Ներողություն խնդրելը, արդյո՞ք թուլության նշան է

Ներողություն խնդրելը, արդյո՞ք թուլության նշան է

Կյանքում շատ կարևոր է սովորել ներողություն խնդրել այն պահին, երբ սխալն ուղղելն արդեն անհնար է։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է մեղքն ընդունել, որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև զղջալ։ Սա թերևս պայմանական կոչենք գործընթաց, որի միջով պետք է անցնենք։

Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում մի «լուրջ» հարցի հետ կապված ներողություն խնդրել ենք: Շատերիս դեպքում այն դժվար գործընթաց է եղել, քանզի առերեսում ենք ունեցել սեփական անձի հետ։ Մինչ նշված առերեսման պահը գուցե մեզ իրավացի ենք համարել, սակայն հետո տեսել ենք, որ շուրջն այլ բան է կատարվում․ ոչ ոք մեզ չի արդարացնում: Մի խոսքով, գլխի ենք ընկել, որ տեղի է ունեցել սխալ, ու մեղավորը ինքներս ենք։ Այդ պահից սկսած՝ փորձել ենք վերլուծել կատարվածը, ու գտնել հարմար առիթ՝ ներում հայցելու համար։

Այնուամենայնիվ, մինչև այժմ էլ, ոմանք գտնում են, որ ներողություն խնդրելը թուլության նշան է, և պետք է ամեն բան անել՝ այդ բառից խուսափելու համար։

Իրականում միմյանց ներելն ու ներսում չարություն չկուտակելը լավագույն զգացողություներն են։ Աստված էլ մեզ միշտ ներում է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված պատրաստ է ներելու, և Նա ներում է մեծահոգաբար։ Երբ Նա ներում է, ներում է լիովին ու մեր մեղքերը ջնջվում են, մաքրվում։ Բացի այդ, Աստված ներում է վերջնականապես, քանի որ նա ասում է. «Նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմիա 31:34): Գուցե սա էլ մի պատգամ է՝ հասկանալու, որ ներումը մի նոր հնարավորություն է՝ կյանքի հետագա ընթացքը փոխելու, և ամեն բան նոր էջից սկսելու համար։ Տիրոջ կամքն է, որ իր զավակները ետ կանգնեն սխալ ճանապարհից, ուստի՝ նրանց ներում շնորհելով՝ Աստված ցույց է տալիս Իր սերն ու հոգատարությունը։ Ու այս ամենի մեջ կարևոր է սովորել զղջալ ու ապաշխարել։ Սա ճանապարհ է, որով պիտի անցնել ու արժանանալ այն ներմանը, որին սպասում ենք։

Թող, որ ամենքս ունենանք Տիրոջ օրինակը ու, երբ հասնում է պահը՝ ներելու կամ ներում հայցելու, ամբողջ սրտով անենք դա։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում