնդի չին գրողների պատմվածքների «Աղի ձայնը» ժողովածուն, Չժան Յավենի՝ նշված գիրքը, այլ գրքեր: Բնականաբար, չին հեղինակներին անգլերենից եմ թարգմանել: Դրանք լույս է ընծայել Ստեփանակերտի «Ոգի-Նաիրի» հրատարակչությունը: Խմբագիրն է բանաստեղծ, թարգմանիչ Հրանտ Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է սորոսականներին, կամ, ավելի ճիշտ, Սորոսին, ասեմ, որ Չժան Յավենի գրքում նրա մասին ընդամենը մեկ նախադասություն է գրված, բայց շատ բնորոշիչ: Գրքի մասին ասեմ նաեւ, որ հեղինակն անդրադառնում է Հոնկոնգի կյանքի բոլոր ոլորտներին: Նրա գրչին հատուկ է փաստավավերագրողի օբյեկտիվ շարադրանքը, նա ունի ե՛ւ հետազոտողի սուր ու դիպուկ աչք, եւ՛ հրապարակագրի կրքոտ խոսք, եւ՛ հայրենասեր ու նվիրյալ գրողի «սուբյեկտիվ կողմնակալություն»: Թույլ տվեք, չդիմանալով գայթակղությանը, մի հատված ներկայացնեմ գրքից: «Դարերի կանչը մեզ ասում է, որ աշխարհը մի վայր է, որտեղ ուժեղներն ուտում են թույլերին: Երկչոտների վարձը հարձակումների ենթարկվելն է: Թույլերի վարձը ահաբեկչության եւ սպառնալիքի ենթարկվելն է: Հինավուրց ժամանակներից մինչ օրս մարդկային ցեղը, կրկին ու կրկին, վերապրել է այս պնդման անհերքելի ճշմարտությունը… Պատմությունը հայելու է նման: Այն արտացոլում է անցյալի մեր օրերը եւ դրանց նախորդած բոլոր օրերը, ճիշտ այնպես, ինչպես արտացոլում է ժողովրդի ուժեղ եւ թույլ կողմերը: Նրանք, ովքեր մոռանում են անցյալի իրենց օրերը, մոլոր ու կորուսյալ՝ կթափառեն այսօրվա մեջ… »,- գրում է Չժան Յավենը: Նա կողմնակից է ողջամիտ իրատեսության եւ այսպիսի հետեւություն է անում. «Մենք չենք կարող ինքներս մեզ թույլ տալ՝ ընկղմվել կույր ու ինքնագոհ լավատեսության մեջ եւ չենք կարող ինքներս մեզ ձաղկել: Դա է ամենակարեւորը»: Կարծում եմ՝ հայերիս համար ուսանելի խոսքեր են:

– Որքան տեղյակ եմ, Դուք դասավանդում եք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: ԲՈՒՀ-երում սկսվում են դասերը, զուգահեռ ճակատ է բացվել դասաժամերի, կրթական բարեփոխումների, հեռավար ուսուցման հետ կապված: Ինչպե՞ս եք պատրաստվում լսարան մտնել, ինչ խոհերով, ինչն է, որ այս պահին անհանգստացնում եւ կամ`հակառակը ոգեւորում է ձեզ:

– ժամանակին թարգմանական արվեստ, ժուռնալիստիկա եւ մշակութաբանություն եմ դասավանդել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Վանաձորի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետում: Այսօր արդեն չեմ դասավանդում: Ներկայումս Վանաձորի գրադարանային համակարգի տնօրենն եմ: Թեեւ շատ եմ կարոտում ուսանողներին, բայց, ցավոք, լսարան չեմ մտնելու: Ավելի շատ անհանգստություններ ունեմ ուսուցման հետ կապված, քան ոգեւորություններ, բայց ոգեւորվում եմ նախկին ուսանողներովս, նաեւ՝ ներկաներով, երբ այցելում են գրադարան, երբ թեկուզ մի քանի րոպե զրուցում եմ նրանց հետ: Ապագան նրանցն է, եւ ուզում եմ հուսալ, որ կհաղթահարեն ժամանակի հարուցած դժվարություններն ու բոլոր խոչընդոտները, որոնք հաճախ արհեստականորեն ու դիտավորյալ են ստեղծված: Ազգային առողջ ոգի կրող շատ լավ երիտասարդներ կան, որոնց հետ հույսեր եմ կապում. նրա՛նք պիտի, ազգանվեր ավագների հետ միավորված, մեր ապագան փրկեն ամենուր որդի նման ներս սողոսկող ապազգային ու ապամարդկային ուժերից:

– Թարգմանիչները հաճախ են դժգոհում, որ իրենց հեղինակային արտադրանքը`թարգմանությունները, գողանում են, հաճախ սոցիալական ցանցերում հեղինակին մեջբերելիս թարգմանչի անունը չի նշվում, եւ կամ մի երկու բառ ձեւափոխելով, այն առնում է մեկ ուրիշինը: Ունե՞ք նման խնդիր:

– Եղել են նման դեպքեր: Բայց դրանք ավելի շատ կապված են եղել իմ գրչընկերների թարգմանածների կամ գրածների հետ, եւ ես արդարացիորեն հայտնել եմ իմ դժգոհությունը: Ինձ հետ կապված դեպքերում ինքս իմ մեջ վրդովվում եմ, բայց չեմ բարձրաձայնում:

Հարցազրույցը վարեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում