Մշակութային պատասխան սահմանամերձ Բերդից

Մշակութային պատասխան սահմանամերձ Բերդից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am։ «Մշակութային վակումը քիչ-քիչ հաղթահարում ենք։ Զարմանալիորեն այս վակումը հաղթահարում ենք նոր գաղափարներով, հագեցած նոր մտահղացումներով, որոնք աստիճանաբար պետք է կյանքի կոչենք»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Նա առանձնացրեց «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակում սեպտեմբերի 7-ին «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվելու է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում. «Սորաններ» դենդրոպարկում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես են գալու ուրույն ծրագրով։

«Այս նախագիծը սկսեցինք տավուշյան սահմանագծին եղած բախումներից հետո, որոշեցինք ամբողջ տարվա ընթացքում մշակութային բովանդակությամբ հեղեղել Տավուշը, ինքներս մեզ, նաև միջազգային հանրության առջև հերթական անգամ դիրավորվենք որպես ոչ միայն ամուր բանակ, բազուկ ունեցող ժողովուրդ, միաժամանակ քաղաքակիրթ, խաղաղասեր, մշակութակենտրոն ազգ և հանրություն»,- նշեց փոխնախարարը։

Ա. Խզմալյանն ասաց, որ այս ծրագրի շրջանակում մի քանի խմբեր արդեն ելույթ ունեցել են սահմանամերձ համայնքներում, ոգևորությունը պարզապես աննկարագրելի է, բայց այն, ինչ տեղի է ունենալու սետեմբերի 7-ին, կարելի է համարել պատմական իրադարձություն․ «Երբևէ այնպիսի հեղինակավոր, ահռելի պատմություն ունեցող փառատոնի մեկնարկ, ինչպիսին «Երևանյան հեռանկարներն են», չի տրվել Տավուշում՝ Բերդում, երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝ Ֆիլհարմոնիկ պետական նվագախումբը, ելույթ ունենա սահմանամերձ համայքում։ Վստահ եմ, որ այս երկու ծանրակշիռ կառույցների նախագծերի համատեղ ներկայությունը սահմանագծին, չի կարող չփոխել իրականություն, մշակույթի հանդեպ մեր պատկերացումները»։

Ասուլիսին ներկա «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ այս կորոնավիրուսային պատմության մեջ մի դրական բան են ունեցել. «Մինչ այսօր փառատոնը դահլիճների խնդիր ուներ։ Մեր բոլոր համերգների մեծ մասն անցկացվում էր Արամ Խաչատրյանի համերգասրահում, քանի որ դա կարող էինք աշխարհին ցույց տալ, որ ունենք նման որակ։ Հիմա ամբողջ աշխարհում տեղի են ունենում բացօթյա համերգներ, օպերաներ, մենք բացառություն չենք։

Ուրախ եմ, որ փառատոնի բացումը կկայանա Տավուշում, դաշում, բացօթյա, լավագույն նվագախմբի ֆանտաստիկ կատարումներում։ Արվեստն իր բնույթով հաղթական է, մենք միանում ենք այդ հաղթանակներին՝ ցույց տալով, որ մեր երկրի զենքը միշտ իր ինտելեկտուալ պոտենցիալն է, խոսելու ձևը սա է, մշակույթով ենք աշխարհի հետ խոսում։ Մենք ամեն ձևով կարող ենք խոսել, բայց մեր կերպարը, ձևն արվեստն է, որը երբևէ չի մեռնում։ Փառատոնի համար մեծագույն պատիվ է, որ պետք է մասնակցենք այս պատմական իրողությանը»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշեց, որ կողմնակից է՝ Հայաստանի բոլոր քաղաքներում, կետերում լինեն համերգներ, մինչդեռ հիմա հիմնականում կենտրոնացած է Երևանում։

«Իմ երազանք է եղել։ Երբեք չի կարելի մտածել՝ դե այնտեղ պատրաստված չեն, չեն հասկանում։ Պետք է նվագել, պատրաստել, սկսեն հասկանալ»,- ասաց Է.Թոփչյանը։

Նա նշեց, որ Տավուշ են գնում մեծ կազմով, իրենց հետ լինելու է նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Գնալու ենք սահմանին ելութ ունենալ, այն էլ այդ սահմանին, որտեղ կրակոցներ եղան։ Մենք պետք է ցույց տանք, որ մշակույթով ենք պատասխանում»,- ասաց Է.Թոփչյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում