Նարինե Կռոյան. Խնդրեցեք և կտրվի

Նարինե Կռոյան. Խնդրեցեք և կտրվի

Քաղաքի ծայրամասում տարերայնորեն ձևավորված շուկան վաղուց արդեն բոլորել էր իր ինքնահաստատման փուլը` չունենալով, սակայն, քաղաքային շուկայի կարգավիճակ կամ դրա նման մի բան: Այնուամենայնիվ, շուկան ոչ միայն գոյատևում էր, այլև կենսունակ էր այնքան, որ առուծախի իր ցանցն էր ներառել նաև հին ու ցածրիկ առանձնատներով շրջափակված նեղլիկ ու ծուռումուռ մի քանի փողոց:

Առավոտ-կանուխ սկսվող և մթնշաղի հետ ավարտվող ամենօրյա աղմկոտ առևտուրը` իր բացօթյա գոյությամբ և համապատասխան փտող, հոտող և հոսող հետևանքներով, մաշել էր փողոցների երբեմնի ասֆալտապատ ծածկույթը` այն վերածելով տարբեր չափի «գոգավորությունների» և «բարձունքների» արանքում ձևավորված լաբիրինթոսի: Փողոցների կնճռոտ դեմքի անձավակերպ խորշերում կրծողներն ու միջատները դրախտային մի թաքստոց էին սարքել` միայն իրենց հայտնի ելքերով ու մուտքերով:
Որքան որ շուկան դրախտ էր ամեն տեսակ սողացողի և կրծողի, այնքան դժոխք էր` էժանագին ապրանքի ետևից ստիպված մի տաղավարից մյուսը քայլող-ցատկոտող երկոտանի գնորդի համար, և ոչ ոք այն չէր սիրում:

Շուկան չէր սիրում նաև քաղաքի քաղաքագլուխը: Նրա ամենօրյա քաղաքանպաստ մտորումները, բախվելով շուկայի անճոռնի պատկերին, մոլորվում էին ուղեղի հոգնած, լաբիրինթոսակերպ ծալքերում` տրտմեցնելով սիրտը: Նրանք, ովքեր երկրում քաղաքագլխից ավելի բարձր հասարակական դիրք ու պաշտոն ունեին և որոշում էին ոչ միայն քաղաքագլխի` քաղաքագլուխ լինել-չլինելու հարցը, այլ նաև ուրիշ, ոչ պակաս կարևոր հարցեր, ասֆալտապատման համար քաղաքին չափազանց սուղ միջոցներ էին տրամադրում: Խեղճ քաղաքագլուխը հազիվ կարողանում էր բարեկարգել իր հարազատ փողոցն ու քաղաքում այս ու այն կողմ սփռված իր բազմաթիվ ու բազմազան մեծ ու փոքր հիմնարկներին հարող տարածքները:

Քաղաքապետը տխրում էր: Նրան վշտացնում էր ասֆալտի ամեն տարվա կիսատ-պռատ կարկատաններից սպիապատ փողոցների տեսքն ու այն ճանապարհները, որոնց բախտ չէր էլ վիճակվել տարիներով գոնե այդ կարկատանները տեսնել:

Մի օր շուկան ակոսող փոսորակների միջով ետուառաջ վազվզող աշխարհում անծանոթ մի մուկ հայտնվեց: Նա այնքան երկարիրան ու երկարապոչ էր, որ և պոչը, և իրանը գետնախորշ ու բացօթյա անցուղիներում անպատեհ խցանումներ էին առաջացնում. մերթ ինքն էր փակում սրա-նրա ճանապարհը, մերթ իր երկարավուն պոչն էր մնում անծանոթ մեկի թաթերի կամ փորի տակ` խախտելով հանրային կյանքի ամեն կարգ ու կանոն:
Սովորական երեկոներից մեկն էր, և երկարիրանը շտապում էր` ծխեցրած, նեխած ձկան գլուխը ատամների արանքում, երբ գլխավերևում տարօրինակ սոսափյուն զգաց:

Զարմանալի էր, քանի որ երբևէ չէր մտածել, թե խարխլված փողոցների գետնասույզ աշխարհից բացի ուրիշ աշխարհներ էլ կարող են լինել, և այն էլ վերևում, ուր ոչինչ չկար, ոչ մի հենարան, կառչելու, մագլցելու ոչ մի բան: Երկարիրանը պարզապես վեր ձգեց ձկան գլխով վարագուրված մռութը:

Ագռավ էր, ահռելի, սև ագռավ:

Երկարիրանը միայն հասցրեց տեսնել իր վրա խոյացող նրա մի զույգ բացված մագիլները: Ինչպես ճողոպրեց, ինքն էլ չհասկացավ: Եթե փոսորակի վրա ծառս եղած ասֆալտի հսկայական կտորը չլիներ, ինքն արդեն օդում պիտի լիներ` ագռավի ճիրաններում: Երկարիրանը կափկափող ատամների արանքից ցած գցեց ձկան գարշահոտ գլուխն ու ականջները լարեց: Ագռավը հավանաբար հեռացել էր: Ականջների մեջ միայն սեփական մկնային սրտի զարկերն էին:

Չգիտեր` որքան մնաց փրկարար թաքստոցում:

Ավելի ուշ, երբ լռեցին գրեթե բոլոր ձայները, նա թաց քթիկով հոտոտեց վերևի օդն ու պսպղուն աչքերը չորս արած`սուրաց տուն: Կծկվեց մութ ու հարմարավետ անկյունում և երազեց քնելու մասին: Աչքերը չէին փակվում: Նրանք դեռ ագռավի՝ ակնթարթ առ ակնթարթ մեծացող ճանկերն էին տեսնում` ստիպելով ծանր հոգոց հանել: Վերջապես որոշեց դուրս սողալ:

Դրսում լուսնի կրծոտված սկավառակն էր ու հաճելի, անվտանգ մթությունը: Նստելով ետևի թաթերի վրա` երկարիրանը առջևի թաթերը վեր պարզեց ու հանկարծ սկսեց … աղոթել: Ամեն ինչ այնքան ինքնաբուխ էր, անկեղծ, որ նույնիսկ լաց եղավ: Նա շնորհակալ էր իր մկնային աստծուն այդօրվա հրաշալի փրկության համար: Եթե փողոցը բարեկարգ լիներ, հիմա նա վաղուց ագռավի անճոռնի ձագերի անհագ որկորում կլիներ` խոշտանգված ու անպոչ: Վերջին փաստի արձանագրումը ամենասարսափելին էր. խոշտանգվածը ինչ-որ տեղ ըմբռնելի էր, բայց` անպոչը` նաև ստորացուցիչ:

Նա նորից բարձրացրեց թաթիկներն ու շարունակեց ընդհատված աղոթքը, սակայն հիմա արդեն քաղաքագլխի համար: Չէ, որ նրա շնորհիվ էր, որ ինքը ողջ մնաց, նրա շնորհիվ էր, որ փողոցն այնպիսին էր, ինչպիսին էր: Երկարիրանը խնդրեց, որ մկների աստվածը նրան անսահման հաջողություն բերի և երկար-երկար թողնի քաղաքի գլխի տխուր ու մտահոգ պաշտոնում:

Շուտով նոր օր բացվեց` իր հին ու նոր հոգսերով, և երկարիրանը կամաց-կամաց մոռացավ փորձության այն դժնդակ օրը:

Կամ մկների աստվածն էր լսել երկարիրանի նվիրական աղոթքը, կամ քաղաքապետի նոր ընտրություններն էին պատճառը (չնայած` վերջինը քիչ հավանական է), մի խոսքով, չգիտես ինչպես և որտեղից քաղաքի փողոցներն ասֆալտապատելու համար գումար էր հայտնվել, և ծայրամասային շուկան իր անճոռնի նրբանցքներով (ճիշտ կլիներ ասել` կոպիտանցքերով) արդեն բարեկարգվում էր, իհարկե, քայլող-ցատկոտող երկոտանի շուկայավորների համար, և դրախտն ու դժոխքը փոխում էին իրենց տեղերը:
Կրծող-սողացող ստորգետնյա հասարակությունն անհանգիստ էր, հուսալքված: Տեղահանության ու գաղթի ճանապարհը երկար չէր. դեպի մոտակա հնօրյա առանձնատների նկուղներն ու պատերի քարաթափ ճեղքերը:

Երկարիրանը ևս մյուսների նման քաշվեց դատարկ քարաբներից մեկն ու ճակատագրի դեմ բողոքելն անիմաստ գտնելով` կուչ եկավ:

Մի քանի օրից տեղահանվածները հարմարվեցին ու վերսկսեցին իրենց խաթարված առօրյան:

Արևն արդեն իջնում էր հորիզոնից ներքև, երբ երկարիրանը զեռունների շարժվող, անձև սևության ետևում, հենց փողոցի կենտրոնում այդքան երազած ծխահարված ձկան դեղնափայլ գլուխը տեսավ, ու հաճույքից սիրտը նվաղեց: Հիշեց այն չարաբաստիկ օրը, այդպես էլ չվայելած ավարն ու որոշեց անելիքը:

Զեռունները դժկամությամբ, բայց զիջեցին:

Նեխած ձկան բույրը թմրադեղի պես թուլացրեց մարմինը: Մինչև քարաճեղքը ճանապարհը երկար էր: Առջևի թաթերով բռնեց երանելի ավարն ու ատամները հաճույքով մխրճեց ձկան գլխի մեջ: Իջնող-բարձրացող ծնոտները մերթ բացում, մերթ փակում էին թմրած ականջներն այնպես, որ ծանոթ թևերի սոսափն այս անգամ երկարիրանը չափազանց ուշ լսեց:

Փողոցի կենտրոնում մնաց ճակատագիր դարձած ձկան կծոտված գլուխը և դեպի այն շտապող զեռունների սև շարասյունը:

Գիշերվա հետ ագռավաբնում նիրհող ձագերի կուշտ կտուցներին նայելով` մայր գիշատիչը որոշեց աղոթել իր ագռավային աստծուն հանապազօր թարմ կերակրի և առավելապես` քաղաքագլխի բարօրության համար, որ վերջապես վերջ դրեց շուկան ապականող սողուն-կրծողների անպատիժ խրախճանքին ու թաքստոցներին` հարթեցնելով ստորգետնյա լաբիրինթոսը: Նա վեր պարզեց սևաթույր թևերն ու աղոթեց այնքան ինքնաբուխ, այնքան անկեղծ, որ անգամ անսպիտակուց աչքերը խոնավացան:
Հաջորդ օրը ասֆալտի բույրից հարբած քաղաքը քաղաքագլխի պաշտոնում մի անգամ ևս միահամուռ վերընտրեց իր տխուր ու աստծո պահած քաղաքագլխին: Եվ ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե այս ամենի մեջ մկան աստծո պո՞չն էր խառը, թե՞ ագռավի աստծո կտուցի:

Նոր օրվա հետ շուկայում աշխուժացող եռուզեռի մեջ անհայտ մի ձկնավաճառ նայելով ոտքերի տակ տաքացող ասֆալտին` մեկ այլ անհայտ հաճախորդի խորհրդավոր ասաց.

– Ոնց գցում-բռնում ես` ձուկը գլխից է հոտում, բա… Էնպես որ` եղունգ ունես գլուխդ քորի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում