Աղոթքը

Աղոթքը

«Ամեն ժամ աղո՛թք արեք» (Ղուկ. ԻԱ 36):

«Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ» (Մտթ. Է 7):

Լրջախոհ ու անկեղծ որևէ մարդ չպիտի համարձակվեր բարոյական առումով Հիսուսի գերազանցությունը վեճի առարկա դարձնել։ Թերևս ոմանք համաձայն չլինեն Նրա անձի՝ աստվածային բնույթ ունենալու մասին հնչած դավանաբանական խրթնաբանությունների հետ, սակայն երբ խնդիրը Հիսուսի սրբությանն է վերաբերում, ապա ամեն ոք համաձայն ու համերաշխ կլիներ այն հայտարարությանը, թե երկրի վրա ապրող մարդկանց որդիների մեջ ամենասուրբը, ամենաբարին ու ամենաարդարը համարվել կարող է միայն Հիսուս։

Իսկապես, տակավին ոչ ոք Նրա բարոյական կատարելությանը չի հասել. Հիսուս անզուգական տիպարն ու օրինակն է անցյալ, ներկա ու ապագա մարդկության։ Նա մարդկության գաղափարական վեհությունն է, որին պետք է հետևենք ամենքս բոլոր հնարավոր կերպերով, եթե իհարկե ուզում ենք «մարդ» կոչմանն արժանի համարվել։ Երբ ասում ենք, թե Հիսուս ամենասուրբ մարդն է պատմության մեջ, ուրեմն նաև պետք է գիտենանք, որ միայն Նա է կարող պայծառորեն լուսավորել մարդկային հոգու հետ առնչություն ունեցող որևէ խնդիր։

Արդ, Հիսուս այնքա՜ն է աղոթել, որ Նրա կյանքն անըմբռնելի կդառնար, եթե ցանկանայինք Նրա կյանքից «ջնջել» աղոթքը։ Հիսուս պատմության ամենասուրբ էակն է եղել ա՛յն բանի շնորհիվ, որ Նա ամենից շատն է աղոթել։ Հիսուսի երկրային կյանքն այլ բան չի եղել, եթե ոչ՝ երկարաշունչ մի աղոթք։ Նա Իր հրապարակային կյանքի սկզբնավորությանը, երբ ընտրում է առաքյալներին, աղոթում է, ամբողջ գիշերներ աղոթքով է անցկացնում Նա։ Հիսուս երբ ստիպված էր հացերը բազմացնել՝ քաղցած ժողովրդին կշտացնելու համար, կրկին աղոթում է։

Նրա աղոթքները գոհաբանական արտահայտություններ են, որոնք բարձրանում են դեպի Աստված։ Նա աղոթում է փորձություններին դիմագրավելու համար, երբ ամբոխը կամենում էր Իրեն քաղաքական թագավորության գահը բարձրացնել։ Նա դարձյալ աղոթում է, երբ պիտի Լեռան քարոզը խոսեր։ Նա աղոթում է այնժամ, երբ լեռան վրա պիտի այլակերպվեր Իր երեք աշակերտների առաջ։ Նա աղոթում է Պետրոսի համար, երբ սատանան ուզում էր փորձության ենթարկել վերջինիս։ Նա աղոթում է Իր դահիճներին հանձնվելուց առաջ։ Նա արտասանում է քահանայապետական այն աղոթքը, որը վսեմ բարեխոսություն է Իր առաքյալների ու բոլոր ժամանակների Իր աշակերտների համար։

Ի՞նչ է իրենից ներկայացնում, վերջապես, Գեթսեմանիի այն տեսարանը, որտեղ տեսնում ենք Հիսուսին՝ գետնամած վիճակում։ Օ՜հ, այդ տեսարանն այլ բան չի ներկայացնում, եթե ոչ՝ ջերմեռանդ ու փափագելի մի աղոթքի տեսարան, որը մահվան հեռանկարի առջև դրամատիկական պայքարի բնույթ է ստանում և որտեղ քրտինքը փոխակերպվում է արյան կաթիլների։

Երբ Հիսուս արդեն իսկ Իր դահիճների ձեռքն է հանձնվում, կրկին աղոթում է՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. ԻԳ 34)։ Իր վերջին շունչը փչելուց առաջ էլ Հիսուս տակավին աղոթում է. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։ Եվ ահա՛ Նրա վերջին աղաղակը ևս, այնքա՜ն ուժգին մի աղաղակ, որը ցնցում է նույնիսկ հարյուրապետի սիրտը, նորից ու նորից աղոթք է. «Հա՜յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» (Ղուկ. ԻԳ 46)։

Ուրեմն, իրավունք ունեմ ասելու, որ Հիսուսի կյանքը մի երկարաշունչ աղոթք եղավ։ Նրա համար ամեն բան փոխակերպվում էր աղոթքի։ Հենց այստեղ է, ահա՛, Նրա կյանքի մեծագույն գաղտնիքը։ Առանց այս գաղտնիքի Նրա այս կյանքը չէր կարող լինել այն, ինչ որ եղավ, այսինքն՝ Աստծու սիրո հավիտենական ճառագայթ ու աստվածային գորովանքի ու գթության մի վսեմ հայտնություն։

Հիսուսից հետո Նրա աշակերտները հետևեցին Նրա քայլերին ու հետքերին, ինչպես ուրիշ հարցերի, նմանապես և աղոթքի անհրաժեշտության առնչությամբ։ Հովհաննեսները, Հակոբոսները, Պետրոսներն ու Պողոսները ամենքն էլ աղոթքի այս սրբանվեր շնորհներով ու առանձնաշնորհությամբ են ներկայանում մեզ։ Նրանցից հետո էլ՝ դարերի, պատմության հոլովույթում, Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն իրենց աղոթքի զորությամբ մարդկության օրհնությունն ու շնորհն են եղել։

Ոմանք անօգուտ կերպով մտածում են, թե արդյոք Հիսուս անգիտակցաբար խաբվե՞ց, թե՞ արդյոք սխալվեց՝ ողջ, միլիոնավոր մարդկությանը պատվիրելով աղոթել, քանի որ, ըստ նրանց, մարդ շատ անգամ աղոթում է, սակայն բավական չէ, որ նա իր աղոթքի արդյունքը չի տեսնում, դեռ մի բան էլ ավելի դառնագին վիճակների մեջ է հայտնվում։ Արդյոք Հիսուս պատրանքի զո՞հն է դարձել՝ աղոթելով։ Սակայն մեկ վայրկյան, մի՞թե հնարավոր է, որ պատմության այս ամենասուրբ մարդը խաբված լինի, այն դեպքում, երբ Նա ինքն իսկ Իր վրա զգացել է աղոթքի ազդեցությունը, նրա ներշնչող դերն ու զորությունը։

Նմանատիպ մտածումի ու կասկածանքի տրվելու դեպքում մեր մեջ ամեն բան պիտի բողոքեր։ Եթե այդպիսի պատրանք գոյություն ունեցած լիներ, ապա ողջ բարոյական աշխարհն անվերականգնելիորեն պիտի կործանվեր։ Օ՜հ, Հիսուս երբե՛ք չի սխալվել՝ աղոթելով։ Նա չի՛ խաբվել, և Աստված՝ մեր երկնավոր Հայրը, լսել ու ընդունել է Նրա բոլոր հառաչանքները և պիտի ընդունի ու ընդունում է նաև մե՛ր աղոթքները, երբ դրանք բխում են սրտի խորքից ու հոգու ընդերքից։ Հիսուս, հետևաբար, պատրանքի զոհ չէ, երբ ասում է. «Ամեն ժամ աղո՛թք արեք»։

Այս ամենի մեջ համոզվելու համար բավական կլինի ուսումնասիրել, նախ՝ թե ի՞նչ աղոթքը, և երկրորդ՝ թե ինչպե՞ս պետք է ըմբռնել աղոթքի՝ Աստծու կողմից լսելի լինելու հանգամանքը։

Աղոթքն Աստծուն ուղղված հոգու աղաղակ է։ Այն հարգալիր խոսակցություն է երկնավոր Հոր հետ, որը պիտի զուգակցվի փառաբանությամբ ու օրհներգությամբ։ Աղոթքը հոգու ամենաբնական ու, միաժամանակ, ամենագերբնական, ամենամարդկային ու, միաժամանակ, ամենաաստվածային ձգտումն է, որը հոգին բարձրացնում է դեպի իր Արարիչը, ու թեև չի տեսնում Նրան, սակայն զգում է Նրա ներկայությունն ամենուր ու ամեն ժամանակ։ Այս ձգտումն ապացույցն է այն բանի, որ մարդ չի կարող նյութական աշխարհում բավարարվածություն գտնել իր բոլոր պահանջներին, որ այն ամեն ակնթարթ կարիքն ունի Արարչի, ումից կախված է բոլոր արարածների կյանքը։

Մարդու մեջ աղոթելու ձգտումը հետզհետե ուժ և զորություն, ձև ու կաղապար է ստանում մարդու՝ չափահասության տարիք թևակոխելուն զուգընթաց՝ հար և նման նորածին թռչնակի, որը սկզբում հազիվ կարողանում է թևածել միայն, սակայն որոշ ժամանակ անց այնքան ուժ է ամբարում, որ կարող է դառնում վեր սլանալու դեպի կապուտակ երկինքը։ Աղոթելու «սովորությունը» մարդու ամենամեծ ուժն ու մխիթարությունն է, ուստի հարկավոր է, որ մարդն իր մտավոր զարգացման հետ անհրաժեշտաբար, համեմատական չափով զարգացնի նաև այդ հոգևոր ուժը։

Նկատելի է, որ մարդը սկզբնական շրջանում աղոթում է իր անձի համար. ամեն բանից առաջ նա ի՛նքն է իր աղոթքների առանցքը, նա աղաչել ու բարեխոսել գիտի միայն ի՛ր անձի համար։ Ավելի հետո է, որ, հաղորդակից դառնալով Աստծու սիրուն, մարդու եսապաշտ բնությունը հետզհետե փոխվում է։ Մարդը մաքրվում ու նվիրագործվում է այնպես, որ նրա աչքին Արարչի ու իր նմանների գործերը նոր բնույթ են ստանում և նա համոզվում է, որ եթե Աստված թույլ է տվել իրեն ապրել, ապա դա ավելի շատ ուրիշների, քան սեփական անձի համար է, ուստի և հարկ է, որ մարդը միջնորդ-քահանա դառնա իր նմանների համար, որպեսզի Աստված պահպանի և օրհնի նրանց։

Եվ այդպիսով մարդը հետզհետե ինքն իրեն հաշտեցնում է մարդկային ցեղի հետ, որին հենց ինքը պատկանում է, և իր ամենափառավոր առանձնաշնորհումն է համարում ինքն իրեն տրամադրելը ա՛յն փրկության գործին, որն Աստված նախատեսել է իրագործել աշխարհի համար ունեցած Իր ծրագրի մեջ։ Ու այսկերպ էլ աղոթքը հասնում է իր բարձրագույն կետին, քանի որ այն այդուհետ Աստծուն գործակից լինելուն է առաջնորդում մարդուն վերջինիս էության մի շրջադարձային փոխակերպմամբ։

Այս ճշմարտության մեջ համոզվելու համար բավական է կարդալ Պողոս առաքյալի թղթերը, որոնցում ամենուր հանդիպում ենք ոչ թե անձնական, սեփական անձի համար հնչող խնդրանքների, այլ ավելի բարեխոսական բնույթի աղոթքների իր սիրելի ընթերցողների համար, որոնց առաքյալը կրում է իր կրծքի վրա, ինչպես երբեմն Պատարագ մատուցող մովսիսական քահանայապետն էր իր կրծքի լանջապանակի վրա կրում տասներկու թանկագին քարերը, որոնք ներկայացնում էին Իսրայելի տասներկու ցեղերը։

«Ամեն ժամ աղո՛թք արեք»։ Սա մեզ ուղղված մի հրաման է և հարկ է, որ այն մեր առաջին ու նվիրական պարտականություններից մեկը համարենք։ Մեղանչած կլինենք, եթե անփույթ գտնվենք այս պատվիրանի նկատմամբ։ Այնպես որ՝ աղոթքը մեր բնությո՛ւնը պիտի դարձնենք։ Իր այս հրամանով Հիսուս չի ուզում ասել, թե մարդ ամեն ժամ պետք է ծունկի իջնի Աստծու առաջ բառի բուն իմաստով, այլ Նա ուզում է ասել, որ մարդ պետք է մշտապես ինքն իրեն տրամադրի իր անձը Աստծու հետ հարաբերության մեջ դնելու գործին։

Իսկապես որ, նա, ով չի աղոթում, նշանակում է, թե՝ չունի Աստված։ Աղոթքը ամեն բարիքի սկիզբն է։ Պետք է աղոթել, երբ մեղք ենք գործել, քանի որ այդկերպ կարող ենք ապաշխարության միջոց ու մի ելք գտնել այդ դառը կացությունից ազատվելու համար։ Պետք է աղոթել, եթե արդար ենք, դարձյալ պետք է աղոթել, երբ հաջողություն ունենանք, երբ ձախորդությունը ընկճի մեզ, երբ ուրախության կամ վշտի մեջ լինենք։ Հույսի, թե՝ հուսահատության մեջ լինելով էլ՝ կրկին պետք է աղոթել, միշտ ու դարձյալ՝ աղոթել, քանի որ աղոթքը պահպանություն է յուրաքանչյուր իրավիճակի համար, մխիթարություն է ամեն վշտի դեպքում։ Աղոթքը բարեպաշտության հոգին է, հավատքի նեցուկը, հավատքի մեծ հիմնաքարն ու, վերջապես, ամբողջ հավատքն իսկ։

Հիսուս քանի՜ ու քանի՜ անգամ այս հանձնարարությունն է տալիս մեզ տարբեր եղանակներով ու հաճախ հիանալի խոստումներ կցելով իր այդ պատվիրանին. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի: Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան, և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան: Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Իրենից ուզում են» (Մտթ. Է 7-11)։

Երկրորդ հարցը, որը ծագում է և որը սերտ առնչություն ունի առաջինի հետ, աղոթքի՝ Աստծուն լսելի լինելու իրողությունն է։ Ոմանք ասում են, թե կյանքի դառը փորձառությունը հակառակն է ցույց տալիս Հիսուսի այն խոսքի, թե՝ «ամեն ժամ աղո՛թք արեք», և թե՝ «խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ», քանի որ, ըստ նման կարծիք ունեցողների՝ երկար ժամանակ աղոթք անող մարդիկ կան, որոնք լսելի չեն եղել, խնդրել են, բայց չեն ստացել։

Այս բարդ ու կնճռոտ խնդիրը լուծելու համար ո՞ւմ պետք է դիմել, եթե ոչ Նրան, ով ասաց. «Ամեն ժամ աղո՛թք արեք»։ Ի՜նչ էլ որ խորհելու լինեք Նրա աստվածային անձի մասին, միևնույն է, ես ուզում եմ պնդել այն տեսակետը, թե մարդկանց մեջ չի եղել այնքա՜ն ավելի աստվածային մեկը, որքան Հիսուս էր։ Չի եղել Աստծու հետ այնքա՜ն սերտ հաղորդակցության մեջ եղող մի մարդ, որքան Հիսուս էր, և հետևաբար, Նրա՝ աղոթքի առնչությամբ ունեցած փորձառությունը մեծ կշիռ ու նշանակություն ունի մեզ համար։

Ուրեմն, ձեր ուշադրությունը հրավիրում եմ աղոթքի՝ Աստծուն լսելի լինելու հանգամանքի վերաբերյալ իմ բացատրության վրա՝ մեկնակետ ունենալով «խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ» խոսքը։ Հիսուս Ինքը հավաստում է, թե աղոթքն անպայմանորեն լսվում է։ Նա նաև ասում է. «Փնտրեցե՛ք, ու կգտնեք»։ Դարձյալ, մեկ ուրիշ առիթով էլ ասում է. «Ինչ Իմ անունով Իմ Հորից խնդրեք, պիտի տա ձեզ» (հմմտ. Հովհ. ԺԶ 23, 24)։ Կարող եմ բազմապատիկ ավելի հավաստումներ մեջբերել. դրանք շատ որոշակի, պարզ ու անվիճելի են (Ղուկ. ԺԱ 9, Մտթ. ԺԸ 19, Հովհ. ԺԳ 13)։

Սակայն մենք այս հավաստումների կողքին հանդիպում ենք հայտնորոշ մի իրականության. Հիսուս պարզ ու հասկանալի կերպով մերժում ստացավ Իր իսկ հավաստիացումները մարմնավորող խոսքերին, քանի որ Նա աղոթեց Ձիթենյաց պարտեզում, սակայն լսելի չեղավ։ Նա խնդրեց, բայց չստացավ։ Նա պարտեզում գետնամած աղոթեց, սակայն դառնության բաժակը չհեռացվեց Նրա շուրթերից։ Գեթսեմանիից քահանայապետի ատյանը տարվեց, այնտեղից՝ Գողգոթա, որտեղ էլ տեսնում ենք, որ Նա խաչի վրա գամված՝ աղաչում, պաղատում է Իր «Էլի, էլի, լամա սաբաքթանի» հիշարժան աղաղակով, սակայն դարձյալ շարունակում է Աստծու համար «անլսելի» մնալ։

Նույնպիսի մի պարզորոշ հակասություն էլ երևում է Պողոս առաքյալի՝ աղոթքի վերաբերյալ հավատացյալներին ուղղված հորդորների ու իր անձնական կյանքի համար արված աղոթքների՝ անլսելի մնալու մեջ։ Օրինակի համար, Պողոս առաքյալը քանիցս հորդորում է հռոմեացի և կողոսացի նորադարձ քրիստոնյաներին՝ ասելով. «Հաճախակի աղոթեցե՛ք» (Հռոմ. ԺԲ 12, Կող. Դ 2)։ Սակայն ինքը՝ առաքյալը, երեք անգամ աղոթելով ու աղերսելով Աստծուն իր «մարմնի խայթն» ու «աչքերի վերքերը» բուժելու համար, այդպես էլ չի բուժվում և այս պատասխանն է ստանում Աստծուց. «Քեզ տրված Իմ շնորհները բավական են քեզ»։

Ահա՛ մի ծանրակշիռ հակասություն, որը մեր ուշադրությունը գրավելուց զատ՝ առաջնորդում է մտահոգության և կասկածանքի։ Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը։ Կարծում եմ, որ մեկ ու միակ միջոց կա բացատրության, այն է թե՝ գիտենալ, որ Հիսուս, մեզ ասելով, «խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ», բնականաբար չէր կամենում սովորեցնել, թե մենք կարող ենք մեր կամքը պարտադրել Աստծուն։

Ի՞նչ է, մի՞թե կարծում եք, որ Աստված մեզ պետք է տա այն, ինչ մենք խնդրում ենք։ Ի՞նչ է, եթե մենք չխնդրեինք, Նա մեզ չպիտի՞ տար այն, ինչի կարիքը մենք ունենք։ Վստահեցնում եմ ձեզ, որ Հիսուս, իսկապես, այսպես չի ըմբռնել աղոթքի «ընդունելի» լինելու հանգամանքը։ Հիվանդներից մեկի համար աղոթում են, մյուսի համար չեն աղոթում, և այնպես է ստացվում, որ նա, ում համար աղոթում էին, չի բուժվում, իսկ նա, ում համար չէին աղոթում, բուժվում է, չնայած որ սրա հակառակն էլ է պատահում։

Ուրեմն, ինչպես երևում է, որևէ ստույգ համաձայնություն չկա մեր արած աղոթքի և Աստծու համար այդ աղոթքի ընդունելի լինելու մեջ։ Ընդհակառակը, անհամաձայնությունը պարզ ու հստակ է, և եթե համաձայնություն էլ լիներ, դա ավելի մասնավոր բնույթ պիտի կրեր։ Եվ քանի որ մինչև անգամ նույնիսկ ապացուցելի է այն, որ երբ փորձառու բժշկի հանձնարարությանն ու նշանակումներին համապատասխան խնամքով ու զգուշությամբ դեղ ու դարման է կիրառվում, հիվանդը վերագտնում է իր առողջությունը, ուստի և այս ամենից բնականորեն կարող ենք այն եզրակացությանը հանգել, թե իբր մեր կյանքում աղոթքը ոչ մի բանի չի ծառայում և որևէ ազդեցություն ու ներգործություն չունի Աստծու վրա։

Այս եզրակացությունը հիմնովին սխալ է։ Հիսուս, երբ պատվիրում է՝ ասելով՝ «խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ», Իր խորունկ փորձառությամբ է ասում այս խոսքը։ Այո, դա չի նշանակում, թե Աստված անպայմանորեն ու ամբողջովին պետք է հնազանդվի մեր կամքին, բայց այս խոսքը նշանակում է, որ Աստված անպայմանորեն լսում է մեր աղոթքները: Սակայն հարկ է նաև գիտենալ, թե մեր աղոթքն ի՞նչ կերպ է լսելի դառնում Աստծուն: Նկատի ունեցեք, որ Հիսուսի ձայնը «լսելի չեղավ» Ձիթենյաց պարտեզում. Նա չստացավ այն, ինչ խնդրում էր Աստծուց, սակայն ստացավ մի պատասխան, որը վկայում է Հիսուսի աղոթքի՝ լսված լինելու մասին:

Կարդացե՛ք Գեթսեմանիի տեսարանի նկարագրությունն ու այնտեղ կգտնեք այս կնճռոտ խնդրի լուծման բանալին: Պողոս առաքյալն էլ, հակառակ Աստծուն ուղղված իր երեքանգամյա խնդրանքին, որ էր՝ ազատել իրեն աչքերի «խայթոցից» (հմմտ. Բ Կորնթ. ԺԲ 7-9), չնայած որ չբուժվեց, բայց Աստծուց մի պատասխան ստացավ, որը ամփոփված է այս խոսքում. «Իմ շնորհները բավական են քեզ»:

Անհնար է, որ Աստված մեր խնդրանքի փոխարեն մեզ պատասխան չտա: Նա անպայմանորեն պատասխանում է մեզ, բայց ո՛չ մեր ուզած ձևով, այլ Իր ուզած եղանակով: Հիսուս խորապես ըմբռնում էր այս պարագան, երբ Գեթսեմանիում՝ աղոթքի ժամանակ, ասաց. «Հա՛յր, եթե հնարավոր է, հեռացրու՛ այս բաժակն Ինձնից, սակայն ո՛չ թե Իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի» (Մրկ. ԺԴ 32-42, Մտթ. ԻԶ 36-46, Ղուկ. ԻԲ 39-46): Այստեղ տեսնում ենք, որ Հիսուս ներկայացնում է Իր խնդրանքն ու Հորն է հայտնում Իր կամքը, բայց որպեսզի պարտադրելու իմաստ չունենա Իր խոսքը, Նա խոնարհեցնում է Իր կամքն Աստծու կամքի առաջ՝ ասելով. «Այլ Քո՛նը թող լինի»:

Հետևաբար, մենք կարող ենք ու պարտավոր ենք Աստծուն մատուցել մեր խնդրանքներն ու մեր աղոթքները: Սա մեր բացարձակ իրավունքն է: Ես շեշտադրում եմ այս կետը, քանի որ ճանաչում եմ բարեպաշտ անձանց, որոնք Աստծուց ոչինչ չեն խնդրում իրենց օրհնաբանական աղոթքներում և այդպիսով սահմանափակում են իրենք իրենց՝ սեփական կամքը Աստծու կամքին ենթարկելով:

Նրանք իրենց այդ աղոթքներում անդադար կրկնում են՝ «ո՛չ թե իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի»՝ առանց որևէ մի խնդրանք ու աղաչանք ներկայացնելու Տիրոջը: Արդ, տեսե՛ք, որ Հիսուս այլ կերպ է վարվում. Նա խնդրում է, աղաչում ու աղոթում, և փույթ չէ, որ Իր կամքն ու Իր խնդրանքը չպիտի կատարվի, միևնույն է՝ Նա աղոթում է ու աղերսում: Նրանք, ովքեր չեն աղոթում, բացարձակապես սխալվում են:

Այս ամենից զատ՝ աղոթքը մարդկային բնության մեջ եղող խորունկ բնազդ է, ու թեև այն բանական ու պատճառաբանական չէ, սակայն ի՞նչ կարիք կա այստեղ սառը բանականության մասին խոսելու, երբ խնդիրն առնչվում է հոգու անձկալի աղաչանքին ու աղերսին: Ես զգում եմ, որ չեմ կարող իմ կամքը պարտադրել Աստծուն, սակայն հավատում եմ, որ Նա, վերջիվերջո, Հայր է: Անգամ անաստվածն իր մահամերձ զավակի օրորոցի առաջ չի կարող լռել. նա անզուսպ աղաղակում է՝ ասելով. «Ո՜վ Աստված իմ, կյա՜նք տուր զավակիս»:

Փոթորկի մեջ հայտնված անհավատ նավաստիները, երբ տեսնում են, որ նավը մոտ է ընկղմվելուն, ինքնաբերաբար ծունկի են գալիս ու սկսում են իրենց՝ մանկությունից ի վեր լռած գեղեցիկ աղոթքները կրկնել և Աստվածամոր անունն աղաղակելով՝ ահով ու դողահար ասել. «Ո՜վ Սուրբ Կույս Մարիամ, բարեխոսի՛ր իմ՝ մեղավորիս համար», «Տիրամայր Սու՜րբ Աստվածածին, փրկի՛ր ու ապրեցրո՛ւ ինձ»: Սակայն ես համոզված եմ ու հաստատապես կարող եմ ասել, որ այս աղերսանքները երկյուղի հետևանք են, քանի որ երբ վտանգն անցնում է, նրանք, փառք տալու փոխարեն, դարձյալ սկսում են հայհոյություն ու լուտանքներ բարբառել, և փույթ չէ, որ քիչ առաջ տակավին դեռ աղոթում էին:

Ամեն անգամ, երբ որևէ վտանգի եք ենթարկվում կամ երբ ձեզ վրա ծանրանում է մտահոգության թանձր մշուշը, կամ երբ զգում եք, որ ձեր սիրելիի կյանքը վտանգված է ու գուցե նա հեռանա ձեզանից, դիմե՛ք Աստծուն, խոսե՛ք, աղաչե՛ք Նրան, աղոթե՛ք Նրան (և եթե բառեր չգտնեք էլ ձեր սրտում եղածը նկարագրելու համար, որովհետև շատ անգամ անձկագին վիճակներում գտնվելով՝ հնարավոր չէ արտահայտվելն ու այդժամ միայն հառաչանքներ են հայտնվում ձեր շուրթերին, փույթ չէ, թո՛ղ որ հառաչանքներ լինեն դրանք, քանի որ այդ խոսքերը չեն դադարում աղոթք լինելուց), բարձրացե՛ք դեպի Աստված: Այդժամ մի՛ խորհեք ու մի՛ «տրամաբանեք», քանի որ եթե սկսեք ձեր մտքին ապավինել, աղոթքը կսառչի ձեր շուրթերին:

Փոթորկի ժամանակ չեն տրամաբանում, այլ ամենքն էլ՝ զավակները երկնավոր Հոր, աղաղակում են. «Կյա՛նք շնորհիր մեզ, Տե՜ր», «Ազատի՛ր, Տե՜ր», «Օգնի՛ր, Տե՜ր», «Գթա՛ ինձ, Տե՜ր», «Հեռացրո՛ւ այս բաժակն ինձնից»: Ուրեմն, աղոթքը, աղաչանքը, հոգու անձկագին ու խոնարհ խնդրանքը մի խորունկ բնազդ են, մեր բնության մեջ հարատևող անպարտելի մի բնազդ: Նրանք, ովքեր սա մերժում են՝ հիմնվելով ավելի կամ պակաս անհերքելի որևէ դատողության կամ տրամաբանության վրա, մեծապես սխալվում են, քանի որ իրենց առջև ինչպես որ կար, նույնկերպ էլ շարունակում է մնալ միևնույն անփոփոխ իրականությունը:

Ձեր ուշադրությունը կրկին հրավիրում եմ բնաբանիս վրա. «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ»: Իսկ ի՞նչ պիտի ստանանք մենք Աստծուց: Ասում եմ ձեզ, որ ձեր խնդրածը չէ, որ պիտի ստանաք, ինչպես որ Հիսուս չստացավ Իր ուզածը: Բայց և անկարելի է, որ ձեր խնդրանքին ի տրիտուր Աստծուց պատասխան չստանաք: Անպայմանորեն պիտի պատասխան ստանաք, միայն թե, սակայն, ո՛չ ձեր ուզած կերպով, այլ Աստծո՛ւ կամեցած եղանակով: Աստված Իր կամքը չի ենթարկում մեր կամքին. դո՛ւք պետք է ենթարկեք ձեր կամքը Նրա կամքին:

Երբեք պետք չէ Աստծուն ասել. «Ո՜վ Աստված, թող ինձ լինի այնպես, ինչպես ե՛ս եմ ուզում», այլ պետք է ասեք. «Ո՜վ Աստված, շնորհի՛ր ինձ քո ողորմությունն ու առատ պարգևներդ, զե՛րծ պահիր ինձ փորձություններից և թո՛ղ որ ինձ լինի այնպես, ինչպես որ Դո՛ւ ես ուզում»: Երևակայելը, որ Աստված մեզ պիտի տա մեր ուզածը ու մեզ չպիտի տա մեր չուզածը, մեզ սխալ ու միանգամայն երեխայական գաղափար է կազմել տալիս Աստծու մասին:

Հավատքն ու փիլիսոփայությունը աստվածային խորհուրդների մեջ տեսնում են մի միություն, որը կոչվում է Սեր: Այս աստվածային սերը այլ բան չի հետապնդում, եթե ոչ՝ արարածների ճշմարիտ բարիքը, հետևաբար հարկ է, որ յուրաքանչյուր աղոթք՝ Աստծուց մեր նկատմամբ Իր կամքը գործադրել խնդրելու «եզրակացությանը» գա: Անշուշտ, Աստված Իր կամքն է գործադրելու, եթե անգամ մենք այդ չխնդրենք: Սակայն մենք, անկասկած, պարտավոր ենք Աստծուց խնդրել Իր կամքի իրագործումը, և մեր գերագույն նպատակը պետք է լինի մեր կամքը Նրա կամքին միացնելը՝ անհետացնելու համար մեր սեփական կամքն ու այս երկուսը՝ մերը և Աստծունը, մեկ դարձնելու:

Սակայն ինչո՞ւ է այսպես. քանի որ, ինչպես հայտնի է, տիեզերքը կառավարվում է անբեկանելի ու անայլայլելի օրենքներով: Ամեն արդյունք հետևանքն է պատճառի, և ամեն պատճառ հետևանքն է շարժառիթի: Պատմությունը մեզ համար «հայթայթում» է պատճառների ու արդյունքների անայլայլ մի շղթա, որոնք հաջորդում են միմյանց՝ առանց վտանգելու իրենց շարունակականությունը: Աստված վերիվայր չի շրջելու ամեն բանի համար սահմանված կարգուկանոնը՝ մեր խնդրանքներին «ընթացք տալու» և մեր կամքը կատարած լինելու նպատակով:

Եթե Աստված բոլոր աղոթողների ու խնդրանքներ ներկայացնողների կամքը կատարեր, կարո՞ղ եք երևակայել, թե այդ դեպքում ի՜նչ թոհուբոհի կենթարկվեր աշխարհը: Ձեզ, թերևս, զարմացնեմ իմ այսկերպ խոսելով, թերևս ձեր աչքին ճակատագրապաշտ երևամ: Քիչ առաջ ասում էի, որ աստվածային խորհուրդների միության գաղտնիքը սերն է, որը «կամենում» է ամենքի, յուրաքանչյուրի բարիքը: Աստված միշտ գործում է. Նրա մեջ գոյություն չունի փոփոխում կամ այլայլություն. «Նրա մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր» (Հակոբ. Ա 17), և այն գործում է միայն ա՛յն օրենքներով, որոնք Աստված կարգել ու սահմանել է: Կամենալ, որ Նա հնազանդվի մեր խնդրանքներին, կնշանակի կասկածել Նրա սիրո վրա, կնշանակի չվստահել Նրան:

Ձեր հիվանդը կբուժվի՞. չգիտեք, և չեք էլ կարող իմանալ, բայց մի բան իմացեք, որ հիվանդի նկատմամբ Աստծու որոշումն անհրաժեշտաբար մասն է կազմելու օրենքների ա՛յն շղթայի, առանց որի Աստված պիտի կամակոր ու քմահաճ նկատվեր: Եվ ի՞նչ, մի՞թե ճակատագրապաշտություն կլիներ, եթե մարդն ինքն իրեն հանձներ Աստծուն ու առաջնորդվեր Նրա կամքով, եթե Նա տեսներ Աստծու ձեռքն ամեն անցած-գնացած իրադարձությունների մեջ, եթե մարդ խորհեր այն մասին, որ Աստված միշտ իր հետ է:

Ի՞նչ է, մի՞թե այսպիսի հավատքը ճակատագրապաշտություն պիտի համարվեր: Քա՜վ լիցի. ընդհակառակը, նման հավատքը զորավոր հավատք պիտի համարվեր, պիտի համարվեր խոնարհ հավատք ու մանկական վստահություն, որը հավատում է՝ առանց պրպտելու և պատճառաբանելու: Իսկ եթե դուք այլ կերպ մտածեք այս հարցի վերաբերյալ, ապա պիտի հանգեք Աստծուն դատելուն՝ իբրև անարդարի, Նրան անխիղճ ամբաստանելուն ու Նրա դեմ ըմբոստանալուն, և մինչև իսկ կընկնեք Աստծու գոյությունն ուրանալու մոլության մեջ:

Ահա՛, օրինակի համար, համաճարակ է տարածվում: Այս կացության առջև ի՞նչ կարելի է անել: Դուք, անշուշտ, նկատած կլինեք, որ միայն այն ընտանիքներն են զերծ մնում համաճարակից, որոնցում բոլոր առողջապահական ու բժշկական միջոցները ձեռք են առնվում, իսկ այն ընտանիքները, որոնք առաղջապահական վատ պայմաններում են ապրում, եթե անգամ այդ ընտանիքներում աղոթքներն անպակաս էլ լինեին, միևնույն է, նման ընտանիքները չպիտի կարողանային փրկվել համաճարակի մահասփյուռ հետևանքներից:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սրանով ուզում ենք ասել, որ պետք չէ աղոթել. քա՛վ լիցի: Պե՛տք է, որ աղոթենք, ինչպես որ պետք է, որ, միաժամանակ նաև, գործե՛նք: Անպայմանորեն պետք է, որ աղոթենք, ինչպես նաև պետք է պայքարենք համաճարակը հեռացնելու համար, և այդ, մասնավորապես, ա՛յն բանի համար, որ մենք ճակատագրապաշտության «հետևորդ» չենք:

Ճակատագրականությանը հավատացողը Իսլամն է, որն ասում է. «Ալլահը մեծ է, և կարիք չկա, որ ես համաճարակի դիմացն առնելու համար որևէ ջանք գործադրեմ, քանի որ Ալլահն այդպես է կամենում, թող որ նրա կամքը լինի»: Մենք ևս ասում ենք. «Թո՛ղ որ Աստծու կամքը լինի»: Բայց Աստծու կամքը ամեն բանից առաջ պահանջում է, որ մենք գիտական, առողջապահական ու բժշկական միջոցներ ձեռնարկենք համաճարակը կանխելու համար:

Երբ ասում եմ, թե մեր աղոթքները պետք է լինեն մանուկներին բնորոշ միամիտ ու վստահ ոգով, դա չի նշանակում, որ պետք է մանուկների նման էլ սպասենք մեր աղոթքների արդյունքների երևմանը: Որևէ այլ բան այնքան չի հիացնում, որքան մանուկների վստահ կեցվածքն իրենց աղոթքների նկատմամբ, սակայն մենք ժպիտով ենք վերաբերվում մանկան հոգեբանությանը, որովհետև շատ լավ գիտենք, որ աղոթքի արդյունքների երևան գալու հանդեպ նրանց սպասումը երեխայական է։

Ա՛յ օրինակ, մի տղա իր անմեղ զբոսանքի համար Աստծուց գեղեցիկ օր է խնդրում վաղվա համար։ Արդ, վաղվա օրվա եղանակը ստույգ է մեզ համար, քանի որ այն կախված է օդերևութաբանական օրենքներից, որոնց ընթացքը փոխելու գործում մեր աղոթքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Երբ մի կողմից՝ մանուկը խնդրում է, որ անձրև չգա, մյուս կողմից էլ՝ մի հողագործ նույն օրվա համար խնդրում է, որ անձրև գա, քանի որ նրա արտերն անձրևի «կարիքը» շատ ունեն։ Ու ստացվում է այնպես, որ այդ օրը «արդյունավոր» անձրև է գալիս ի նպաստ հողագործի, և այդ անձրևը մեծ բարիք է դառնում նրա արտի համար։

Արդ, պե՞տք է արդյոք սրանից եզրակացնել, որ Աստված մերժեց ընդունել փոքրիկ մանկան աղոթքը, մի՞թե կգնաք ու կասեք այդ մանկանը, թե Աստված չի սիրում իրեն, քանի որ ըստ մանկան խնդրանքի՝ գեղեցիկ օր չպարգևեց նրան։ Վստահաբար, չեք ասի նման բան անմեղ մանկանը։ Այլ առավելագույնը միայն պիտի ընկնեք այն մտածմունքի մեջ, թե մանուկը պետք եղած հավատքով չի աղոթել, մինչդեռ, սակայն, լավ գիտեք նաև, որ ոչ ոք այնքան միամտորեն, անսահման վստահությամբ ու հավատքով չի աղոթում, որքան մանուկը։

Ուրեմն, աղոթքի մեջ Աստծու ողորմության և գթության վրա անպայմանական ու առանց կասկածի հավատք ունենալով հանդերձ էլ, չպիտի սպասենք, որ մեր ուզա՛ծը պիտի տրվի։ Այո՛, պիտի տրվի, պիտի պատասխանվի մեզ, սակայն ո՛չ թե մեր ուզածը և մեր ուզած ձևով, այլ Աստծո՛ւ ուզածն ու Աստծո՛ւ ուզած ձևով։

Աղոթքն այլ կերպ ըմբռնելը հրեաների ու հեթանոսների սխալը կրկնել կնշանակեր։ Օրինակով բացատրեմ միտքս. ահա՛ երկու դժբախտ քրիստոնյա, որ աղոթում են Աստծուն՝ Նրանից շնորհ, բժշկություն ու փրկություն խնդրելով։ Այնպես է ստացվում, որ մեկը ստանում է շնորհը, բժշկությունն ու փրկությունը, մյուսը՝ ոչ։ Ուրեմն ի՞նչ, պիտի սկսեք խորհել, որ Աստված երե՞ս է թեքել այդ երկրորդ քրիստոնյայից։ Այդպես խորհելով դուք ո՛չ միայն ավելացրած պիտի լինեք վերջինիս ցավն ու վիշտը, այլև Աստծուն էլ պիտի անարդար ու անգութ համարեք, քանի որ նա անխնա պատժում է՝ վար գլորելով նույնիսկ անմեղներին։

Իսկ նրա մասին էլ, ով ստացավ իր խնդրանքի պատասխանը, մի՞թե պիտի ասեք, թե Աստծու մասնավոր սիրո ու կարեկցանքի հետևանք էր այդ, կամ մի՞թե տեսանելի ամեն մի բարեբախտություն ապացույցն է Աստծու գուրգուրանքի։ Ո՛չ և ո՛չ։ Եթե դուք ձեր այս մտածումները կիրարկեք Հիսուսի օրինակով, ապա ստիպված պիտի լինեք ասելու, որ Աստված չէր սիրում Հիսուսին, այդ պատճառով էլ մերժեց ու լքեց Նրան, թողեց, որ Նա այդքա՜ն անարդարորեն մեռնի խաչի վրա։ Ահա տեսնու՞մ եք, թե այս տրամաբանությամբ մինչև ո՜ւր կարող եք առաջնորդվել. օ՜հ, մինչև իսկ հայհոյանքի…

Հիսուս ոչ միայն Ձիթենյաց պարտեզում է ցույց տալիս, որ աղոթքի ներգործությունը Աստծու կամքին «համակերպվելու» մեջ է, այլև Լեռան քարոզի մեջ էլ է շատ նշանակալից կերպով հայտարարում հետևյալը. «Աղոթք անելիս շատախոս մի՛ եղեք, որովհետև ձեր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք» (Մտթ. Զ 7-8)։

Աղոթքն ավելի բարձրաթռիչ ու կատարյալ է լինում, երբ իրենում Աստծու մասին բացարձակ վստահություն է պարունակում։ Ներդրե՛ք այդ վստահությունը ձեր աղոթքի մեջ, և այդժամ հենց իսկ աղոթքը կլինի ձեր ողջ հավատը, ձեզ Աստծուն կապող օղակը, այն օրհնյալ միջոցը, որով մենք կարող ենք շատ մոտ զգալ մեզ ա՛յն գաղափարական վիճակին, որի վերաբերյալ Հիսուս ասաց. «Այն օրը Ինձ ոչինչ չպիտի հարցնեք» (Հովհ. ԺԶ 23)։

Երբ աղոթում եք և պատասխան չեք ստանում, հիշե՛ք Հիսուսին՝ Ձիթենյաց պարտեզում։ Հիսուս շա՜տ խնդրեց, աղաչեց ու պաղատեց Աստծուն, որ Նա մահվան դառը բաժակը հեռացնի Իրենից, սակայն անլսելի մնաց, ու ո՛չ միայն չստացավ Իր խնդրանքի պատասխանը, այլև ամենասոսկալի տառապանքին ենթարկվեց, ա՛յն աստիճան, որ Իր կսկծալի ցավերի մեջ ողջ ուժգնությամբ աղաղակեց. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։

Եթե Աստված ձեր կամքի համեմատ չի շարժվում, ապա դա չի նշանակում, որ Նա անգութ բռնակալ է։ Ո՜չ, այլ՝ ընդհակառակը, Նա Սիրո Հայրն է, և եթե Նա չի շնորհում մեզ մեր ուզածը, սակայն տալիս է ձեր երևակայածից ու կարծածից էլ շատ ավելի լավն ու օգտակարը. միայն թե դուք մի՛ դադարեք աղոթելուց։ Մշտապես իմացեք միության կապը պահել ձեր ու Աստծու միջև և մանկան վստահությամբ հավա՛տք ունեցեք Աստծու վրա։

Աղոթեցե՛ք ու մի՛շտ աղոթեցեք, և ավելի նոր ու թարմ հոգեկան ուժ և զորություն կզգաք ձեր տառապանքի ու ցավերի մեջ և կկարողանաք դիմագրավել փորձություններին։ Աղոթեցե՛ք, ո՜վ սիրելի հավատացյալներ, և հոգ չէ, որ աղոթքը ցավերի հետևանքով փոխվի աղաղակի, հոգ չէ, որ այն փոխակերպվի պայքարի, հոգ չէ, որ այն փոխվի համառումի ու, վերջապես, հոգ չէ, որ այն փոխվի լացի ու արցունքի։ Դարձյա՛լ աղոթեք դուք, և Աստված պիտի լսի ձեր աղոթքը։ Աղոթեք այնպե՛ս, ինչպես աղոթեցին Հակոբ նահապետները, Մովսեսները, Սամուելները, Պողոսները, Նարեկացիները, Շնորհալիները. աղոթե՛ք, մինչև որ կարողանաք երկնային օրհնություններն ու շնորհները իջեցնել ձեզ վրա ու ձեր շուրջը։

Աղոթեք այնպե՛ս, ինչպես աղոթեց մեր Փրկիչը, մեր Տերը, մեր Աստվածը։ Աղոթե՛ք, քանի որ աղոթքը ավելացնում է բարեպաշտությունն ու հավատքը ո՛չ միայն ձեզանում, այլև ձեր ընտանիքներում, ձեր եկեղեցիներում ու ամբողջ աշխարհում։ Աղոթե՛ք, քանի որ աղոթքը հոգևոր կյանքի հիմքն է, հավա՛տքն իսկ է, որ ներշնչում է մխիթարություն, հույս և սփոփանք։ Աղոթե՛ք, սիրելի ունկնդիրներ, բարձրացե՛ք լեռները, գնացե՛ք աշխարհի աղմուկից հեռու վայրեր, գնացե՛ք ու ինքներդ ձեզ լո՜ւռ հաղորդակցության մեջ դրեք Աստծու հետ։ Գնացե՛ք կանաչ դաշտերն ու հաստատե՛ք այն խորհրդավոր սանդուղքը, որը Հակոբ Նահապետը տեսավ իր տեսիլքում և որի ծայրը հպվում էր երկնային Աստծու շնորհների գահին։

Թո՜ղ որ ձեր աղոթքները լինեն Հակոբի տեսած հրեշտակների նման, որոնք վեր են ելնում ու Աստծու օրհնություններն առած՝ վար են իջեցնում, օրհնություն՝ լի երկնային գանձերով։ Աղոթե՛ք, և դուք ձեզ ավելի մոտ պիտի զգաք Աստծուն, և հավիտենական, ողորմած Աստված պիտի լսի ձեր ձայնն ու պիտի պատասխանի ձեր հոգու աղաղակներին։ Ամեն։

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում