Աշոտ Ավդալյան. Թռիր, հեռավոր, կարմիր երիվար…

Աշոտ Ավդալյան. Թռիր, հեռավոր, կարմիր երիվար…

Թռիր, հեռավոր, կարմիր երիվար, արևից բարձր,
Եվ մի հավատա, որ ճշմարտության գինը փոխվում է,
Գարուններն իրոք շատ են մոդայիկ ու հակասական,
Աշնան գիշերը լուսնի հեռավոր կույր ազգականն է։

Թռիր, քանի ինձ չի լքել կյանքի պայծառությունը,
Եվ տարիները դեղին են, ինչպես աստծու անունը,
Ինձ համարեցի ամենավերջին արքան երկվության,
Հիմա քո թամբը ոսկի արևն է քո պապից գնված։

Օրերը դառը հիասթափութան էլ չեն սպասում,
Մեզ արքաները լքեցին, և մենք արդեն ճորտեր չենք,
Այլ ազատ մարդիկ , ու Եզովպոսի փառքն ենք հիշում։

Զուր ենք վարանում, պետք է հեռանանք, նայելով երկինք –
Տես, հորիզոնի գլխապտույտը արևը տեսավ,
Լուռ գնաց, ինչպես ստրուկն է տանում Փարավոնի ձին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում